Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փակ բնույթի փաստաթղթերին։ Այս մասին նա հայտնել է «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վստահ եմ, որ կսահմանափակվի հասանելիությունը որոշ փաստաթղթերի, որոնք ընդհանրապես փակ բնույթ ունեն»,- ասել է Ռիժենկովը։
Բելառուսի ԱԳ նախարարը կասկածի տակ է դրել Հայաստանի ղեկավարությանը նման տեղեկությունների լիարժեք հասանելիություն տրամադրելու նպատակահարմարությունը՝ երկիրը բնորոշելով որպես «կեղծ դաշնակից»։
Նրա խոսքով՝ տեսականորեն գաղտնի տեղեկությունները կարող են օգտագործվել ի վնաս այն երկրների շահերի, որոնք մտադիր են զարգացնել ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը։
Ռիժենկովը նաև քննադատել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը փորձում է օգտվել այդ կառույցների անդամակցության առավելություններից՝ առանց լիարժեք մասնակցելու դրանց գործունեությանը։
«Ստացվում է այսպիսի իրավիճակ. ես ձեզնից կընտրեմ այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ գազի, նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառող, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, ինչպես նաև կազմակերպությունում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի կողմից անդամակցության պարտավորությունները չկատարելով։
Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես՝ պատշաճ չի արձագանքել 2021-2022 թվականներին Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Երևանը դադարեցրել է նաև անդամավճարների վճարումը, սակայն պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։












