Եղեգնաձորի համայնքապետ է վերընտրվել «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանը՝ նոյեմբերի 11-ին նորընտիր ավագանու առաջին նիստում ստանալով 14 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացել է 13 ձայն։
Հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՔՊ-ն ստացել էր 7382 ձայն կամ 48,06 տոկոս, իսկ «Հանրապետությունը»՝ 7197 ձայն կամ 46,86 տոկոս։ Չնայած իշխող կուսակցությունը 185 ձայնով առաջ էր անցել, երկու ուժերն էլ ստացել էին ավագանու 27 մանդատներից 13-ականը։
Երրորդ ուժը՝ «Նոր դարաշրջան» կուսակցությունը, ստացել էր 779 ձայն կամ 5,07 տոկոս՝ ապահովելով մեկ մանդատ։ Այդ մանդատը վճռորոշ նշանակություն ուներ համայնքապետի ընտրության համար, քանի որ երկու հիմնական ուժերից ոչ մեկը չուներ ընտրվելու համար անհրաժեշտ 14 ձայնը։
«Նոր դարաշրջանի» ցուցակը գլխավորում էր Մարտին Հարությունյանը։ Կուսակցությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմում։ Կուսակցության նախագահը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն է։
Դավիթ Հարությունյանը Եղեգնաձորը ղեկավարում է 2012-ից։ 2021-ի ՏԻՄ ընտրություններին նա մասնակցել էր իր անունը կրող դաշինքով, որի կազմում էին «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։ Այս անգամ Հարությունյանը գլխավորում էր «Հանրապետության» ցուցակը։
Հուսիկ Սահակյանը նախկին Արենի համայնքի ղեկավարն էր։ 2026-ին իրականացված խոշորացման արդյունքում Արենի և Եղեգիս համայնքները միավորվել են Եղեգնաձորին։












