Հայաստանում քննարկվում է օրենսդրական փոփոխություն, որով տաքսու վարորդները կկարողանան անմիջականորեն համագործակցել Yandex Taxi-ի հետ՝ առանց միջնորդ ավտոպարկերի ծառայություններից պարտադիր օգտվելու։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնես»-ին չորեքշաբթի տված հարցազրույցում ասել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ներկայում վարորդները հարթակի հետ համագործակցում են նաև ավտոպարկերի միջոցով, որոնք մատուցվող ծառայությունների դիմաց միջնորդավճար են գանձում։
Գևորգյանն ասել է, որ Հայաստանում գործում է ավելի քան 200 ավտոպարկ, որոնց միջև վարորդները կարող են ընտրություն կատարել։ Սակայն հանձնաժողովն առաջարկում է նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի սեփական մեքենայով աշխատող վարորդները, որոնք ավտոպարկի լրացուցիչ ծառայությունների կարիքը չունեն, կարողանան անմիջապես համագործակցել Yandex-ի հետ։
Այս դեպքում վարորդները կազատվեն ավտոպարկի միջնորդավճարից, սակայն դա չի ենթադրում Yandex հարթակի ծառայությունների դիմաց վճարի վերացում։
Գևորգյանի խոսքով՝ առաջարկն արդեն ներկայացվել է պետական գործընկերներին և քննարկվում է։ Փոփոխությունը կարող է վերաբերել ոչ միայն տաքսու վարորդներին, այլև առաքիչներին և ինքնազբաղված այլ անձանց։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնություն կառավարության կամ Ազգային ժողովի կողմից։
Ինչո՞ւ են պիկ ժամերին բարձրանում տաքսու գները
Հարցազրույցում Գևորգյանն անդրադարձել է նաև Yandex Taxi-ի գնագոյացմանը՝ բացատրելով պիկ ժամերին ուղևորությունների արժեքի բարձրացման պատճառները։
Նրա խոսքով՝ ուղևորության գինը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ինչպես անցած ճանապարհը, այնպես էլ վարորդի ծախսած ժամանակը։
Խցանումների պայմաններում վարորդը նույն հեռավորությունն անցնելու համար ավելի երկար ժամանակ է ծախսում, ինչի հետևանքով նվազում է օրվա ընթացքում հնարավոր ուղևորությունների թիվը։
Գևորգյանի բացատրությամբ՝ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող գործակիցները նպատակ ունեն վարորդներին խրախուսել ուղևորություններ կատարել նաև ծանրաբեռնված ժամերին։
Նա նշել է, որ ուղևորության գինը կարող է բարձրանալ մինչև երեք անգամ, սակայն նման առավելագույն գործակիցներով ուղևորությունները, իր ներկայացրած տվյալներով, գրեթե չեն հանդիպում։ Կրկնապատիկից բարձր գործակցով ուղևորությունների մասնաբաժինը չի գերազանցում 2 տոկոսը։
Գևորգյանի խոսքով՝ երբ գործակիցը գերազանցում է երկուսը, Yandex-ը տվյալ ուղևորությունից եկամուտ չի ստանում, իսկ գումարը փոխանցվում է վարորդին։
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Yandex-ի միջնորդավճարներին՝ նշելով, որ հանձնաժողովի միջամտությամբ ամենաէժան կատեգորիայում դրանք նվազեցվել են։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը տիրապետում է հարթակի շրջանառության և գնագոյացման վերաբերյալ տվյալներին և կարող է ուսումնասիրել ընկերության եկամուտներն ու վարորդների վճարումները։
Միաժամանակ վարորդների՝ առանց միջնորդ ավտոպարկերի աշխատելու առաջարկը դեռ քննարկման փուլում է։ Գևորգյանը չի հստակեցրել, թե երբ կարող են համապատասխան օրենսդրական փոփոխությունները ներկայացվել կամ ընդունվել։












