Գլխավոր Լրահոս

Իսպանիայում համընդհանուր գործադուլ է՝ բնակարանների թանկացման և կենսապահովման ծախսերի աճի դեմ

Իսպանիայում համընդհանուր գործադուլ է՝ բնակարանների թանկացման և կենսապահովման ծախսերի աճի դեմ

Իսպանիայում նոյեմբերի 11-ին սկսվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների բարձր գների, աշխատավարձերի և կենսապահովման ծախսերի աճի դեմ։ Խափանվել է տրանսպորտի, նավահանգիստների և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Մի շարք քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, կան տուժածներ և ձերբակալվածներ։

Սա վերջին 14 տարվա առաջին համընդհանուր գործադուլն է, որին համատեղ աջակցում են Իսպանիայի երկու խոշորագույն արհմիությունները՝ UGT-ն և CCOO-ն։ Նրանց միացել են այլ արհմիություններ և վարձակալների իրավունքների պաշտպանության կազմակերպություններ։ 24-ժամյա գործադուլը սկսվել է կեսգիշերին։

Գործադուլի կազմակերպիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, ընդլայնել մատչելի բնակարանների առաջարկը, սահմանափակել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաները և ամրապնդել վարձակալների իրավունքների պաշտպանությունը։

Մադրիդում ցուցարարները փակել են մի շարք ճանապարհներ և տրանսպորտային հանգույցների մուտքերը։ Mercamadrid մեծածախ շուկայի մոտ ոստիկանության միջամտությունից հետո, CCOO արհմիության տվյալներով, 13 մարդ բուժօգնության կարիք է ունեցել, մեկը ձերբակալվել է։ Արհմիությունը ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների նկատմամբ պղպեղային գազ կիրառելու մեջ։

Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մինչև առավոտյան ժամը 8։00-ն տարբեր քաղաքներում արձանագրվել էր առնվազն 14 ձերբակալություն։

Գործադուլն ազդել է նաև օդային հաղորդակցության վրա։ Օդանավակայանների օպերատոր Aena-ի տվյալներով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 10։00-ն չեղարկվել էր 234 չվերթ՝ օրվա համար նախատեսված 4529-ի շուրջ 5,2 տոկոսը։

Renfe պետական երկաթուղային ընկերության տվյալներով՝ մինչև ժամը 11։00-ն չեղարկվել էր արագընթաց և հեռավոր երթուղիների գնացքների 24 տոկոսը։ Ընկերության աշխատակիցների շրջանում գործադուլին մասնակցությունը գիշերային և առավոտյան հերթափոխերում կազմել էր 6,83 տոկոս։

Արհմիությունների նախնական գնահատականներով՝ գործադուլին մասնակցությունը նավահանգիստներում և ավտոմոբիլաշինության ոլորտում հասել է 90 տոկոսի։ Գործատուների CEOE միավորումը, սակայն, հայտարարել է, որ ոլորտների մեծ մասում մասնակցությունը ցածր է։ Կողմերի տվյալները զգալիորեն տարբերվում են։

Բողոքի պատճառը՝ բնակարանային ճգնաժամը

Ըստ Reuters-ի՝ Իսպանիայում բնակարանների պակասը գնահատվում է շուրջ 750 հազար միավոր։ Կենտրոնական բանկի գնահատականներով՝ մինչև 2028-ը այդ թիվը կարող է գերազանցել մեկ մլն-ը։

Բնակարանների վարձակալության բարձր գները հատկապես ծանր են անդրադառնում երիտասարդների վրա։ Իսպանիայի երիտասարդական խորհրդի տվյալներով՝ միջին ամսական վարձավճարը հասնում է 1176 եվրոյի՝ կազմելով երիտասարդների միջին ամսական աշխատավարձի գրեթե 99 տոկոսը։

Համընդհանուր գործադուլին նախորդել էր նոյեմբերի 10-ի երկաթուղայինների առանձին գործադուլը։ Մեքենավարները պահանջում էին բարձրացնել երկաթուղային անվտանգության մակարդակը՝ 2026 թվականին տեղի ունեցած երկու խոշոր վթարներից հետո, որոնց հետևանքով զոհվել էր ընդհանուր 115 մարդ։

Նոյեմբերի 10-ին կառավարությունը հաստատել է երկաթուղային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ։ Դրանից հետո մեքենավարների SEMAF արհմիությունը նոյեմբերի 12-ին նախատեսված գործադուլը տեղափոխել է նոյեմբերի 23, սակայն ուժի մեջ է թողել նոյեմբերի 17-ի գործադուլի ծրագիրը։

Նոյեմբերի 11-ի համընդհանուր գործադուլը տեղի է ունենում Իսպանիայում նոյեմբերի 29-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից մոտ երեք շաբաթ առաջ։

Վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունը բնակարանային խնդրի լուծումը ներկայացնում է որպես առաջնահերթություն։ Սակայն արհմիություններն ու վարձակալների կազմակերպությունները քննադատում են նաև կառավարությանը՝ բնակարանների մատչելիությունը բարձրացնելու ուղղությամբ անբավարար քայլերի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում