Հայաստանն ու Գերմանիան համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում 2027-ի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել Հայաստան-Գերմանիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվել են 2026-ի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները։
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի կերպափոխման ընթացքը։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատանքները համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։
Հաջորդ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։
Հայաստանի և Գերմանիայի նախորդ պաշտպանական խորհրդակցություններն անցկացվել էին 2025-ի հոկտեմբերի 28-29-ին Երևանում՝ Լևոն Այվազյանի և Գերմանիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ։ Այդ ժամանակ կողմերն ամփոփել էին 2025-ի համագործակցության արդյունքները, համաձայնեցրել 2026-ի ծրագրերը և պայմանավորվածություններ ձեռք բերել պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։
2025-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում ստորագրել էին երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության հարցերով երկխոսություն, բարեփոխումների ոլորտում համագործակցություն և փորձի փոխանակում։
2026-ի հունիսի 17-ին Գերմանիայի դաշնային կառավարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն էր փոխանցել 16 ձյունագնաց՝ զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով։ ՊՆ-ի համաձայն՝ դրանք նախատեսված են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման համար։











