Գլխավոր Լրահոս

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Գլխավոր դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)։ Խոսքը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մասին է։ Նոյեմբերի 14-ին ԲԴԽ-ն սկսել է միջնորդությունների քննությունը։

Երկու միջնորդություն ներկայացնելու փաստը «Արմենպրեսին» հաստատել են դատախազության հանրային կապերի բաժնից՝ միաժամանակ հրաժարվելով հրապարակել դատավորների անուններն ու վարույթի մանրամասները։

«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտնել են դատախազությունից։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահումն է։ Կայքը գրել է, որ խոսքը դատական որոշումների մասին է, որոնց հետևանքով որոշ անձինք կարողացել են լքել Հայաստանը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։

Դատախազությունը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունները։ Հայտնի չէ, թե որ դատական գործերն ու որոշումներն են քրեական վարույթի հիմքում։

Ինչ գործերով են հայտնի դատավորները

Մասիս Մելքոնյանը քննել է հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործեր։ Նրա որոշմամբ 2025 թվականի հունիսին երկու ամսով կալանավորվել էին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նույն թվականի դեկտեմբերին Մելքոնյանը երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ։ Նրա որոշումներով նախկինում կալանավորվել են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն ու գեներալ Տիրան Խաչատրյանը։

Վերջին շրջանում Մելքոնյանի անունը շրջանառվել է նաև քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» գործով։ Դատավորը նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր որոշումը։ Հոկտեմբերի 29-ին վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր Մելքոնյանի որոշումը, և Ստեփանյանը կալանավորվել էր։

2025-ի հուլիսին ԲԴԽ-ն Մելքոնյանին նկատողություն էր հայտարարել մեկ այլ քրեական գործով դատավարական խախտումների համար։ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գնահատմամբ՝ Մելքոնյանը մեղադրյալի հարցաքննության ժամանակ չէր պարզաբանել նրա լռելու իրավունքը։

Գևորգ Պողոսյանը ևս քննել է հանրային ուշադրության կենտրոնում հայտնված գործեր։

2021-ի դեկտեմբերին նա մերժել էր ադրբեջանական գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երիմյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր որոշումը, և Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 27-ին բավարարել էր բողոքը՝ զինծառայողի նկատմամբ սահմանելով երկամսյա կալանք։ 2022-ի փետրվարին Երիմյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Պողոսյանը 2021-ին կալանավորելու որոշում էր կայացրել նաև Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ, որը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։

Դատավորների վերոնշյալ որոշումների և ներկայիս քրեական վարույթի միջև կապի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում