Հայաստանի կառավարությունը նախատեսում է 42 մլն դրամ հատկացնել ռիելթորների գործունեության և նրանց միջոցով իրականացվող անշարժ գույքի գործարքների հաշվառման ու վերահսկողության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծմանը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից։ Նոր համակարգը նախատեսված է ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների նույնականացման, նրանց գործունեության հաշվառման, պայմանագրերի գրանցման և գործարքների հետագծելիության ապահովման համար։
Ըստ նախագծի հիմնավորման՝ համակարգը պետք է նվազեցնի անշարժ գույքի կրկնվող կամ կեղծ հայտարարությունների, չգրանցված գործունեության և խարդախությունների ռիսկերը։ Նախատեսվում է նաև ձևավորել անշարժ գույքի առաջարկների, գների, գործարքների և շուկայի միտումների վերաբերյալ միասնական տվյալների բազա։
Հարթակը նախատեսված է ոչ միայն ռիելթորների, այլև քաղաքացիների համար։ Կադաստրի կոմիտեի հիմնավորման համաձայն՝ համակարգում անշարժ գույքի առաջարկները կլինեն ստուգված, իսկ հարթակը փոխգործունակ կլինի անշարժ գույքի վաճառքի կայքերի հետ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում անշարժ գույքի առաջարկների, ռիելթորների, անշարժ գույքի կառավարիչների և կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունները մասնատված են, իսկ դրանց հավաստիությունը ստուգելու միասնական գործիքակազմը՝ սահմանափակ։
Կառավարությունը նաև ընդունում է, որ չունի արժանահավատ տվյալներ, թե անշարժ գույքի գործարքների որ մասն է իրականացվում ռիելթորների միջոցով։
Ըստ փաստաթղթում ներկայացված վիճակագրության՝ 2025-ին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 59,748 և վարձակալության 11,809 գործարք՝ ընդհանուր 71,557 գործարք։
2026-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է առուվաճառքի 54,108 և վարձակալության 8,476 գործարք՝ ընդհանուր 62,584։
Սակայն հայտնի չէ, թե դրանցից քանիսն են իրականացվել ռիելթորական ծառայությունների շրջանակում։ Նոր համակարգը նախատեսված է նաև ոլորտի գործունեության ավելի ամբողջական հաշվառման և պետական վերահսկողության ապահովման համար։
Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը նախատեսված է 2025-ի նոյեմբերին ընդունված «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով։ Կառավարությունը 2026–2031 թվականներին նախատեսում է նաև ռիելթորների մասնագիտական որակավորման համակարգի և նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրում։
Համակարգի ստեղծման համար կառավարությունը հատկացնելու է 42 մլն դրամ։
Կադաստրի կոմիտեի հիմնավորման համաձայն՝ բյուջեի եկամուտների վրա նոր համակարգի հնարավոր ազդեցությունը հնարավոր չէ հստակ գնահատել, քանի որ ներդրվող գործիքների վերաբերյալ վիճակագրություն դեռ չկա։
Նախագծում չի հստակեցվում, թե երբ կգործարկվի միասնական տեղեկատվական համակարգը և երբ այն հասանելի կդառնա քաղաքացիներին։












