Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին Դուբլինում քննարկել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, սահմանազատումը և տնտեսական համագործակցությունը, հայտնում են կառավարությունից։ Կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է նաև, որ 2025-ի նոյեմբերից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 105 հազար տոննա բեռ։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման և 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ։
Ըստ կառավարության՝ քննարկումները կենտրոնացած են եղել խաղաղության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացմանը, տնտեսական ու առևտրային հարաբերություններին, սահմանների սահմանազատմանը և վստահության ամրապնդման միջոցառումներին։
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ հաղորդակցությունների զարգացման հեռանկարները։
Կողմերը դրական զարգացում են համարել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Քննարկվել են նաև տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ երկու երկրների էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցումը։
Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցությանը։ Փաշինյանն ու Ալիևը ողջունել են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Կառավարության հաղորդմամբ՝ ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկան պահպանելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված երկխոսությունը շարունակելու կարևորությունը։ Հանդիպման արդյունքում նոր փաստաթղթի ստորագրման կամ առանձին նոր պայմանավորվածությունների մասին չի հաղորդվել։
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, Փաշինյանն ու Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, իսկ երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը։ Փաստաթուղթը դեռ վերջնականապես չի ստորագրվել և վավերացվել։ Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի 2027-2028-ին։
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մաս կազմող TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովում։ Հոկտեմբերի 22-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը սկսում է նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության հիմնադրմանը։
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայներով վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը վավերացման մասին օրենքը ստորագրել է նոյեմբերի 10-ին։ Իսկ նոյեմբերի 12-ին խորհրդարանն ընդունել է նախագծի իրականացմանն առնչվող յոթ օրինագծից բաղկացած փաթեթը՝ 64 կողմ ձայնով։
Փաշինյանն ու Ալիևը նախորդ անգամ հանդիպել էին օգոստոսի 31-ին՝ Բիշքեկում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այն ժամանակ ևս քննարկվել էին TRIPP-ի իրականացման քայլերը, սահմանազատումը, առևտրատնտեսական համագործակցությունը և վստահության ամրապնդման միջոցառումները։









