Հայաստանի հասարակության զգալի մասը տեղյակ չէ Սահմանադրության փոփոխության գործընթացից, և ընդդիմադիր ուժերի սկսած իրազեկման ակցիաների նպատակն այդ մասին քաղաքացիներին տեղեկացնելն ու նրանց աջակցությունն ապահովելն է։ Այս մասին նոյեմբերի 9-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մարդիկ չգիտեն, որ Ալիևի պահանջով ուզում են սահմանադրություն փոխել»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների հետ հանդիպումները ցույց են տվել, որ հանրության մեծ մասը տեղեկացված չէ սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներից։ Նա նշել է, որ փոփոխությունների մասին տեղեկացող քաղաքացիները դեմ են արտահայտվում դրանց։
Ընդդիմադիր պատգամավորը կարևորել է հանրության աջակցությունը՝ նշելով, որ խորհրդարանում իրենց քայլերը կանեն, սակայն իշխանությունների հետագա գործողություններին հակազդելու համար անհրաժեշտ է նաև քաղաքացիների մասնակցությունը։
«Խորհրդարանում մենք մերը կանենք»,- հայտարարել է նա։
Նոյեմբերի 8-ին մի շարք ընդդիմադիր ուժեր Երևանում սկսել են իրազեկման ակցիաներ՝ ընդդեմ Սահմանադրության փոփոխության։
Նոյեմբերի 9-ի ճեպազրույցում Կարապետյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունը չպետք է որոշվի միայն իշխանությունների կամ ընդդիմության կողմից։ Նրա կարծիքով՝ նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է հասարակական լայն համաձայնություն, որը ներկայում չկա։
«Դա ոչ ընդդիմության, ոչ իշխանության հարցն է, չի կարող իշխանության մի քանի անձ գնա և գրի սահմանադրություն, ասի՝ ընտրեք»,- ասել է նա։
Կարապետյանը պնդել է, որ հասարակության պառակտվածության պայմաններում սահմանադրական փոփոխություններ իրականացնելը նպատակահարմար չէ։
«Այսօր այնքան պառակտված է մեր հանրությունը, որ սահմանադրական փոփոխությունները տրամաբանական չեն այս պահին»,- հայտարարել է նա։
Նա կարևորել է 1991-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն ինքն է որոշել իր անկախությունը և պետք է ինքնուրույն որոշի նաև երկրի Սահմանադրության բովանդակությունը։
Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ Կարապետյանն այն բնութագրել է որպես Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթ։ Նա քննադատել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի համատեքստում դրա վերաբերյալ քննարկումները՝ պնդելով, որ այլ պետությունը չպետք է որոշի Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև կասկածի տակ է դրել սահմանադրական փոփոխությունների միջոցով կայուն խաղաղություն ապահովելու հնարավորությունը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում Սահմանադրության փոփոխության պահանջ չկա։ Կարապետյանը հարց է բարձրացրել, թե ինչ երաշխիք կա, որ համաձայնագրից դուրս լրացուցիչ պահանջները կատարելու դեպքում Ադրբեջանը հետագայում նոր պահանջներ չի ներկայացնի։
Նոյեմբերի 4-ին 13 ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարել էին համազգային համախմբման ձևավորման մասին։ Նրանց առաջնային նպատակներից է, իրենց ձևակերպմամբ, «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը»։ Համատեղ հայտարարության մյուս նպատակներն են խաղաղության հաստատումն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության ու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը և ժողովրդավարական ազատությունների վերականգնումը։
Սահմանադրության փոփոխության շուրջ տարաձայնությունները կապված են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ։ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է իր նկատմամբ տարածքային պահանջի արտահայտություն և դրա փոփոխությունը կապում խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։
Հայաստանի իշխանությունները պնդում են, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է։
Սահմանադրության փոփոխության հարցում իշխանության և ընդդիմության տարաձայնությունների պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե ընդդիմությանը չհաջողվի համոզել աջակցել նոր Սահմանադրության ընդունմանը։
Նոյեմբերի 7-ին վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն չի պահանջում, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում պատրաստ չէ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
Միաժամանակ Հայաստանում շարունակվում է նոր Սահմանադրության նախագծի մշակումը։ Նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտնել էր, որ նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները։
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ՝ անհրաժեշտ 70-ից վեցով պակաս։ Խորհրդարանական ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նախկինում հայտարարել են, որ չեն աջակցելու իշխանության նախաձեռնությանը։












