Գլխավոր Լրահոս

«Yerevan Gate»․ առանց հաստատված նախագծի բնակարանների հերթագրում և անձնագրային տվյալների հավաքագրում

«Yerevan Gate»․ առանց հաստատված նախագծի բնակարանների հերթագրում և անձնագրային տվյալների հավաքագրում

Սոցիալական ցանցերում նոյեմբերի 10-ից տարածվում էր գրառում, որում նշվում էր, թե Դուբայում գործող Holm կառուցապատողը Երևանի կրկեսի հարևանությամբ նախատեսում է կառուցել «Yerevan Gate» համալիրը։ Գրառմանը կցված պատկերներում ներկայացված էին երկու բարձրահարկ աշտարակներ, որոնք վերին հատվածում միացված էին կամրջաձև կառույցով։

«Դուբայում գործող կառուցապատող Holm-ը ներկայացրել է իր նոր նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ կրկեսի հարևանությամբ»,- նշված է գրառման մեջ։

Ըստ հրապարակումների՝ այն ներառելու է վերին հատվածում կամրջով միացված երկու բարձրահարկ աշտարակներ՝ լողավազանով ու կանաչապատ հանգստի գոտիներով։

Էկրանապատկերը՝ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ «Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջից

Գրառումն արժանացել էր բուռն քննարկումների և քննադատությունների։ Հատկապես մեկնաբանություններում օգտատերերը հայտնել էին իրենց դժգոհությունը՝ նշելով, որ «վերջապես այլանդակում են քաղաքը», Երևանի դուբայացումը մեծ թափով շարունակվում է և այլն։ Քննադատություններ նաև ուղղվել էին Երևանի քաղաքապետարանին։

Գրառմանն արձագանքել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ նոյեմբերի 12-ին հայտնելով, որ նախագիծը երբևէ չի ներկայացվել քաղաքապետարան և չի քննարկվել կամ համաձայնեցվել։

«Ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ», - գրել էր Ազարյանը՝ հորդորելով ծրագրի նախաձեռնողներին հրապարակվող նյութերը նախապես համաձայնեցնել քաղաքապետարանի հետ։

Մինչդեռ տարբեր անշարժ գույքի գործակալներ ներկայացնում են մանրամասներ ծրագրի մասին, նաև առկա են քննարկումներ, որ արդեն վաճառք է իրականացվում քառակուսի մետրը 5,000 դոլարով:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է հանրայնացված նյութերը՝ պարզելու, թե ինչ ընթացք ունի «նախագիծը», և արդյոք այս պահին իրականացվում են բնակարանների վաճառքներ:

Անվճար հերթագրում՝ դեռևս չհաստատված նախագծի համար

Dubaiarmenia ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 27-ից հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որոնցում ներկայացվում է «Yerevan Gate» նախագիծը, և հայտարարվում բնակարանների նախնական հերթագրման մասին։

Տեսանյութերի հեղինակը պնդում է, որ հերթագրումն անվճար է, և հորդորում է որևէ միջնորդի կանխավճար չփոխանցել։ Նրա խոսքով՝ մի քանի ժամվա ընթացքում արդեն 164 մարդ է հերթագրվել։ Հետաքրքրված քաղաքացիներին նա առաջարկում է WhatsApp-ի միջոցով ուղարկել անձնագրային տվյալները, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը և ցանկալի բնակարանի մակերեսը։

Ըստ գործակալի՝ բնակարանների վաճառքը նախատեսվում է սկսել 2027 թվականի հունիսին, իսկ մեկ քառակուսի մետրի մեկնարկային արժեքը լինելու է 5 000 դոլար՝ շուրջ 40 ամսվա տարաժամկետ վճարման հնարավորությամբ։

#CivilNetCheck-ը զրուցել է տեսանյութերի հեղինակ, անշարժ գույքի գործակալ Սուրենի հետ։ Նա հաստատել է, որ նախագիծը դեռևս չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չունի համապատասխան թույլտվություններ։ Նրա խոսքով՝ ներկայում միայն հավաքագրվում են հետաքրքրված քաղաքացիների տվյալները, որպեսզի նախագծի հաստատումից և վաճառքի մեկնարկից հետո կարողանան հերթականությամբ կապ հաստատել նրանց հետ։

Գործակալը նաև պնդել է, որ որոշ միջնորդներ նախագիծը ներկայացնում են որպես արդեն վաճառքի հանված և փորձում քաղաքացիներից գումարներ ստանալ։

Այդուհանդերձ, հարցեր է առաջացնում դեռևս չհաստատված նախագծի համար քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրումը։ Պարզ չէ՝ արդյոք գործակալը լիազորված է դրանք հավաքագրելու կառուցապատողի անունից։ Անձնագրային տվյալների փոխանցումը կարող է նաև ֆինանսական ռիսկեր առաջացնել, հատկապես եթե հայտնի չէ, թե ում են փոխանցվում տվյալները և ինչպես են հետագայում օգտագործվելու։

Ի՞նչ է հայտնի HOLM Developments-ի մասին

«Yerevan Gate» նախագծի հետ կապվող HOLM (HOLM Developments) անունով ընկերություն իսկապես գոյություն ունի, այն գործում է Դուբայում և զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ։

Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ դրա գլխավոր գործադիր տնօրենը Սերգեյ Ավայանն է, որը շուրջ 30 տարի բնակվում է Դուբայում և ավելի քան 15 տարվա փորձ ունի անշարժ գույքի ոլորտում։ Ընկերության ֆինանսական տնօրենը Հասմիկ Հարությունյանն է, իսկ զարգացման գծով գլխավոր տնօրենը՝ Մահմուդ Ռաադը (Mahmud Raad)։

Holm Developments-ի թիմը
Holm Developments-ի թիմը

Պաշտոնական կայքում ներկայացված են ընկերության կառուցապատման նախագծերը՝ HOLM Central, LINEA BY HOLM և HOLM One՝ Դուբայում, ինչպես նաև ONE PENINSULA՝ Վրաստանի Բաթում քաղաքում։ Վերջինիս ավարտը նախատեսվում է 2030-ին։

Սակայն ընկերության պաշտոնական կայքում «Yerevan Gate» նախագծի մասին տեղեկություն չկա։ Նախագիծը ներկայացված չէ նաև ընկերության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։

#CivilNetCheck-ը գրավոր հարցում է ուղարկել HOLM Developments-ին՝ պարզելու, թե արդյոք ընկերությունն իսկապես նախատեսում է իրականացնել «Yerevan Gate» նախագիծը, ինչ փուլում է այն և արդյոք սոցիալական ցանցերում տարածված պատկերները պաշտոնական են։

Նաև հետաքրքրվել ենք՝ արդյոք բնակարանների նախնական հերթագրում իրականացնող և քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրող գործակալները լիազորված են գործելու ընկերության անունից։

Հրապարակման պահին ընկերության պատասխանը դեռ չէր ստացվել։ Արձագանք ստանալու դեպքում այն կհրապարակենք։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող «Yerevan Gate» նախագիծը դեռևս չի համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, իսկ բնակարանների վաճառքի մեկնարկի մասին տեղեկությունները հիմնված են անշարժ գույքի գործակալի հայտարարությունների վրա։ Դեռևս պարզ չէ նաև՝ արդյոք HOLM Developments-ը հաստատում է նախագծի իրականացումը և իր անունից քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում