Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հարկային արտոնություն է նախատեսում Եվրասիական զարգացման բանկից փոխառություններ ստացողների համար

Կառավարությունը հարկային արտոնություն է նախատեսում Եվրասիական զարգացման բանկից փոխառություններ ստացողների համար

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հարկային արտոնություն սահմանել Եվրասիական զարգացման բանկից (ԵԶԲ) փոխառություններ ստացող տնտեսավարողների համար։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Ֆինանսների նախարարության մշակած նախագծով առաջարկվում է Եվրասիական զարգացման բանկը ներառել միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկում, որոնցից ստացված փոխառությունների տոկոսների նկատմամբ շահութահարկի հաշվարկման ժամանակ ծախսերի նվազեցման առավելագույն սահմանափակում չի կիրառվում։

Փոփոխությունը նշանակում է, որ ԵԶԲ-ից փոխառություններ ստացած տնտեսավարողները կկարողանան այդ միջոցների դիմաց հաշվարկված տոկոսները նվազեցնել իրենց համախառն եկամտից՝ առանց նշված առավելագույն սահմանափակման։ Դա որոշ դեպքերում կարող է հանգեցնել վճարման ենթակա շահութահարկի նվազման։

Ներկայում Հայաստանի հարկային օրենսգիրքը (114-րդ հոդված) նման հնարավորություն նախատեսում է կառավարության սահմանած ցանկում ընդգրկված միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների համար։

Ֆինանսների նախարարության հիմնավորման համաձայն՝ Եվրասիական զարգացման բանկն առայժմ այդ ցանկում ընդգրկված չէ, թեև նույնպես միջազգային զարգացման կազմակերպություն է և համապատասխանում է ցանկում ընդգրկված մյուս կառույցների չափանիշներին։

Նախագծի ընդունման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, կկիրառվի արդեն 2026-ի հաշվետու տարվա և հետագա տարիների համար շահութահարկի հաշվարկման նպատակով։

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ փոփոխությունը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազման։ Սակայն նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն այդ գնահատականը հաստատող թվային հաշվարկներ կամ տեղեկություններ արտոնությունից օգտվող հնարավոր տնտեսավարողների թվի մասին։

Նախագծով նախատեսվում է նաև գործող որոշումից հանել պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների տոկոսներին վերաբերող ձևակերպումը։ Ֆինանսների նախարարության բացատրությամբ՝ այդ դրույթը որոշման կարգավորման առարկա չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում