Գլխավոր Լրահոս

Ավտոմեքենաների քանակը այսուհետ միայն պետք է պակասի. Տիգրան Ավինյան

Հասանելի է

русский
Ավտոմեքենաների քանակը այսուհետ միայն պետք է պակասի. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի, իսկ հանրային տրանսպորտը դառնա տեղաշարժվելու ավելի արագ և հուսալի միջոց։ Քաղաքապետարանը պատրաստվում է քննարկման ներկայացնել որոշ մեքենաների մուտքը քաղաքի առանձին հատվածներ սահմանափակելու և լրացուցիչ վճարներ սահմանելու առաջարկներ։

Չորեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառներն ու դրանց դեմ պայքարի նախատեսվող քայլերը։ Նրա խոսքով՝ առաջարկների ամբողջական փաթեթը հանրային քննարկման կներկայացվի մոտ երկու շաբաթից։

Ավինյանի գնահատմամբ՝ Երևանի ճանապարհների ծանրաբեռնվածության հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է։ Քաղաքապետն ընդունել է, որ երթևեկության միջին արագությունը նվազում է, և ավտոմեքենաների քանակը շարունակելու է աճել։

Նրա խոսքով՝ խցանումների մյուս կարևոր պատճառը վարորդական վատ մշակույթն է։ Երթևեկության կանոնների խախտումները, որոնք երկու-երեք տարի առաջ հնարավոր էր համեմատաբար հեշտ հաղթահարել, այժմ մեքենաների մեծ հոսքի պայմաններում շղթայական խցանումներ են առաջացնում։

Ավինյանը պնդել է, որ նույնիսկ ներկայիս ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր կլիներ խուսափել 10 բալանոց խցանումներից, եթե պիկ ժամերին կանխվեին երթևեկությունը խաթարող մի շարք խախտումներ։

Քաղաքապետը խցանումների պատճառներից է համարել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում գործող կարգավորումները։ Նրա խոսքով՝ նույնիսկ աննշան բախումից հետո վարորդները հաճախ ստիպված են երկար ժամանակ ճանապարհին թողնել մեքենաները՝ ապահովագրական հատուցման հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

«Մենք այդպես մի հատ իրար ավտոներով քսենք, պարտավոր ենք մի կես ժամով այդ ճանապարհը փակել»,- ասել է Ավինյանը՝ քննադատելով նման դեպքերում մեքենաները տեղաշարժելու սահմանափակումները։

Նա պնդել է, որ գործող կարգավորումների ընդունման վրա ազդեցություն է ունեցել ապահովագրական ընկերությունների շահերի պաշտպանությունը։

Խցանումների մեկ այլ պատճառ, ըստ քաղաքապետի, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի պակասն է։ Թեև վերջին տարիներին թարմացվել է ավտոբուսային պարկը և ներդրվել միասնական տոմսային համակարգը, ավտոբուսներն ու տրոլեյբուսները դեռևս մեծապես կախված են ընդհանուր երթևեկությունից։

Որոշ մեքենաների մուտքը կարող է սահմանափակվել

Ավինյանի ներկայացրած առաջարկներից մեկը Երևանի որոշ հատվածներում ավտոմեքենաների մուտքը դրանց արտանետումների մակարդակով պայմանավորելն է։

Քաղաքապետի խոսքով՝ հնարավոր է սահմանել գոտիներ, որտեղ կկարողանան մուտք գործել, օրինակ, Եվրո 4 արտանետումների ստանդարտին համապատասխանող մեքենաները, իսկ մյուսների համար կգործեն լրացուցիչ սահմանափակումներ։ Նա չի բացառել նաև այդ հատվածներ ավելի բարձր արտանետումներ ունեցող մեքենաներով մուտք գործելու համար ֆինանսական բեռ սահմանելու հնարավորությունը։

Ավինյանի խոսքով՝ նման սահմանափակումների նպատակը ոչ միայն խցանումների նվազեցումն է, այլև օդի աղտոտվածության դեմ պայքարը։

Նա հատկապես մտահոգիչ է համարել ազոտի երկօքսիդի՝ NO2-ի մակարդակը, որի առաջացման աղբյուրներից են ավտոմեքենաների արտանետումները։

Հարցազրույցի ընթացքում բարձրացվել է նաև առաջարկվող սահմանափակումների սոցիալական արդարության հարցը. արդյոք դրանք առավել ծանր չեն անդրադառնա հին և համեմատաբար էժան ավտոմեքենաներ օգտագործող քաղաքացիների վրա։

Ավինյանը չի համաձայնել, որ սահմանափակումներն անպայման առավել ծանր կլինեն ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։ Նրա խոսքով՝ բարձր արտանետումներ կարող են ունենալ նաև թանկարժեք, մեծ շարժիչներով մեքենաները, մինչդեռ շուկայում կան համեմատաբար մատչելի էլեկտրական ավտոմեքենաներ։

Քաղաքապետը շեշտել է, որ խոսքը բոլոր ավտոմեքենաներն արգելելու մասին չէ։

«Ավտոմեքենաների քանակը չի կարող ավելանալ քաղաքում։ Ավտոմեքենաների քանակը այսուհետ միայն պետք է պակասի, և դրա փոխարեն պետք է աշխատի հուսալի հանրային տրանսպորտը»,- հայտարարել է նա։

Հանրային տրանսպորտին՝ առաջնահերթություն

Խցանումների դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը քաղաքապետը համարել է ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնումը։ Նրա խոսքով՝ 2027-ին նախատեսվում է նոր գծեր ներդնել՝ ընդգրկելով Երևանի բոլոր վարչական շրջանները։

Ի տարբերություն ավտոմեքենաների մուտքի սահմանափակումների՝ առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումը, ըստ Ավինյանի, քննարկման ենթակա չէ։ Նպատակն է ապահովել հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքը, որպեսզի քաղաքացիները կարողանան կանխատեսել իրենց տեղաշարժի տևողությունը։

Քաղաքապետի համոզմամբ՝ նոր ճանապարհների և էստակադաների կառուցումն ինքնին չի լուծելու խցանումների խնդիրը։ Դրանք կարող են միայն ժամանակավորապես թեթևացնել իրավիճակը, եթե միաժամանակ չնվազի անձնական ավտոմեքենաների օգտագործումը։

Ավինյանը կարևորել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար պատժամիջոցների խստացումը։

Նրա խոսքով՝ արդեն ընդունվել են որոշ խախտումների համար դրամական տուգանքներն ու տուգանային միավորները խստացնող օրենսդրական փոփոխություններ։ Քաղաքապետարանը նաև տեսախցիկներով արձանագրված որոշ խախտումների տեսանյութեր է փոխանցում Ներքին գործերի նախարարությանը՝ վարչական վարույթների համար։

Անդրադառնալով վճարովի կայանատեղիների սակագների նախկին բարձրացմանը՝ Ավինյանն ընդունել է, որ այդ միջոցառման սկզբնական ազդեցությունը հետագայում չեզոքացվել է ավտոմեքենաների թվի աճի հետևանքով։

Ինչո՞ւ լուծումները ավելի վաղ չեն իրականացվել

Հարցին, թե ինչու քաղաքապետարանը խցանումները կանխելու արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել ավելի վաղ, երբ ավտոմեքենաների թվի աճն արդեն ակնհայտ էր, քաղաքապետը պատասխանել է, որ 2024-ից քաղաքապետարանը սկսել է զարգացնել երթևեկության կառավարման և տվյալների հավաքագրման ենթակառուցվածքները։ Տեսախցիկների միջոցով հավաքագրվող տեղեկությունները, ըստ նրա, այժմ հնարավորություն են տալիս գնահատելու քաղաքի տարբեր հատվածների երթևեկության հոսքերը և առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությունը։

Ավինյանը հիշատակել է նաև 2026-ի հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք, նրա խոսքով, քաղաքապետարանին երթևեկության կազմակերպման հարցերում լրացուցիչ լիազորություններ են տվել։

Նա ընդունել է, որ նախատեսվող սահմանափակումները կարող են հանրային դիմադրության հանդիպել՝ հիշեցնելով միասնական տոմսային համակարգի ներդրման և կանաչապատման ծրագրերի շուրջ նախկին հակասությունները։

Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ առանց ավտոմեքենաների օգտագործման նոր կարգավորումների հնարավոր չի լինի երկարաժամկետ լուծում տալ Երևանի խցանումներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում