Գլխավոր Լրահոս

«Ազգի փրկությունը վտանգված է»․ վրաց եկեղեցու ներսում իշխող կուսակցության քննադատությունն ուժեղանում է

Եպիսկոպոս Իլարիոնը (ձախից), եպիսկոպոս Գիորգին (աջից) և Իոբը

Եպիսկոպոս Իլարիոնը (ձախից), եպիսկոպոս Գիորգին (աջից) և Իոբը

Լուսանկարները՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Մեստիայի և Վերին Սվանեթիի մետրոպոլիտ Իլարիոնը (Կիտիաշվիլի) միացել է Ռուսի-Ուրբնիսիի մետրոպոլիտ Իոբին (Աքիաշվիլի)՝ քննադատելով Վրաստանի կառավարությանը և մեղադրելով նրան ազգային շահերը չպաշտպանելու մեջ։ Նա նաև մտահոգություն է հայտնել հոգևորականների նկատմամբ հսկողության, միգրացիայի, մոլախաղերի տարածման և թմրանյութերի օգտագործման վերաբերյալ։

Facebook-ում հրապարակած հայտարարությունում Իլարիոնն անդրադարձել է Իոբի քարոզին, որում վերջինս քննադատել էր կառավարության քաղաքականությունն ու Վրաց ուղղափառ եկեղեցու հետ նրա հարաբերությունները։ Իլարիոնի խոսքով՝ Եկեղեցին պարտավոր է բարձրաձայնել, երբ վտանգված են երկրի բարոյական հիմքերն ու երիտասարդ սերունդների ապագան։

Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներն ավելի հաճախ են հրապարակայնորեն քննադատում իշխանություններին։ Եկեղեցին ավանդաբար սերտ հարաբերություններ ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։ Հոկտեմբերի վերջին բարձրաստիճան հոգևորականները հարցեր էին բարձրացրել միջազգային խաղային մրցաշարերի համար հարկային արտոնություններ սահմանելու որոշման վերաբերյալ՝ նշելով, որ իրենց հետ այդ հարցը չի քննարկվել։

Իոբն իր քարոզում ավելի հեռուն է գնացել՝ կոչ անելով փոխել իշխանությունը և պնդելով, որ «Վրացական երազանք» կուսակցությունը «սպառել է» իր ներուժը։ Նա նաև հարցականի տակ է դրել Եկեղեցու կախվածությունը պետական ֆինանսավորումից՝ պնդելով, որ դա խաթարում է հոգևորականների անկախությունը։

«Լինում են ժամանակներ, երբ լռությունը ոչ թե խոնարհություն է, այլ պատասխանատվությունից խուսափում»,- նոյեմբերի 11-ին գրել է Իլարիոնը՝ հավելելով, որ Եկեղեցու պատմությունը ցույց է տալիս՝ «իսկական հովիվը երբեք չի վախենում աշխարհիկ իշխանությունից, երբ ազգի փրկությունն է վտանգված»։

Իլարիոնը քննադատել է կառավարությանը մոլախաղերի և թմրանյութերի, իր բնորոշմամբ, անվերահսկելի տարածման և փաստացի խրախուսման համար՝ պնդելով, որ դրանք լուրջ վտանգ են երիտասարդների համար։

«Խաղամոլությունն ու թմրամոլությունը քայքայում են ընտանիքները և երկիրը զրկում ապագայից»,- ասել է նա։

Նա նաև մտահոգություն է հայտնել Վրաստանի ժողովրդագրական վիճակի, իր բնորոշմամբ, վատթարացման վերաբերյալ՝ պնդելով, որ ավելի ու ավելի շատ վրացիներ են հեռանում երկրից՝ ավելի լավ ապրուստ փնտրելու։ Միաժամանակ Իլարիոնը զգուշացրել է, որ մեծ թվով օտարերկրացիներ են ժամանում Վրաստան՝ առանձնացնելով միգրանտներին և արաբներին։

Իլարիոնը կառավարությանը մեղադրել է անպատասխանատու միգրացիոն և տնտեսական քաղաքականություն վարելու մեջ՝ պնդելով, որ օտարերկրացիներին հողի և գույքի վաճառքը սպառնում է Վրաստանի ազգային ինքնությանն ու ժողովրդագրական հավասարակշռությանը։

Մետրոպոլիտը դատապարտել է նաև հոգևորականների և շարքային քաղաքացիների նկատմամբ ապօրինի հսկողությունն ու նրանց անձնական կյանքին միջամտությունը։

«Եկեղեցու ձայնը հնարավոր չէ լռեցնել նյութական բարեկեցությամբ, պետական ֆինանսավորմամբ կամ գաղտնի ճնշումների մեխանիզմներով, որովհետև մենք առաջին հերթին պատասխանատու ենք Աստծո և մեր հոտի առաջ»,- գրել է նա։

Իլարիոնը իշխանությանը կոչ է արել դադարեցնել քաղաքացիների և հոգևորականների նկատմամբ ապօրինի հսկողությունը, արդյունավետ քայլեր ձեռնարկել մոլախաղերի և թմրանյութերի դեմ քաղաքականությունը խստացնելու համար, ազգային շահերին համապատասխան միգրացիոն և ժողովրդագրական քաղաքականություն վարել և պաշտպանել երկրի ապագան։

Իոբի քարոզին, ըստ ամենայնի, արձագանքել է նաև Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգին (Ջամդելիանի)՝ մեջբերելով Սողոմոն թագավորին վերագրվող «Առակաց գրքից» մի հատված՝ «մի՛ հանդիմանիր ծաղրողին, որ չատի քեզ, հանդիմանի՛ր իմաստունին, և նա կսիրի քեզ»։

Եպիսկոպոս Իոբի խոսքերը քննադատել են «Վրացական երազանքի» անդամները։ Իշխող կուսակցության աջակից Լաշա Նացվլիշվիլին սոցիալական ցանցում հոգևորականի հասցեին նաև հայհոյանք է գրել։

«Իոբ, քո մերը...»,- գրել է Նացվլիշվիլին։

Վրաց ուղղափառ եկեղեցու Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագերեց Անդրիա Ջաղմաիձեն նոյեմբերի 12-ին արձագանքել է Իոբի քարոզին՝ մետրոպոլիտի հասցեին հնչած որոշ արտահայտություններ որակելով որպես անհարգալից վերաբերմունք Եկեղեցու նկատմամբ։

Facebook-ում հրապարակած գրառման մեջ Ջաղմաիձեն նշել է, որ Իոբի քարոզից հետո նրա հասցեին օգտագործված որոշ ձևակերպումներ դուրս են քրիստոնեական բարոյականության սահմաններից՝ հավելելով, որ մարդկանց վիրավորելն անընդունելի է քրիստոնյաների համար՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։

«Կարծիք, անգամ քննադատություն, կարելի է արտահայտել քաղաքավարի և փաստարկներով՝ առանց վիրավորանքների»,- գրել է Ջաղմաիձեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում