Գլխավոր Լրահոս

Դիլիջանում ճոպանուղու կառուցման հարցը կներկայացվի հաստատման. Անուշիկ Ավետյան

Դիլիջանում ճոպանուղու կառուցման հարցը կներկայացվի հաստատման. Անուշիկ Ավետյան

Կառավարությունը քննարկում են Դիլիջանում ճոպանուղու կառուցման հնարավորությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրի շրջանակում։ Նախագիծն առաջիկայում կներկայացվի հաստատման, «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում հայտնեց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

«Այս պահին քննարկում ենք մի քանի կարևոր ճանապարհային ենթակառուցվածքներ։ Դիլիջան քաղաքի համար ճոպանուղու կառուցման հարցն ենք առաջիկայում (ՀԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի) խորհրդի հաստատմանը ներկայացնելու»,- ասաց Ավետյանը։

Նրա խոսքով՝ ճոպանուղին պետք է կապի քաղաքի երկու հատվածները, իսկ վերջնակետում նախատեսվում է զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հյուրանոցներ և ռեստորաններ։ Նախագծի մանրամասները, սակայն, դեռ վերջնականացված չեն և կհրապարակվեն համապատասխան հաստատումից հետո։

Դիլիջանի ճոպանուղու կառուցումը դիտարկվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 120,5 մլն եվրո է, որից 96,4 մլն-ը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկն է, իսկ 24,1 մլն-ը՝ Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը։

Ծրագիրը նախատեսում է յոթ զբոսաշրջային կլաստերների զարգացում Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում, Արենիում և Եղեգիսում։ Ներդրումներն ուղղվելու են ճանապարհների և զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, պատմամշակութային վայրերի զարգացմանն ու մասնավոր ներդրումների խթանմանը։

Համաշխարհային բանկի ծրագրային փաստաթղթերում Դիլիջանի հնարավոր ներդրումներից մեկը քաղաքի կենտրոնը Թախտա թաղամասին կապող ճոպանուղին է։ Նախագծի նպատակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության բարձրացումն է, այլև քաղաքի տարբեր հատվածների միջև հաղորդակցության բարելավումն ու երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցումը։

Ավետյանի խոսքով՝ զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագրերն այժմ մշակման փուլում են։ Նախատեսվում է 2027-ի մարտ-ապրիլին հաստատված ունենալ հինգ կլաստերի զարգացման նախագծերը, իսկ ևս երկուսինը՝ նույն տարվա սեպտեմբերին։ Դրանից հետո կմեկնարկեն համապատասխան շինարարական աշխատանքները։

Բացի Դիլիջանից, աշխատանքներ են նախատեսվում նաև Դվինի հնավայրում։ Այնտեղ քննարկվում են հնավայրի վերականգնման, թանգարանային հատվածի և հնագետների համար կեցավայրի ստեղծման ծրագրերը։

«Թե կոնկրետ ամեն կլաստերում ինչ է արվելու, այդ հարցի պատասխանը կունենանք, երբ (մրցույթով ընտրվելիք խորհրդատվական) ընկերությունն արդեն կսկսի աշխատել»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2030-ի օգոստոսի 31-ը։ Ավետյանը հույս հայտնեց, որ աշխատանքները կհաջողվի իրականացնել սահմանված ժամկետում՝ առանց երկարաձգման անհրաժեշտության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում