Գլխավոր Լրահոս

Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, համակարգային լուծումներ դեռ չկան․ ՄԻՊ

Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, համակարգային լուծումներ դեռ չկան․ ՄԻՊ

Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։ Այս մասին ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ խնդիրը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ՝ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի հաշվառմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ խնդրի սրման մասին են վկայում վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքները, թեժ գծին ստացվող զանգերը, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, ինչպես նաև ՄԻՊ մարզային այցերի արդյունքները։

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում, որ տարիներ շարունակ իր կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդրին լուծում չի տրվում։

Ըստ հաղորդագրության՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ իր գործունեությունն ամփոփող հաղորդումներում, տարիներ շարունակ բարձրաձայնում է թափառող շների հարձակումների կանխարգելման ոլորտում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը մարդու կյանքի, առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պատշաճ իրացման վրա։

Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Պաշտպանը յուրաքանչյուր դեպքով պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից։

Մանասյանն ընդգծել է, որ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։

Պաշտպանը նաև անհրաժեշտ է համարում համապատասխան իրավական դաշտի ստեղծումը և բավարար ֆինանսավորման նախատեսումը՝ արձանագրված խնդիրներին պատշաճ լուծում տալու համար։ Ըստ հաղորդագրության՝ խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ։ Այս տեսանկյունից կարևորվել է նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է լինում լուծել մի շարք անհատական դիմում-բողոքներով բարձրացվող հարցեր։ Սակայն այդ լուծումները իրավիճակային են, և համակարգային առումով խնդիրը շարունակում է չլուծված մնալ։

Չլուծված է նաև թափառող շների հարձակումների հետևանքով մարդկանց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Այս մասին են վկայում Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունները և ստացված տվյալները։

Մանասյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի մարդկանց վրա թափառող շների հարձակումները կանխելու առավել արդյունավետ և գործուն կառուցակարգեր, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը, կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կբխեն կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներից։

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ պետությունը պետք է մշակի և իրացնի կառուցակարգեր՝ թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ իրավական հիմքերի ստեղծման և գործնականում դրանց պատշաճ կիրառության նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում