Գլխավոր Լրահոս

Արսեն Գևորգյանի մահվան դեպքով շտապօգնությունը կալանավայր է հասել 16 րոպեում. Գալյան

Արսեն Գևորգյանի մահվան դեպքով շտապօգնությունը կալանավայր է հասել 16 րոպեում. Գալյան

«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացումից հետո շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ է հասել 16 րոպեում։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ դեպքերի հաջորդականությունն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկի միջանցքում տեղադրված տեսախցիկով։ Գևորգյանի գանգատից հետո խցին է մոտեցել քրեակատարողական ծառայողը, որն էլ կանչել է բուժաշխատողին։ Վերջինիս խուց մտնելուց հետո կանչվել է շտապօգնություն։

Գալյանը նշել է, որ քաղաքային բնակավայրերում շտապօգնության ժամանման սահմանված ժամանակը 15 րոպե է, որը որոշակի հանգամանքներում կարող է երկարաձգվել մինչև 20 րոպե։

Նախարարի փոխանցմամբ՝ Գևորգյանը նախկինում սրտի իշեմիկ հիվանդության հետ կապված գանգատներ չի ներկայացրել։ Նրա ամբուլատոր քարտում համապատասխան գրառումներ չեն եղել։ Առողջական նման խնդրի մասին նա չի հայտնել նաև դատական նիստի ընթացքում կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելիս։

Գալյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես դժբախտ պատահար՝ միաժամանակ նշելով, որ մահվան հանգամանքներին իրավական գնահատական կտրվի քրեական վարույթի շրջանակում։

Անդրադառնալով Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ մինչև դատարանի վճիռը հնչած հրապարակային գնահատականներին՝ Գալյանը նշել է, որ մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտը անձի մեղավորության մասին խոսելը ճիշտ չէ։ Միաժամանակ նա հրաժարվել է ենթադրություններ անել, թե արդյոք այդ հայտարարությունները կարող էին ազդել Գևորգյանի հոգեբանական վիճակի և առողջության վրա։


Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նախնական տեղեկություններով՝ մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից։

Մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ, ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ գործի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ։ Գևորգյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում