Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Կառավարության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը ողջունել է Փաշինյանի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին։ Մակրոնը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը։
Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումներին։
Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և ընթացող գործընթացների շուրջ։












