Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ «գլոբալ պատերազմի կուսակցություն» ասելով՝ նկատի ունի կոնկրետ անձանց, որոնք պաշտոնական ուղիներով փորձում են ազդեցություն գործադրել Վրաստանի վրա։ Միաժամանակ նա ասել է, որ նրանց անունները հրապարակայնորեն տալը «բավական վտանգավոր» կլիներ։
Կոբախիձեն կրկին օգտագործել է «գլոբալ պատերազմի կուսակցություն» և «խորքային պետություն» ձևակերպումները։ Իշխող կուսակցությունը հաճախ է այս անորոշ հասկացություններով նկարագրում ենթադրյալ ուժերի, որոնք, իր պնդմամբ, փորձում են Վրաստանին ներքաշել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեջ։
Նոյեմբերի 11-ին Դուբլինում Միջազգային և եվրոպական հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ Կոբախիձեն ասել է, որ թեև իշխանությունը սովորաբար չի հստակեցնում, թե ում նկատի ունի՝ «գլոբալ պատերազմի կուսակցություն» ասելով, խոսքը Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող կոնկրետ անձանց մասին է։
«ԱՄՆ ներկայիս վարչակազմն օգտագործում է «խորքային պետություն» եզրը։ Մենք նկատի ունենք որոշ չափով նման մի բան, թեև այս հասկացություններն ամբողջությամբ նույնական չեն»,- ասել է Կոբախիձեն։
Թրամփն ու նրա դաշնակիցները «խորքային պետություն» եզրն օգտագործում են՝ նկարագրելու չընտրված պետական պաշտոնյաների ենթադրյալ ցանց, մասնավորապես՝ պետական ծառայողների և հետախուզական ու իրավապահ մարմինների պաշտոնյաների։ Նրանք պնդում են, որ այդ մարդիկ խոչընդոտում կամ տապալում են ընտրված նախագահի քաղաքական օրակարգը։
Կոբախիձեի ներկայացրած դավադրության տեսության համաձայն՝ այդ անձինք Վրաստանի վրա ազդեցություն են գործում պաշտոնական մեխանիզմներով, այդ թվում՝ եվրոպական գործիքների միջոցով։ Նրա խոսքով՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող ուժերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։
Կոբախիձեն նաև պնդել է, որ ենթադրյալ ցանցի հետևում կանգնած անձանց հրապարակայնորեն բացահայտելը վտանգավոր կլիներ։
«Մենք երբեք հստակ չենք նշում, թե ում նկատի ունենք այս եզրով։ Դա անում ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, որովհետև այս մարդկանց մասին բաց խոսելը բավական վտանգավոր է»,- ասել է նա։
«Վրացական երազանքի» պաշտոնյաները նախկինում ևս դժվարացել են հստակ բացատրել, թե ինչ նկատի ունեն «խորքային պետություն» կամ «գլոբալ պատերազմի կուսակցություն» ձևակերպումներն օգտագործելիս։
2024-ի մայիսին բրիտանական The News Agents փոդքաստին «Վրացական երազանքի» պատգամավոր Մարիամ Լաշխին ասել էր, որ «խորքային պետությունն» ու «գլոբալ պատերազմի կուսակցությունը» փորձում են թուլացնել Վրաստանը և երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
Երբ հարցազրուցավարը խնդրել էր հստակեցնել, թե կոնկրետ ում նկատի ունի, Լաշխին այդ խմբերը համեմատել էր «մասոնների» հետ, սակայն ընդունել, որ չգիտի՝ ուրիշ ովքեր են «գլոբալ պատերազմի կուսակցության» մաս։
Այդ զրույցը ժամանակին լայնորեն ծաղրի էր արժանացել, սակայն դավադրության այս տեսությունները շարունակել են շրջանառվել։ Կոբախիձեն կրկին պնդել է, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Վրաստանի վրա ճնշում է գործադրվել՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար։
Նրա խոսքով՝ մի հանդիպման ժամանակ, որին մասնակցել էր նաև իրեն նախորդած Իրակլի Ղարիբաշվիլին, «շատ բարձր պաշտոն» զբաղեցնող մի անձ Վրաստանից ուղիղ և կտրականապես պահանջել է երկրորդ ճակատ բացել։ Կոբախիձեն չի նշել այդ անձի անունը։
Կոբախիձեն ասել է, որ համոզված է՝ այդ անձը ներկայացրել է «գլոբալ պատերազմի կուսակցությունը»։ Միաժամանակ նա պնդել է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, այդ թվում՝ ԱՄՆ նախորդ վարչակազմը, չեն փորձել Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։
Նա իր այս պնդումները կապել է նաև 2008-ի օգոստոսյան պատերազմի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի երկու փուլերի հետ՝ հայտարարելով, որ բոլոր երեք պատերազմներն էլ հնարավոր էր կանխել, սակայն ազդեցիկ անձինք չեն ցանկացել դա։
«Ակնհայտ է, որ այս պատերազմները սկսել է Ռուսաստանը՝ ի տարբերություն Վրաստանի պատերազմի, որը, իմ գնահատմամբ, սկսել են Վրաստանի կառավարության ներսում պաշտոններ զբաղեցնող օտարերկրյա գործակալները։ Միաժամանակ համոզված եմ, որ բոլոր երեք պատերազմներն էլ հնարավոր էր կանխել՝ 2008-ի Ռուսաստան-Վրաստան պատերազմը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու պատերազմները։ Ցավոք, կային ազդեցիկ անձինք, որոնք չէին ցանկանում, որ այդ պատերազմները կանխվեին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Չնայած եվրոպացի առանձին քաղաքական գործիչների և պաշտոնյաների հասցեին քննադատությանը՝ Կոբախիձեն կրկնել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Նա պնդել է, որ երկիրը գնահատում է եվրոպական ինստիտուտները, մշակույթն ու ավանդույթները, այլ ոչ թե դրանք ներկայում ներկայացնող քաղաքական գործիչներին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2024-ին կասեցրել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Դրան զուգահեռ ընդունվել են քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ընդդիմությանն ու լրատվամիջոցներին վերաբերող մի շարք սահմանափակող օրենքներ և կանոնակարգեր։ Բրյուսելը հետևողականորեն քննադատում է իշխող կուսակցության քաղաքականությունը և Թբիլիսիին կոչ անում չեղարկել այն օրենսդրությունը, որը համարում է ԵՄ արժեքների հետ անհամատեղելի։ Չնայած անդամակցության գործընթացի հետաձգմանը՝ Կոբախիձեն պնդում է, որ իր կառավարությունը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության։












