ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինայի հետ քննարկումներում հարցրել է՝ արդյոք Կիևը կհամաձայնի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց զորքերը դուրս բերել Դոնբասի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմը դեռևս հստակ առաջարկ չի ներկայացրել։
«Ամերիկացիները հարց բարձրացրին՝ իսկ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ում լինի, Ուկրաինան դուրս կգա՞ Դոնբասից։ Սա առաջին անգամ էր»,- ասել է Զելենսկին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
Զելենսկին վերահաստատել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել իր տարածքներից։ Միաժամանակ նա չի բացառել նման առաջարկն ուկրաինական հասարակության հետ քննարկելը, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս անդամները հաստատեն Ուկրաինային դաշինքի անդամակցության հնարավորություն տրամադրելու պատրաստակամությունը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը չի կարող նման որոշում կայացնել սեփական հայեցողությամբ։ Նա ընդգծել է, որ քննարկումները դեռ շարունակվում են, և առաջարկի պայմանները հստակ չեն։
«Անպայման՝ առանց օկուպացված տարածքները Ռուսաստանի մաս ճանաչելու»,- ասել է Զելենսկին՝ ներկայացնելով հնարավոր քննարկման իր պայմանը։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Կիևը գործընկերների հետ բանակցում է անվտանգության երաշխիքների համապարփակ փաթեթի շուրջ։ Այն ներառում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության անվտանգության երաշխիքներ, ուկրաինական բանակի անհրաժեշտ թվակազմի ու սպառազինության ապահովում, որոշակի ժամկետով ֆինանսական աջակցություն և երկրի վերականգնման ծրագիր՝ ֆինանսավորման հստակ աղբյուրներով։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան նախկինում պահանջել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքներ։ Ամերիկյան կողմն այժմ քննարկում է դաշինքի 4-րդ և 5-րդ հոդվածներին նման երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը։
Նա հայտնել է, որ հարցրել է ամերիկյան կողմին՝ արդյոք նման երաշխիքները կենթադրեն ԱՄՆ զինծառայողների տեղակայում Ուկրաինայում։ Նրա փոխանցմամբ՝ պատասխանը բացասական է եղել։
Ըստ Զելենսկու՝ Վաշինգտոնը քննարկվող երաշխիքները բնութագրում է որպես երկկողմ պայմանավորվածություններ՝ համեմատելով դրանք Իսրայելի և Մերձավոր Արևելքի որոշ երկրների հետ ԱՄՆ-ի անվտանգության համագործակցության հետ։
Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության պաշտոնական առաջարկ դեռ չի ներկայացվել։ Դաշինքի կանոններով՝ նոր անդամ ընդունելու համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։
Զելենսկու հայտարարությունները հնչել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլի ֆոնին։
Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում անցկացվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները։ Կողմերը նախնական համաձայնության են հասել ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ և քննարկել բանակցությունները շարունակելու հնարավորությունը։ Սակայն պատերազմի ավարտի հիմնական հարցերում, այդ թվում՝ տարածքային խնդիրների և անվտանգության երաշխիքների շուրջ, առաջընթաց չի արձանագրվել։
Դրանից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ այնուհետև Դուբլինում բանակցել Զելենսկու հետ։
Բանակցությունների հիմնական տարաձայնություններից մեկը շարունակում է մնալ Դոնբասի կարգավիճակը։ Ռուսաստանը պահանջում է վերահսկողություն նաև Դոնբասի այն տարածքների նկատմամբ, որոնք շարունակում են գտնվել ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Կիևը մերժում է այդ տարածքներից հրաժարվելը։
Լրագրողների հետ հանդիպմանը Զելենսկին նաև հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Պուտինը ձգտում է վերանայել Եվրոպայի անվտանգության համակարգն ու փոխել սահմանները։ Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան կարող է բարձրացնել Ֆինլանդիայի, Շվեդիայի և Բալթյան երկրների անվտանգության, այդ թվում՝ տարածաշրջանում ամերիկյան զինուժի ներկայության հարցերը։
Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության համակարգին վերաբերող որոշումները պետք է ընդունվեն ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների մասնակցությամբ, իսկ առաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինայում պատերազմի ավարտն ու գործուն անվտանգության երաշխիքների ապահովումը։











