Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 19-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Նախատեսվում է իմ այցը Ադրբեջան, ոչ Բաքու քաղաք, նախապես ասում եմ», - ասել է Սիմոնյանը։
Նա չի հստակեցրել, թե Ադրբեջանի որ քաղաք է մեկնելու՝ նշելով, որ այդ մասին կհայտնի ավելի ուշ։ Սիմոնյանի խոսքով՝ այցը պատասխան է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ավելի վաղ Հայաստան կատարած այցին։
Հունիսի 14-ին Հաջիևն այցելել էր Դիլիջան, որտեղ հանդիպել էր Հայաստանի այն ժամանակվա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Կողմերը քննարկել էին խաղաղության օրակարգին առնչվող հարցեր և պայմանավորվել շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի Ադրբեջանում։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում արդեն Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևն էին քննարկել խաղաղության օրակարգը։ Նոյեմբերի 12-ին նրանք շփումներ էին ունեցել նաև Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Սիմոնյանի խոսքով՝ Դուբլինում Հաջիևի հետ անդրադարձել են տարբեր հարցերի՝ գերիներից մինչև հետագա հանդիպումներ։
Անդրադառնալով անհետ կորածների հարցով Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ ադրբեջանական կողմն աշխատանքային պլանի նախագիծ է ներկայացրել, իսկ հայկական կողմը նույնպես պատրաստել է իր առաջարկները։
«Մոտ ժամանակներում կփոխանցենք մեր պատկերացումները և մեր նախաձեռնությունը», - ասել է Սիմոնյանը՝ նշելով, որ նախատեսում են համադրել առաջարկները և աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ դեռ Բիշքեկում Հաջիևի հետ քննարկումների ժամանակ կողմերը պայմանավորվել են փոխանակվել ճանապարհային քարտեզներով։
«Երկու կողմից էլ՝ թե մեր կողմից, թե իրենց կողմից, անբավարարվածություն կա արդեն գործող և արված աշխատանքի վերաբերյալ», - նշել է Սիմոնյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու դժվարություններից մեկը 1990-ականների պատերազմի վերաբերյալ հստակ և ամբողջական տվյալների բացակայությունն է։ Նա նշել է, որ քննարկել են նաև կիպրական փորձը, որը հնարավորություն է տալիս լուսանկարների և արխիվային նյութերի համադրմամբ վերականգնել մարդկանց տեղաշարժի հնարավոր ուղիներն ու որոշել որոնողական աշխատանքների վայրերը։
Անդրադառնալով անհետ կորած համարվող անձանց հնարավոր գերության մեջ գտնվելու հարցին՝ Սիմոնյանը նշել է, որ այդ հնարավորությունը չի բացառվում։
«Անհայտ կորած նշանակում է, որ այդ մարդու վերաբերյալ որևիցե տեղեկություն չկա»,- ասել է նա։
Սիմոնյանի պարզաբանմամբ՝ հաստատված գերիների վերաբերյալ առկա են համապատասխան տվյալներ, մինչդեռ անհետ կորածների ճակատագիրն անհայտ է։ Նա ընդգծել է, որ անհետ կորածի կարգավիճակը չի նշանակում, թե տվյալ անձը մահացած է։
ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ հայկական կողմը չի հիմնվելու բացառապես Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վրա։ Նրա խոսքով՝ հաշվի են առնվելու նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային այլ կառույցների տվյալները։
Սիմոնյանը հայտնել է նաև, որ նոյեմբերի վերջին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այցը Հայաստան։
Նոյեմբերի 16-ին նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչներն արդեն հայտնել էին, որ պատրաստվում են Հայաստանում ընդունել ադրբեջանցի գործընկերներին, սակայն այցի կոնկրետ ժամկետ չէին հրապարակել։
Նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները 2025-ի հոկտեմբերին հանդիպել էին Երևանում, նոյեմբերին՝ Բաքվում։ Հերթական հանդիպումը կայացել էր 2026-ի ապրիլին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր։












