Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության հետընթացի մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության հետընթացի մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին օրակարգ չի ընդգրկել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։ Օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 54, կողմ՝ 33 պատգամավոր։

Ընդդիմադիր խմբակցությունը նախագծով բարձրացրել էր Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ իր մտահոգությունները։

Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա մասնավորապես անդրադարձել էր դատական համակարգի անկախության, կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման, արդար դատաքննության, խոսքի և հավաքների ազատության խնդիրներին։

Գալստյանը պնդել էր, որ Հայաստանում առկա են քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ, և անհրաժեշտ է ապահովել դրանց ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները։

Նախագիծը նոյեմբերի 12-ին բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել էր, որ իշխանությունը շահագրգռված է իրական խնդիրների քննարկմամբ, սակայն չի կիսում ընդդիմության բոլոր գնահատականները։

«Բնականաբար, մենք շահագրգռված ենք քննարկելու, բայց իրական խնդիրները, այլ ոչ թե մտացածին, ինչը չի նշանակում, որ Ձեր կողմից արձանագրված բոլոր խնդիրները մտացածին են, բայց, իմ կարծիքով, դրանց մի մասը առնվազն մտացածին է»,- ասել էր Ջուլհակյանը։

Հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն էլ չէր համաձայնել ընդդիմության քաղաքական գնահատականներին և առաջարկել էր դեմ քվեարկել նախագծին։

Նոյեմբերի 17-ի քվեարկությունից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստան» խմբակցությունը նույն թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել։ Լսումներին մասնակցել էին ընդդիմադիր պատգամավորներ, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ և քաղաքացիներ։

Լսումները բացել էր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մարդու իրավունքների պաշտպանությանը, կալանավորված անձանց խնդիրներին և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմության գնահատականներին։ Նա նաև վկայակոչել էր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններն ու զեկույցները։

Նոյեմբերի 17-ի լիագումար նիստում իշխանական պատգամավորները ևս անդրադարձել են նախորդ օրվա լսումներին՝ քննադատելով ընդդիմության նախաձեռնությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում