Գլխավոր Լրահոս

ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ, Հայաստանի նպատակը այլընտրանք ստեղծելն է․ Փաշինյան

ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ, Հայաստանի նպատակը այլընտրանք ստեղծելն է․ Փաշինյան

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը, սակայն երկու ուղղությունների միջև որոշակի հնարավորություններ կան։ Հայաստանի նպատակը երկրի համար այլընտրանք ստեղծելն է՝ առանց ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնելու։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 13-ին Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ։

«Իրականությունն այն է, որ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, բայց մի բան միանշանակ է՝ կա որոշակի դաշտ մեջտեղում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Հայաստանը համատեղելու Եվրամիության հետ մերձեցումը Ռուսաստանի հետ տնտեսական և անվտանգային կապերի հետ։ Հարցում, մասնավորապես, հիշատակվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը և ռուսական էներգակիրներից կախվածությունը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի քաղաքականությունը ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը չէ, և Երևանը ցանկանում է հնարավորինս հանգիստ մոտենալ այդ գործընթացին։

«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք Հայաստանի Հանրապետության համար»,- ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ երկար ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, տարածված է եղել այն պատկերացումը, թե Հայաստանը չունի այլընտրանք։ Նման ընկալում, ըստ Փաշինյանի, եղել է նաև Հայաստանի քաղաքացիների շրջանում։

Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի ղեկավարը ժամանակին հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից բացի գնալու այլ տեղ չունի։ Փաշինյանի գնահատմամբ՝ նման հայտարարությունները նպաստել են Հայաստանում որոշակի քաղաքական գործընթացների առաջացմանը։

Վարչապետն անդրադարձել է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքին՝ ընդգծելով, որ այն սկզբում քաղաքացիական նախաձեռնություն էր, որի շրջանակում ստորագրություններ էին հավաքվել, իսկ իշխող ուժը որոշել էր ընդունել ներկայացված նախագիծը։

Օրենքը խորհրդարանն ընդունել է 2025-ի մարտի 26-ին՝ 64 կողմ, 7 դեմ ձայներով։ Այն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին։ Օրինագիծը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որը հավաքել էր ավելի քան 52 հազար ստորագրություն։ Օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։

Փաշինյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ մյուս չորս պետությունների՝ այս տարվա մայիսի հայտարարությանը, որով Հայաստանին կոչ էր արվում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու հարցով։

Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ անհրաժեշտ էին համարել Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Նրանք նաև բարձրացրել էին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հարցը։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանում ընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը տնտեսական որոշ սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից արտահանման նկատմամբ, ինչից հետո Եվրամիությունն ընդունել էր առևտրային ինքնավար միջոցառումներ Հայաստանի համար։

Սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումը։ Երկու տարի գործող միջոցառումները նախատեսված են Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսի համար։

Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստան–ԵՄ հարաբերությունները կտրուկ փոխվել են և հասել պատմական ամենաբարձր մակարդակին։ Նա հիշատակել է 2026-ի մայիսին Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և երկու կողմերի ընդունած գործընկերության ռազմավարական օրակարգը։

Ռազմավարական օրակարգն ընդունվել էր 2025-ի դեկտեմբերի 2-ին։ Այն սահմանում է քաղաքական, տնտեսական, անվտանգային և այլ ոլորտներում համագործակցության առաջնահերթությունները։

Նոյեմբերի 5-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն շարունակում է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքները՝ քաղաքացիների համար ընտրության հնարավորություն ստեղծելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ կարող է ներկայացվել 2027 կամ 2028-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում