Գլխավոր Լրահոս

Հայցերի հնարավոր հետկանչի քննարկումները մեծացրել են տուժածների անհանգստությունը. Եղիշե Կիրակոսյան

Հայցերի հնարավոր հետկանչի քննարկումները մեծացրել են տուժածների անհանգստությունը. Եղիշե Կիրակոսյան

Գևորգ Թոսունյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային դատական գործընթացներից հայցերի հնարավոր հետկանչի մասին հայտարարություններն արդեն իսկ բացասական ազդեցություն են թողնում գործերի վրա. այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող՝ «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովիմ Կիրակոսյանը նշեց, որ այդ քննարկումները բարդացնում են Հայաստանի իրավական փաստարկների ներկայացումը և անհանգստություն առաջացնում տուժածների շրջանում։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխադարձաբար հրաժարվեն միջպետական գանգատներից, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Կիրակոսյանն ասաց, որ նման հայտարարություններն ու համաձայնագրում հայցերի հետկանչի վերաբերյալ դրույթի առկայությունը բացասական ազդակներ են հաղորդում և որոշակի սառեցնող ազդեցություն ունեն դատական գործընթացների վրա։

«Իմ զգացողությամբ՝ սա արդեն իսկ բացասական ազդեցություն է ունենում գործերի վրա։ Գործը ներկայացնելու հռետորաբանությունը, իրավական փաստարկները գրավոր և հատկապես բանավոր ներկայացնելու ձևը դառնում են ավելի բարդ»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած գործերի շարունակությունը ենթադրում է նաև Ադրբեջանի գործողությունների իրավական գնահատականներ։ Դրանք պետք է հիմնված լինեն կոնկրետ փաստերի և հակամարտության հանգամանքների վրա, ինչը, Կիրակոսյանի խոսքով, միշտ չէ, որ համահունչ է ներկայիս քաղաքական հռետորաբանությանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչը կարծում է, որ հայցերի հնարավոր հետկանչի վերաբերյալ քննարկումներն առավել խոցելի են դարձրել տուժածներին։ Նրա խոսքով՝ հայտարարություններից հետո անհետ կորածների հարազատները, տեղահանված արցախցիները և այլ տուժածներ սկսել են ավելի անհանգստանալ իրենց իրավունքների պաշտպանության հեռանկարների վերաբերյալ։ Կիրակոսյանը, սակայն, ընդգծեց, որ անհատական դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան չեն կարող ամբողջությամբ փոխարինել միջպետական դատական գործընթացներին։

«Միջպետական գործերի ազդեցությունը շատ տարբեր է։ Դրանք փոխարինել անհատական դիմումներով, իմ կարծիքով, չի կարող ամբողջությամբ փոխհատուցել այն ազդեցությունը, որն ունեն այդ ավելի լայնածավալ դատական գործընթացները»,- ասաց նա։

Կիրակոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ներկայացրած միջպետական գործերը կշարունակվեն և կհասնեն իրենց տրամաբանական ավարտին՝ ըստ էության վճիռների կայացմամբ, այդ թվում՝ հնարավոր փոխհատուցումների վերաբերյալ որոշումներով։

Խոսելով Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող դատական գործերի մասին՝ Կիրակոսյանը նշեց, որ դատարանում երկու հայց կա՝ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Դրանք հիմնված են նույն միջազգային կոնվենցիայի վրա։

Նա նաև ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Արդարադատության միջազգային դատարանը տարբեր բնույթի դատարաններ են, որոնք գործում են տարբեր ընթացակարգերով։

Մասնավորապես, ՄԻԵԴ-ում գործերի քննությունը հիմնականում իրականացվում է գրավոր ընթացակարգով, մինչդեռ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի գործերով արդեն իսկ տեղի են ունեցել հրապարակային լսումներ՝ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ։

ՄԻԵԴ-ում Հայաստանի գործերից առնվազն մեկը փոխանցվել է Մեծ պալատին, որը գործի քննության ընթացքում անցկացնում է հրապարակային լսումներ։ Կիրակոսյաննի խոսքով՝ միջազգային մակարդակում իրավական գործընթացներից բացի՝ մեծ դեր ունեն պետությունների քաղաքական կամքը, տարբեր մոտեցումները և առանձին պետությունների որոշումները։

«Միջազգային արդարադատության համակարգը գործի դնելու համար մեծ աշխատանք, ջանք և վճռականություն է անհրաժեշտ։ Ի տարբերություն ներպետական դատական համակարգերի՝ այստեղ լրացուցիչ խոչընդոտներ կան։ Պետք է հաշվի առնել պետությունների քաղաքական կամքը, տարբեր մոտեցումները և որոշումների կայացման գործընթացները»,- ասաց նա։

Կիրակոսյանի գնահատմամբ՝ միջազգային արդարադատության սահմանափակումները կամ սպասված արդյունքների բացակայությունը չպետք է հանգեցնեն պայքարից հրաժարվելուն։

«Դրանք չեն նշանակում, որ պետք է պարզապես նստել և ոչինչ չանել։ Ընդհակառակը՝ պետք է ուղիներ գտնել համակարգն ավելի արդյունավետ և գործուն դարձնելու համար»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում