Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, սակայն մինչև տարեվերջ դրա հանրային լայն քննարկումներն ավարտելը քիչ հավանական է։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկվել է նախագծի ավելի քան 90 տոկոսը, հնարավոր է՝ 95 տոկոսից ավելին։ Գալյանը հույս է հայտնել, որ մինչև հրապարակումը կհասցնեն խորհրդի ևս մեկ նիստ անցկացնել։ Նա չի բացառել, որ նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսին, սակայն կոնկրետ օր չի նշել։
Անդրադառնալով ժամկետներին՝ Գալյանը պնդել է, որ տեքստը պատրաստ էր դեռ մարտին, ինչպես ինքն ավելի վաղ հայտարարել էր, սակայն հետաձգվել էր դրա հրապարակումը։ Այդ ընթացքում, ըստ նախարարի, շարունակվել են նախագծի լավարկման քննարկումները։
Գալյանը պարզաբանել է, որ հրապարակվելու է նախագիծ, որը կտեղադրվի համապատասխան կայքում, որից հետո կսկսվեն հանրային լայն քննարկումներ՝ քաղաքացիների և մասնագիտական հանրության մասնակցությամբ։
«Ես հնարավոր չեմ համարում, որ մինչև տարեվերջ մենք հասցնենք այդչափ լայն քննարկումներ իրականացնել»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ նպատակը հնարավորինս համաձայնեցված նախագիծ ունենալն է, որը հետագայում կառաջարկվի դնել հանրաքվեի։
Նոր Սահմանադրության հրապարակմանը զուգահեռ ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն արշավ են սկսել դրա ընդունման դեմ։ Նոյեմբերի 4-ին «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական, Հայ ազգային կոնգրես և այլ քաղաքական ուժեր համատեղ հայտարարությամբ ազդարարել էին իրենց համախմբումը՝ առաջնահերթություններից մեկը համարելով, իրենց ձևակերպմամբ, «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը»։
Նոյեմբերի 8-ին ընդդիմադիրները Երևանում սկսել են իրազեկման ակցիաներ։ Դրանց մասնակիցները քաղաքացիների հետ հանդիպումներ են անցկացրել մետրոյի կայարաններում և փողոցներում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ նպատակն է հանրությանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հնարավոր վտանգները։ Ընդդիմադիրները պնդում են, որ փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։
Անդրադառնալով դեռ չհրապարակված նախագծի դեմ արտահայտվողներին՝ Գալյանը հարց է բարձրացրել, թե ընդդիմությունն ինչն է մերժում, եթե դեռ ծանոթ չէ նախագծի բովանդակությանը։ Նախարարը քաղաքացիներին կոչ է արել հրապարակվելուց հետո քննադատաբար մոտենալ տեքստին և ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտարկումները։
Սահմանադրության հարցը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի տարաձայնություններից մեկը։ Բաքուն Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Հայկական կողմը պնդում է, որ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում։
Նոյեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն չի պահանջում, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում չի ցանկանում ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Վարչապետը միաժամանակ ընդգծել էր, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։











