Գլխավոր Լրահոս

ԵՄ արտոնությունների կիրառումը նպաստել է հայկական արտահանման աճին․ Միրզոյան

ԵՄ արտոնությունների կիրառումը նպաստել է հայկական արտահանման աճին․ Միրզոյան

Եվրամիության կողմից հայկական արտադրանքի համար սահմանված առևտրային արտոնությունների կիրառման ուղղությամբ աշխատանքներն արդեն արդյունք են տալիս՝ ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով։ Այս մասին նոյեմբերի 17-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար առևտրային միջոցների տրամադրումը։

Եվրամիությունը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ից՝ երկու տարի ժամկետով։ Դրանք նախատեսում են դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ի ժամանակավոր ազատականացում, այդ թվում՝ մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի կասեցում։

Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ այս միջոցներն ընդունվել են Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումներից հետո՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։

Միրզոյանն ու Կոսը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումը և տնտեսական համագործակցության խորացումը։

Կողմերը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ կապերի զարգացման ու դիմակայունության ամրապնդման ուղղությամբ քաղաքական հանձնառությունները կոնկրետ ծրագրերի և ներդրումների վերածելու աշխատանքներին։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Հաղորդագրությունում այս քննարկման մանրամասները չեն նշվում։

Հայաստանն ու Եվրամիությունը 2025-ի դեկտեմբերի 2-ին ընդունել են գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Այն ներառում է քաղաքական, տնտեսական, անվտանգության, էներգետիկայի և տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտներում համագործակցության առաջնահերթությունները։

Նոյեմբերի 16-ին Միրզոյանը Բրյուսելում մասնակցել էր նաև ԵՄ նախաձեռնությամբ կազմակերպված միջտարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության նախարարական հանդիպմանը, որտեղ անդրադարձել էր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

2026-ի մայիսից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրի, մրգերի, բանջարեղենի և ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Հունիսի 12-ից ռուսական կողմը սահմանափակել է նաև Հայաստանից բուսական ծագման կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումն ու տարանցումը՝ պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Մոսկվան պնդում է, որ սահմանափակումները պայմանավորված են վերահսկողական մարմինների արձանագրած խնդիրներով, մինչդեռ ԵՄ-ն դրանք դիտարկում է որպես Հայաստանի արտահանման շուկաներին հասցված տնտեսական հարված։ Այդ սահմանափակումների հետևանքները մեղմելու և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով Եվրամիությունը հոկտեմբերի 10-ից երկու տարով մաքսային արտոնություններ է սահմանել հայկական ապրանքների համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում