Եվրամիության անդամ երկրներում գրանցված դեղերը Հայաստանում առանց կրկնակի լաբորատոր փորձաքննության գրանցելու և դրանց գրանցման պետական տուրքը 50 հազար դրամ սահմանելու օրենսդրական փոփոխություններ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Նպատակն է ընդլայնել Հայաստանում հասանելի դեղերի տեսականին, խթանել մրցակցությունը և նվազեցնել դեղերի գները։
«Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը նախատեսում է դեղերի գրանցման ընդհանուր, պարզեցված և Եվրասիական տնտեսական միության կանոններին համապատասխան ընթացակարգեր։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ներդնել նոր՝ «ճանաչման գրանցման» ընթացակարգ։
Ըստ առաջարկի՝ Եվրամիության անդամ երկրներում գրանցված և ազատ շրջանառվող դեղերը Հայաստանում կկարողանան գրանցվել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ առանց կրկնակի լաբորատոր հետազոտության և դեղի ամբողջական գրանցման փաստաթղթերի փաթեթի ներկայացման։
Հարությունյանի հիմնավորմամբ՝ եվրոպական համապատասխան մարմիններն արդեն իրականացրել են այդ դեղերի անհրաժեշտ փորձաքննությունները, ուստի Հայաստանում նույն գործընթացը կրկնելու անհրաժեշտություն չկա։
«Այսօրվա դրությամբ մեր պետությունը ի վիճակի չէ ավելի լուրջ, ավելի գիտականապես հիմնավորված փորձաքննություն իրականացնի, քան այսօր իրականացնում են Եվրոպական միության անդամ պետությունները»,- հայտարարել է պատգամավորը։
Անդրադառնալով Հայաստանում դեղերի տեսականուն՝ Հարությունյանը նշել է, որ երկրում գրանցված է 3997 դեղ, սակայն դրանց զգալի մասը նույն ազդող նյութով տարբեր անվանումների դեղամիջոցներ են։
«Մենք ունենք մոտավորապես 1200 հատ դեղ, մնացածը նույն դեղերն են նույն ազդող նյութերով, տարբեր բրենդավորված տեսքով, տարբեր տուփերով, տարբեր անվանումներով»,- ասել է նա՝ հղում անելով դեղագետ գործընկերների հաշվարկներին։
Նախագծի մյուս հիմնական փոփոխությունը վերաբերում է դեղերի գրանցման հայտ ներկայացնելու իրավունքին։
Գործող կարգավորմամբ գրանցման հայտ կարող է ներկայացնել արտադրողը կամ արտադրանքի համար պատասխանատու անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, որը գրանցումից հետո համարվում է գրանցման հավաստագրի իրավատերը։
«Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է նոր՝ ճանաչման գրանցման ընթացակարգով հայտ ներկայացնելու հնարավորություն տալ նաև Հայաստանում դեղերի մեծածախ իրացման լիցենզիա և պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ունեցող մատակարարներին՝ նրանց փոխանցելով գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։
Հարությունյանի գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա ավելի շատ տնտեսվարողների զբաղվել եվրոպական դեղերի գրանցմամբ և ներմուծմամբ՝ մեծացնելով մրցակցությունը շուկայում։
Փաթեթով առաջարկվում է նաև ճանաչման գրանցման համար պետական տուրքը սահմանել 50 հազար դրամ։
«Այսօրվա ընթացակարգերով, հատկապես երբ խոսքը վերաբերում է փորձաքննության անհրաժեշտության առաջացած անհրաժեշտությամբ պետական տուրքերի գանձմանը, դա իրականում բավականին մեծ գումար է կազմում, որոշ դեպքերում միլիոն, որոշ դեպքերում մինչև 2 միլիոն»,- ասել է Հարությունյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորումները կնվազեցնեն դեղերի ներմուծման ծախսերը, կնպաստեն դրանց տեսականու ընդլայնմանը և մրցակցության աճի միջոցով՝ գների նվազմանը։
Որպես օրինակ նա մատնանշել է հարևան Վրաստանը՝ պնդելով, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են դեղեր գնել այնտեղ։
«Շատ Հայաստանի Հանրապետության բնակիչներ առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են դեղերը բերել նույն հարևան Վրաստանից, որովհետև գները մի քանի անգամ առավել հասանելի ու մատչելի են, քան նույն Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարել է Հարությունյանը։
Նրա համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները նաև կավելացնեն պետական բյուջեի մուտքերը՝ նոր գրանցումների համար վճարվող տուրքերի հաշվին։
Հարությունյանը կոչ է արել իշխող մեծամասնությանը աջակցել նախաձեռնությանը՝ պնդելով, որ դեղերի հասանելիության հարցում քաղաքական տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն օրենսդրական փոփոխությունների ընդունմանը։
«Հիվանդ մարդուն քաղաքական արդարացումներ պետք չեն, հիվանդ մարդուն պետք է բուժում»,- հայտարարել է պատգամավորը։











