Հայաստանում հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3 տոկոս՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3 տոկոս նպատակային ցուցանիշը։ ԿԲ խորհուրդը վերջին երկու նիստերում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը տոկոսադրույքը բարձրացնելու որոշում է կայացրել, քանի որ գնաճային բնույթի՝ Ա տիպի ռիսկերը գերակշռում են Բ տիպի ռիսկերին։
«Այս պահի դրությամբ մեր տոկոսադրույքը բարձրացվել է կեսով՝ 7%-ի։ Ու մեր գնահատմամբ՝ մեր քայլերը համարժեք են ստեղծված իրավիճակին, ու Կենտրոնական բանկի խորհուրդը իր քայլերով շարունակելու է անել այնպես, որ մենք միջնաժամկետ հատվածում ունենանք գնաճի 3% մակարդակ»,- ասել է Գալստյանը։
Կենտրոնական բանկը նոյեմբերի 3-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7 տոկոս։ Նախորդ բարձրացումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին, երբ տոկոսադրույքը 6,5-ից հասել էր 6,75 տոկոսի։ Այսպիսով, երկու որոշումների արդյունքում տոկոսադրույքը բարձրացել է ընդհանուր 0,5 տոկոսային կետով։
Անդրադառնալով դրամի հնարավոր արժևորմանը և դրա՝ 2027 թվականի բյուջեի վրա ազդեցությանը՝ ԿԲ նախագահը հայտարարել է, որ Կենտրոնական բանկը փոխարժեքի կանխատեսումներ չի անում։
«Փոխարժեքի կանխատեսում Կենտրոնական բանկը որևէ պարագայում չի անում»,- ասել է Գալստյանը։
Նա բացատրել է, որ դրամի արժևորումը պայմանավորված է արտարժույթի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։ Երբ դոլարի առաջարկը գերազանցում է պահանջարկը, դրամն արժևորվում է։
Գալստյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԿԲ-ն բավականին մեծ ծավալով արտարժութային միջամտություններ է իրականացրել՝ արժութային շուկայում առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությունը մեղմելու համար։
ԿԲ նախագահն ընդգծել է, որ այդ միջամտությունների նպատակը շուկայում անհավասարակշռությունը նվազեցնելն է, ոչ թե դրամի փոխարժեքի որոշակի մակարդակ սահմանելը կամ պահպանելը։











