Գլխավոր Լրահոս

Ղազախստանի հետ երկաթուղու կոնցեսիան փոխանցելու հարց չեմ քննարկել․ Մհեր Գրիգորյան

Ղազախստանի հետ երկաթուղու կոնցեսիան փոխանցելու հարց չեմ քննարկել․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը չի քննարկվել այդ երկրի փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես նման հարց չեմ քննարկել»,- ասել է Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային ընդունել էր նոյեմբերի 6-ին Երևանում։

Փոխվարչապետի խոսքով՝ հանդիպմանը հիմնականում քննարկվել են միջազգային լոգիստիկ հնարավորությունները և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումը։

«Ես Ղազախստանի գործընկերոջս հետ ավելի շատ քննարկել եմ գլոբալ լոգիստիկ հնարավորությունները, որովհետև, ի վերջո, ենթակառուցվածքային զարգացումները մեր Հայաստանի ենթադրում են ավելի մեծ կապակցվածություն»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ Չինաստանից հետո Ղազախստանն այն երկիրն է, որով, ամենայն հավանականությամբ, տարանցիկ փոխադրումներ են իրականացվելու։

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008-ից գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո։ Այն կառավարում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին»։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր Ռուսաստանի համաձայնությամբ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Որպես հնարավոր տարբերակ նա նշել էր Ղազախստանը։

Օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կառավարման պատճառով Հայաստանը կարող է կորցնել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը՝ մատնանշելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Նա ռուսական կողմին առաջարկել էր կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել երրորդ երկրի։

Հոկտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին։ Հանդիպման արդյունքներով որոշվել էր ստեղծել հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու համար։

Հոկտեմբերի 15-ին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբը ստեղծվել է։ Այն երեք ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրի առկա խնդիրները, գտնի դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը։

Փաշինյանի խոսքով՝ աշխատանքային խումբը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք անհրաժեշտ ներդրումներ կատարել Հայաստանի երկաթուղային համակարգում՝ այն արդիականացնելու և մրցունակ դարձնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում