Պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների առանձին խմբերի ազատելու նախաձեռնությունները կարող են խորացնել բանակի համալրման և զինվորների կրթական մակարդակի հետ կապված խնդիրները։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ քննադատելով զինծառայությունից ազատման արտոնությունների ընդլայնումը։
«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայի, ո՞վ»,- հարց է բարձրացրել ընդդիմադիր պատգամավորը։
Հանձնաժողովում քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով սովորողներին, իսկ հետագայում ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում սահմանված ժամկետով ծառայելու դեպքում՝ ազատել պարտադիր զինծառայությունից։
Մանուկյանը քննադատել է նաև աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորողների համար նախատեսված արտոնությունները՝ մտահոգություն հայտնելով, որ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների զինծառայությունից ազատելը կարող է բացասաբար անդրադառնալ բանակի որակի վրա։
«Գործընկերներ, նաև մենք սրանով բանակում որակի մեծ խնդիր ենք սարքում։ Գրագետ զինվորի պակաս կա»,- հայտարարել է նա։
Մանուկյանի խոսքով՝ զինվորական ծառայությունը նաև հայրենաճանաչության հնարավորություն է, քանի որ տարբեր բնակավայրերից երիտասարդները ծառայում են միասին։ Նա համոզմունք է հայտնել, որ արտերկրում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդները կարող են զինծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը։
Մանուկյանը մտահոգություն է հայտնել, որ եթե պետությունը շարունակի զինծառայությունից ազատել առանձին մասնագիտական խմբերի, նման արտոնություններ կարող են պահանջվել նաև այլ ոլորտների աշխատողների համար։
Նրան պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պնդելով, որ լավագույն արտասահմանյան համալսարաններում սովորողների համար նախատեսված կարգավորումները հնարավորություն են տալիս բարձր որակավորում ունեցող մասնագետներին վերադարձնել Հայաստան։
«Այս 700 հոգին գնում են դրսում սովորում, հետո այնտեղից էլ այլևս Հայաստան չեն գալիս, որովհետև բանակի վտանգը կար ու այս ռեսուրսը մենք տարիներ շարունակ կորցրել ենք»,- հայտարարել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվող մոտեցման նպատակը այդ մասնագետների գիտելիքներն ու կարողությունները Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում օգտագործելն է։
«Ասում ենք՝ եղբայր, չես ծառայում, բայց ծառայելու ես քաղաքացիական ոլորտում, քո աշխատանքային կարիերան սկսում ես այստեղից»,- ասել է իշխանական պատգամավորը։
Անդրադառնալով ՆԳՆ նախաձեռնությանը՝ Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է արտոնությունը տարածել ուսումնական հաստատության ընդունելության մոտ 70 տեղի վրա։
«Մենք ուզում ենք լավ ոստիկանություն ունենանք, բայց դիմորդ մրցակցություն չլինի՝ չի կարող այդ բանը։ Մենք ուզում ենք լավ ռազմական ակադեմիա ունենանք, բայց մրցակցություն չլինի։ Առանց մրցակցության որակ չենք ստանալու»,- հայտարարել է նա։
ՆԳՆ ներկայացրած օրենսդրական փաթեթով առաջարկվում է պետական պատվերով միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդներին տարկետում տալ ուսումնառության ընթացքում, այնուհետև՝ ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում ծառայության անցնելու դեպքում։
Նախագծի հիմնավորմամբ՝ նախատեսվում է մեկուկես տարվա կրթությունից հետո տասը տարի անընդմեջ ծառայություն ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում։ Այդ պարտավորությունը կատարելուց հետո քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը կհամարվի կատարված։
Գործող կարգավորմամբ ՆԳՆ համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է նախապես անցած լինել պարտադիր զինվորական ծառայությունը։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունը հնարավորություն կտա դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընտրել ոստիկանի կամ փրկարարի մասնագիտությունը և կբարձրացնի այդ ծառայությունների գրավչությունը։
Աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորողների համար տարկետման և հետագայում զինծառայությունից ազատման կարգավորումն ընդունվել է ավելի վաղ՝ 2026-ին։ Այն նախատեսում է համապատասխան համալսարաններում ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանում կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու պայման։ Այդ պարտավորությունը կատարած քաղաքացին կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։












