Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը (ՄՍՇՊՀ) ընդհանուր շուրջ 87,5 միլիոն դրամով տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա», «Յուքոմ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերություններին՝ հակամրցակցային համաձայնության համար։
Հանձնաժողովի իրականացրած վարույթով պարզվել է, որ երեք օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են «Թել Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ և պահանջելով նվազեցնել միջնորդավճարները։
Նոր սակագների շուրջ համաձայնության չգալով՝ օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են այդ կազմակերպությունների հետ գործող պայմանագրերը։
Ըստ ՄՍՇՊՀ-ի՝ օպերատորների գործողությունների նպատակը եղել է իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերի՝ «Մոբիդրամի», «Յուփեյի» և «Թիմ Փեյի» առաջմղումը։
Հանձնաժողովի տվյալներով՝ պայմանագրերի լուծումից անմիջապես հետո կտրուկ աճել են օպերատորների սեփական վճարային հավելվածների ներբեռնումները, հաճախորդների թիվը և դրանցով իրականացվող վճարային հոսքերը։ Այդ ցուցանիշները նվազել են միայն հանձնաժողովի միջամտությունից՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։
2026-ի փետրվարի սկզբին «Իդրամ», «Թել Սել», «Իզի Փեյ» և «Ֆասթ Շիֆթ» վճարային համակարգերով դադարեցվել էր երեք օպերատորների կապի ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հնարավորությունը։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում միջանկյալ միջոց էր կիրառել երեք ընկերությունների նկատմամբ՝ պարտավորեցնելով վերականգնել վճարումների հնարավորությունը։
Մարտի 4-ին հանձնաժողովը հայտնել էր, որ օպերատորները պետք է ապահովեն բջջային կապի, ինտերնետի և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց վճարումները նշված կազմակերպությունների տերմինալներով, մասնաճյուղերով, էլեկտրոնային դրամապանակներով և հավելվածներով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
Այդ միջամտությունից հետո սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու վճարային համակարգերից։












