Գլխավոր Լրահոս

TRIPP-ը Հարավային Կովկասում առաջ է մղում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը․ դեսպան

TRIPP-ը Հարավային Կովկասում առաջ է մղում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը․ դեսպան

TRIPP նախագիծը նոր առևտրային հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների համար և առաջ է մղում Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում։

«Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ են վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Միացյալ Նահանգների համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը»,- ասել է Ալենը։

Ամերիկացի դիվանագետը տարածաշրջանային առևտրային կապերի զարգացումը ներկայացրել է նաև որպես երկրների միջև հակամարտությունների հավանականությունը նվազեցնելու միջոց։

«Միացյալ Նահանգները համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու։ Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում․ դրանք վստահություն են փոխադրում»,- հայտարարել է նա։

Ալենը ելույթ է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի՝ տարածաշրջանային կապակցվածությանը նվիրված քննարկման ընթացքում։

Նոյեմբերի 7-ին Հայաստանը, Միացյալ Նահանգները և Ադրբեջանը հայտարարել են TRIPP-ի իրականացման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկի մասին։

Երեք երկրների համատեղ հայտարարության համաձայն՝ առաջին երկու խմբերը զբաղվելու են տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Դրանց նպատակն է լուծել նախագծի իրականացման տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ ապահովել կապը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայներով վավերացրել էր TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքով բազմամոդալ տարանցիկ հաղորդակցության ապահովում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Տրանսկասպյան առևտրային երթուղու զարգացում։ Նախագիծը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքներ։

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանում ստեղծել «TRIPP-ի զարգացման ընկերություն», որում ամերիկյան կողմը կունենա բաժնեմասերի 74, իսկ Հայաստանը՝ 26 տոկոսը։ Նախնական ժամկետը 49 տարի է։ Այն ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է ավելացնել մինչև 49 տոկոս։ Ընկերության ստեղծման համար անհրաժեշտ են նաև կանոնադրության և բաժնետերերի համաձայնագրի հաստատումը։

Փաստաթղթով ամրագրված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանումը նախագծի իրականացման տարածքներում։

TRIPP-ի քաղաքական հիմքում 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրն է, որի ստորագրմանը որպես վկա մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հայաստանի իշխանությունները նախագիծը ներկայացնում են որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական զարգացման հնարավորություն։ Ընդդիմադիրները, մինչդեռ, հարցեր են բարձրացրել ծրագրի կառավարման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների և բեռների փոխադրումների փոխադարձ պայմանների վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում