Հրայր Պալեան
ՍիվիլՆեթում հրապարակված իմ նախորդ՝ «Քաղաքացիություն, տրավմա և Սփյուռք․ Հայաստանում բնակության պահանջը՝ համեմատական դիտանկյունից» հոդվածում անդրադարձել էի, թե ինչպես է կառավարության որդեգրած մոտեցումը քաղաքացիության հարցում վերափոխում Հայաստանի պետության և Սփյուռքի հարաբերությունները։ Սակայն քաղաքացիությունը միայն առաջին քայլն է։ Ի՞նչ կարող է իրականում անել արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացին իր քաղաքացիության շնորհիվ։ Իսկ աշխարհասփյուռ հայերի մեծամասնության համար, որոնք Հայաստանի անձնագիր չունեն, պետությունն ընդհանրապես ապահովո՞ւմ է իրենց ձայնը լսելի դարձնելու որևէ հնարավորություն։ Երկու հարցում էլ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարական պրակտիկայի ամենասահմանափակող դիրքերում։
Այս հարցերն այսօր հատկապես հրատապ են, բայց դրանց քննարկումը նաև որոշակի վտանգներ է պարունակում։ Կառավարությունը պատրաստում է նոր Սահմանադրություն, որը պետք է դրվի հանրաքվեի, սակայն դրա նախագիծը դեռ չի հրապարակվել։ Այն մշակվել է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ առանց խորհրդարանական ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ խորհրդակցությունների։
Ավելին՝ Սահմանադրությունը մշակվում է արտաքին ճնշման պայմաններում։ Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, առաջին հերթին՝ նախաբանում 1990-ի Անկախության հռչակագրին հղման վերանայումը, դարձրել է 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման։ Երևանը պնդում է, որ Սահմանադրությունը բացառապես ներքին հարց է։ Սակայն սահմանադրական տեքստը, որի դրույթները մշակվում են հարևան պետության պահանջներին համապատասխան, խախտում է պետության ամենահիմնարար ինքնիշխան իրավունքներից մեկը՝ սեփական սահմանադրական կարգն առանց արտաքին միջամտության որոշելու իրավունքը։
Մի կուսակցության կողմից և արտաքին ճնշման ներքո մշակվող փաստաթուղթը հազիվ թե պատշաճ հիմք լինի վերասահմանելու, թե ով է Հայաստանի քաղաքական համայնքի մաս կազմում։ Մինչդեռ Սփյուռքի ընտրական իրավունքի և ներկայացվածության ցանկացած բարեփոխում հենց այդպիսի վերաիմաստավորում է պահանջում։
366 օրվա կանոնը
2026-ի հուլիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Ընտրական օրենսգրքում՝ սահմանելով, որ քաղաքացին կարող է մասնակցել համապետական ընտրություններին միայն այն դեպքում, եթե նախորդ 730 օրերից առնվազն 366-ը ֆիզիկապես եղել է Հայաստանում։
Բացառություններ են նախատեսված պետական ծառայության նպատակով արտերկրում գտնվելու, դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող ընտանիքի անդամին ուղեկցելու կամ արտասահմանյան համալսարանում ուսումնառության դեպքերի համար։ Սակայն աշխատանքային միգրանտները, վերջերս արտագաղթածները և արտերկրում բնակվող քաղաքացիների մեծամասնությունը նման բացառություններից չեն օգտվում։
Այս սահմանափակումն ավելանում է նախկինում գործող արգելքներին։ Դեսպանատներում և հյուպատոսություններում քվեարկելու հնարավորությունը վերացվել է 2012-ին։ Հետևաբար, արտերկրում բնակվող սովորական քաղաքացիներն առանց այդ էլ կարող էին քվեարկել միայն Հայաստան գալով։
2026-ի հունիսին էլեկտրոնային քվեարկության հնարավորությունն արտերկրում հասանելի էր միայն դիվանագիտական և հյուպատոսական ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների համար։
Բացի այդ, 2015-ի Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել միայն այն անձը, որը նախորդ չորս տարիներին եղել է բացառապես Հայաստանի քաղաքացի և մշտապես բնակվել է Հայաստանում։
Այսպիսով, Սփյուռքում բնակվող Հայաստանի քաղաքացին չի կարող քվեարկել արտերկրից, չի կարող Հայաստան վերադառնալով քվեարկել՝ առանց այստեղ մեկ տարուց ավելի լինելու պահանջը բավարարելու, և չի կարող առաջադրվել խորհրդարանական ընտրություններում։
Նոր կարգավորման պաշտոնական հիմնավորումը դրսից կազմակերպվող զանգվածային քվեարկությունը կանխելն է, մասնավորապես՝ Ռուսաստանից ընտրողներին կազմակերպված տեղափոխելու միջոցով։ Նման մտահոգություններ արտահայտվել են նաև Մոլդովայում և Վրաստանում։ Սպառնալիքը մտացածին չէ։ Սակայն դրա դեմ ընտրված միջոցը չի համապատասխանում եվրոպական չափանիշներով նախատեսված մոտեցումներին։
Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործելակերպի կանոնագիրքը» քաղաքացիների բնակության տևողության հետ կապված պահանջներ թույլատրելի է համարում միայն տեղական կամ տարածքային ընտրությունների դեպքում, այն էլ՝ սովորաբար ոչ ավելի, քան վեց ամսով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետություններին լայն հայեցողություն է վերապահում։ Այն որոշ դեպքերում իրավաչափ է համարել բնակության վայրի հիմքով ընտրական իրավունքի սահմանափակումները և արձանագրել, որ պետությունները պարտավոր չեն արտերկրում քվեարկություն կազմակերպել։ Այդ մոտեցումն արտացոլված է «Հիլբեն ընդդեմ Լիխտենշտեյնի» (1999), «Շինդլերն ընդդեմ Միացյալ Թագավորության» (2013) և «Սիտարոպուլոսը և Ջակոմոպուլոսն ընդդեմ Հունաստանի» (2012) գործերով վճիռներում։
Հայաստանի դեպքի առանձնահատկությունն այլ է։ Սահմանափակման հիմքում ոչ թե բնակության վայրն է, այլ երկրում ֆիզիկապես լինելու տևողությունը։ Ընդ որում՝ դա տարածվում է նաև այն քաղաքացիների վրա, որոնք հատուկ վերադառնում են Հայաստան՝ քվեարկելու նպատակով։ Ես Եվրոպայի խորհրդի որևէ այլ երկրում համապետական ընտրությունների համար ֆիզիկական ներկայության համադրելի պահանջ չեմ գտել։
Հայաստանցի քննադատներն արդեն նշել են, որ օրինագծի հիմնավորման մեջ չի բացատրվում, թե ինչու հենց 366 օրն է ապացուցում Հայաստանի հետ «բավարար կապի» առկայությունը։ Ավելին՝ պաշտոնական տվյալները չեն հաստատում ներկայացվող սպառնալիքի ենթադրյալ մասշտաբները։
Սակայն կառուցվածքային խնդիրն ավելի խորն է։ Օրենքը Սփյուռքը դիտարկում է ոչ թե որպես ընտրողների համայնք, այլ որպես անվտանգության սպառնալիքի աղբյուր։ Որոշակի խմբից բխող վտանգը չեզոքացնելու համար ընտրական իրավունքից զրկվում է քաղաքացիների մի ամբողջ կատեգորիա։
Ավելին՝ այդ սահմանափակումը հարվածում է հենց այն քաղաքացիներին, որոնք Հայաստան են վերադառնում քվեարկելու և այդպիսով դրսևորում են Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու առավել հստակ պատրաստակամություն։
Ինչ են անում մյուս ժողովրդավարությունները
Վերջին երեսուն տարում ժողովրդավարական երկրների մեծ մասը շարժվել է հակառակ ուղղությամբ։
Գոյություն ունի երեք հիմնական մոտեցում։
Առաջին խմբի սակավաթիվ երկրները, որոնց թվում է Հայաստանը, քաղաքացիներից պահանջում են քվեարկության համար ֆիզիկապես լինել երկրի տարածքում։
Երկրների մեծամասնությունը թույլ է տալիս արտերկրից քվեարկել՝ փոստով, հյուպատոսություններում կամ առցանց։ Այդ ձայները հաշվարկվում են երկրի ներսում գործող ընտրատարածքներում կամ համապետական ցուցակներում։
Երրորդ՝ ավելի փոքր խումբն ավելի հեռուն է գնացել։ Մոտ 21 պետություն տարբեր ժամանակներում խորհրդարանում հատուկ տեղեր է հատկացրել արտերկրում բնակվող իր քաղաքացիներին։
Այս փորձից կարելի է երեք հետևություն անել։
Առաջին՝ Սփյուռքին հատկացվող մանդատների բաժինը զգալիորեն փոքր է լինում արտերկրում բնակվող քաղաքացիների տեսակարար կշռից։
Իտալիան արտերկրում ընտրում է ութ պատգամավոր և չորս սենատոր, որոնք միասին կազմում են խորհրդարանի շուրջ 2 տոկոսը։ Սա վերաբերում է միլիոնավոր գրանցված արտագաղթողների։ 2020-ին այդ թվերը կրճատվել են․ նախկինում ընտրվում էին 12 պատգամավոր և վեց սենատոր։
Ֆրանսիան 2012-ից արտերկրում բնակվող քաղաքացիների համար ընտրում է 11 պատգամավոր և 12 սենատոր։
Խորվաթիան 2010-ին Սփյուռքին հատկացվող մանդատների փոփոխական թիվը սահմանափակեց երեքով, երբ պարզ դարձավ, որ այդ մանդատները դարձել էին որոշակի քաղաքական ուժերի համար ընտրական աջակցության կայուն աղբյուր։
Երկրորդ՝ Սփյուռքից ընտրված պատգամավորներն ամենուր ունեն լիարժեք և հավասար մանդատ։
Որևէ խորհրդարան նրանց գործունեությունը չի սահմանափակում բացառապես Սփյուռքին վերաբերող հարցերով և չի պարտադրում ընտրվելուց հետո տեղափոխվել հայրենիք։
Նրանց ազդեցությունը սահմանափակվում է մանդատների քանակով, ոչ թե պատգամավորական լիազորություններով։
Երրորդ՝ թղթի վրա ամրագրված մանդատները քիչ արժեք ունեն, եթե դրանց իրագործման կանոնները գործնականում չեն աշխատում։
Թունիսը 2022-ին արտերկրի համար նախատեսված մանդատների թիվը 18-ից կրճատեց մինչև տասը և սահմանեց թեկնածուների առաջադրման համար աջակցության այնպիսի խիստ պահանջներ, որ տասը ընտրատարածքներից յոթում ընդհանրապես թեկնածու չառաջադրվեց։
Լիբանանը 2017-ին արտերկրում բնակվող քաղաքացիների համար օրենսդրորեն սահմանեց վեց մանդատ, սակայն այդ դրույթը երբեք կյանքի չկոչվեց։
Այնուամենայնիվ, Հայաստանի համար առավել ուշագրավ այլընտրանքային մոդելը Իսրայելինն է։
Իսրայելը Հայաստանին առավել համադրելի պետություն է․ փոքր երկիր, որը անվտանգային մշտական ճնշման ներքո է և որի ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը Սփյուռքն է՝ իր բնակչության հետ համադրելի թվաքանակով։
Իսրայելն արտերկրում բնակվող իր քաղաքացիներին հեռակա քվեարկության հնարավորություն չի տալիս։ Սակայն նրանց նկատմամբ երկրում լինելու տևողության որևէ պահանջ նույնպես չի սահմանում։ Ընտրության օրը երկրում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել։
2026-ի հոկտեմբերի 27-ի Քնեսեթի ընտրություններին մոտ 67,000 իսրայելցի օդանավով վերադարձավ հայրենիք՝ քվեարկելու։ Քաղաքական ճամբարներից մեկն էլ բացահայտ կազմակերպում էր նրանց տեղափոխությունը։
Իսրայելում դա դիտարկվեց որպես ընտրություններին օրինական մասնակցություն, այլ ոչ թե սպառնալիք, որը պետք է վերացնել օրենսդրական սահմանափակումներով։
Ավելի կարևոր է, որ Իսրայելը միայն իր տարածքում քվեարկելու սկզբունքը համադրում է Սփյուռքի ազդեցիկ ինստիտուտների գոյության հետ։
1952-ի Կարգավիճակի մասին օրենքի համաձայն՝ Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը և Հրեական գործակալությունը ներգաղթի, հայրենադարձների ինտեգրման ու բնակեցման ոլորտներում գործում են որպես գրեթե պետական կառույցներ։
Դրանց ղեկավար մարմինը՝ Համաշխարհային սիոնիստական կոնգրեսը, ընտրվում է Սփյուռքի հրեաների կողմից, և քվեարկելու համար Իսրայելի քաղաքացիություն ունենալը պարտադիր չէ։
2025-ին կայացած 39-րդ կոնգրեսն ուներ 775 պատվիրակ։ Միայն Միացյալ Նահանգներում հաշվարկվել է շուրջ 225,000 վավեր քվե։ Կոնգրեսի վերահսկողության տակ գտնվող կառույցների տարեկան ծախսերը կազմում են մոտ մեկ միլիարդ դոլար։
Իհարկե, այս մոդելն ունի նաև լուրջ խնդիրներ՝ կուսակցական վերահսկողության վտանգ, ընտրական կեղծիքներ (2025-ին Միացյալ Նահանգներում անվավեր է ճանաչվել գրեթե 19,000 քվե), ինչպես նաև քննադատություններ այն առնչությամբ, որ էթնիկ հիմքով գործող կառույցը ներգրավված է պետական գործառույթներում։
Այնուամենայնիվ, այս օրինակը ցույց է տալիս, որ ընտրական իրավունքը բացառապես պետության տարածքում իրացնելու սկզբունքը կարող է համատեղվել Սփյուռքի ընտրված և ինստիտուցիոնալ ազդեցիկ ներկայացվածության հետ։
Ակտիվ, բայց ձայնից զրկված Սփյուռք
Այս մոդելների համեմատությամբ Հայաստանի իրավիճակը խիստ սահմանափակ է։
Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացած համակարգերը սովորաբար ունեն երեք մակարդակ՝ խորհրդարանում լիարժեք մանդատներով մի քանի պատգամավոր, ընտրված խորհրդակցական ժողով և գործադիր մարմին։
Հայաստանում առկա է միայն վերջինը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ իր նշանակովի, չվարձատրվող՝ տարբեր երկրներում գործող հանձնակատարներով և ծրագրերով։
Ընտրված խորհրդակցական մարմին գոյություն չունի։
Ժամանակ առ ժամանակ համահայկական համաժողովներ են կազմակերպվել, սակայն դրանց մասնակիցները չեն ընտրվում, իսկ այդ համաժողովները չունեն կառավարության կամ խորհրդարանի կողմից իրենց դիրքորոշումը լսելի դարձնելու հստակ ամրագրված իրավունք։
Չկա նաև խորհրդարանական ներկայացվածություն։
Հայաստանում բացակայում են Իսրայելի օրինակով գործող անդրազգային ընտրովի կառույցները, թեև դրանց ստեղծման համար արդեն գոյություն ունեն անհրաժեշտ հիմքեր՝ անդրազգային հայկական կուսակցություններ, եկեղեցական կառույցներ, այլ հաստատություններ և հիմնադրամներ։
Իսրայելը քվեարկությունը պահում է իր տարածքում, բայց չի սահմանափակում քաղաքացիների վերադարձը։ Յուրաքանչյուր հրեա կարող է ներգաղթել և քաղաքացիություն ստանալ առանց սահմանափակումների։ Միաժամանակ Սփյուռքին տրամադրվում է ընտրված ներկայացուցչական մարմնի միջոցով ազդեցություն ունենալու հնարավորություն։
Հայաստանը երկու հարցում էլ հակառակ ուղղությամբ է շարժվում։
Այն փաստացի սահմանափակում է վերադարձողների ընտրական իրավունքները, քաղաքացիություն ստանալն ավելի բարդ է դարձնում առաջարկվող նոր կանոններով և Սփյուռքին ընդհանրապես չի տրամադրում ընտրովի ներկայացվածության որևէ մեխանիզմ։
Կա ևս մեկ կարևոր հանգամանք․ արտերկրում բնակվող հայերի մեծամասնությունը Հայաստանի քաղաքացի չէ։
Նույնիսկ արտերկրից քվեարկության ամենաազատական համակարգը կներառեր միայն քաղաքացիություն ունեցողներին՝ հիմնականում Հայաստանից վերջերս արտագաղթածներին և Ռուսաստանում, Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում աշխատող միգրանտներին։
Այն չէր ընդգրկի Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևմտյան Եվրոպայի պատմական հայկական համայնքները։
Արդյունքում ձևավորվել է Սփյուռք, որն ակտիվ է, ունի ռեսուրսներ և ներգրավված է քաղաքական կյանքում, սակայն չունի իր ձայնը պաշտոնապես լսելի դարձնելու ինստիտուցիոնալ հնարավորություն։
Սա չի նշանակում, որ Սփյուռքը դադարում է ազդեցություն ունենալուց։ Ընդհակառակը՝ նրա ազդեցությունը տեղափոխվում է ոչ պաշտոնական դաշտ՝ ֆինանսավորում, լոբբինգ, լրատվամիջոցներ և կուսակցություններ։
Պետությունը, որը մտահոգված է իր քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վտանգով, պետք է շահագրգռված լինի ճիշտ հակառակով։
Ի՞նչ կարելի է անել․ քայլերի հաջորդականություն
Ստորև ներկայացվող տարբերակները սկսվում են գործող ընտրական սահմանափակման տրամաբանությունը մասամբ ընդունող փոփոխություններից և հասնում մինչև այդ մոտեցումն ամբողջությամբ վերանայող լուծումներ։
Դրանք միմյանց չեն բացառում։ Առավել արդյունավետ տարբերակը մի քանի միջոցների համադրումն է։
Յուրաքանչյուր առաջարկ պետք է գնահատել չորս չափանիշով՝ իրավական իրականացման եղանակ, ներկայիս Ազգային ժողովում քաղաքական իրագործելիություն, արտաքին միջամտության ռիսկի վրա ազդեցություն և քաղաքական մասնակցության ընդլայնում։
Անհապաղ քայլեր․ վերանայել և մեղմել սահմանափակումը
Առաջին քայլը գործող կանոնի իրավաչափության և հիմնավորվածության գնահատումն է։
Դրա համար ընդունված ճանապարհը Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ստանալն է, քանի որ հանձնաժողովի չափանիշները չեն խրախուսում համապետական ընտրությունների համար բնակության տևողության պահանջներ սահմանելը։
Օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու կոչեր արդեն հնչել են։
Միաժամանակ կարելի է նվազեցնել սահմանափակման կողմնակի բացասական հետևանքները։
Օրինակ՝ նախատեսել բացառություններ փաստաթղթերով հաստատված աշխատանքային միգրանտների համար, արտագաղթից հետո մի քանի տարի պահպանել քվեարկելու իրավունքը, ընդլայնել բացառություններն ուսանողների համար ։
Կարելի է նաև սահմանել, որ օրենքի գործողությունը դադարեցվում է հաջորդ համապետական ընտրություններից հետո, եթե Ազգային ժողովը հատուկ որոշմամբ այն չերկարաձգի։
Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի՝ հեռակա քվեարկությունը սահմանափակ շրջանակի քաղաքացիների համար թույլատրելու վերաբերյալ առաջարկը կարող է կիրառելի օրինակ լինել անվտանգության հարցերի նկատմամբ զգայուն պետության համար։
Իրական սպառնալիքին՝ ընտրողների կազմակերպված և վճարովի տեղափոխմանը, կարելի է հակազդել քրեաիրավական և ֆինանսավորման վերահսկողության նպատակային մեխանիզմներով, ոչ թե քաղաքացիների ամբողջ խմբերին ընտրական իրավունքից զրկելով։
Լայն խորհրդակցություններից հետո․ Սփյուռքի ընտրված խորհուրդ
Հաջորդ քայլը կարող է լինել Հայկական սփյուռքի ընտրված խորհրդի ստեղծումը սովորական օրենքով։ Դրա մանրամասները պետք է մշակվեն շահագրգիռ կողմերի հետ իրական խորհրդակցությունների միջոցով։
Հնարավոր է առնվազն երկու տարբերակ։
Առաջինը զուտ խորհրդակցական մարմինն է, որը միայն առաջարկություններ և կարծիքներ է ներկայացնում։
Երկրորդը՝ օրենքով սահմանված որոշակի գործառույթներով օժտված մարմինը։ Ես նախընտրում եմ այս տարբերակը։
Խորհրդի ընտրություններին պետք է կարողանա մասնակցել յուրաքանչյուր չափահաս հայ, որը կգրանցվի համապատասխան ընթացակարգով՝ անկախ Հայաստանի քաղաքացիություն ունենալուց։
Սա միակ տարբերակն է, որը հնարավորություն կտա ներգրավել նաև Սփյուռքի՝ Հայաստանի քաղաքացիություն չունեցող մեծամասնությանը։
Խորհրդին պետք է ներկայացվեն քաղաքացիության, հայրենադարձության, Սփյուռքի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ օրենսդրական նախագծերը։
Այն պետք է պարտադիր կարծիք ներկայացնելու հնարավորություն ունենա, իսկ այդ կարծիքները պետք է հրապարակվեն։
Առաջին իսկ ընտրություններից սկսած անհրաժեշտ է ստեղծել ընտրությունների օրինականությունն ու վստահելիությունն ապահովող լուրջ մեխանիզմներ։
Եթե սկզբնական փուլում ընտրվի զուտ խորհրդակցական մարմնի տարբերակը, դրա իրավական կառուցվածքը պետք է թույլ տա հետագայում ընդլայնել լիազորությունները և ստանձնել օրենքով սահմանված գործառույթներ՝ Իսրայելի օրինակով։
Սփյուռքի համար նախատեսված խորհրդարանական մանդատներ
Հաջորդ քայլը կարող է լինել Սփյուռքի համար խորհրդարանում սահմանափակ թվով, աշխարհագրական սկզբունքով բաշխված մանդատների նախատեսումը։
Երեք կամ չորս մանդատը կհամապատասխաներ եվրոպական պրակտիկային։
Դրանք պետք է ընտրվեն աշխարհագրական գոտիներից, որոնք կբացառեն Սփյուռքի որևէ մեկ բնակության երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի, գերիշխող ազդեցությունը։
Սփյուռքից առաջադրվող թեկնածուների համար անհրաժեշտ կլինի բացառություն սահմանել չորս տարի բացառապես Հայաստանի քաղաքացի լինելու պահանջից։
Սակայն այս վերջին քայլը մեզ վերադարձնում է սկզբնական խնդրին։
Սփյուռքի համար հատուկ խորհրդարանական մանդատների ստեղծումը և ընտրական իրավունքի վերասահմանումը պետք է ամրագրվեն նոր Սահմանադրությամբ, որը մշակված կլինի բաց գործընթացի միջոցով, ընդդիմության մասնակցությամբ և արտաքին պարտադրանքից զերծ պայմաններում։
Ներկայիս սահմանադրական գործընթացը չի բավարարում այդ պայմաններից ոչ մեկը։
Քանի դեռ դա չի փոխվել, Հայաստանի քաղաքական համակարգում Սփյուռքի տեղն ու դերը չպետք է որոշվեն թերի սահմանադրական գործընթացի շրջանակում։
…
Հրայր Պալեանը հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության մասնագետ է՝ հակամարտության գոտիներում միջնորդության և երկխոսության գործընթացներում բազմամյա փորձով։ Նա «Անավարտ խաղաղություն։ Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները» գրքի հեղինակն է։
Հրայր Պալեան











