Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանում կալանավորումը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, իսկ կալանավորված անձանց մեծ թիվը նախարարության համար անցանկալի է։
Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով կալանավորումների վերաբերյալ հարցերին, Գալյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը։
Նրա խոսքով՝ այս հարցով քննարկումներ են անցկացվել նաև այլ գերատեսչությունների հետ։
Նախարարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը չի միջնորդում անձանց կալանավորելու համար և չի կայացնում կալանավորման որոշումներ։ Դրանք կայացնում են դատարանները, իսկ քրեակատարողական ծառայությունն ապահովում է որոշումների կատարումը։
Նախարարը նաև նշել է, որ կալանավորված անձանց թվի նվազեցումը կարևոր է ոչ միայն մարդասիրական նկատառումներով, այլև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։
Գալյանի հայտարարությունները հնչում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Արսեն Գևորգյանի մահվան ֆոնին։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նախարարի տվյալներով՝ Գևորգյանի մահը 2026 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրված չորրորդ դեպքն է։












