Գլխավոր Լրահոս

«Կարծում եմ՝ արդյունքներ կլինեն»․ Թրամփը՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ

«Կարծում եմ՝ արդյունքներ կլինեն»․ Թրամփը՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում շուրջ 40 րոպե տևած հանդիպում են ունեցել՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Կրեմլի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի պատերազմը։

Հանդիպման սկզբում Թրամփը Պուտինին անվանել է իր ընկերը։

«Ո՞վ է սա։ Սա իմ ընկերն է», - ասել է ԱՄՆ նախագահը՝ մտնելով բանակցությունների սենյակ և մոտենալով Պուտինին։

«Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ունենք։ Վաղուց ենք ճանաչում միմյանց։ Կարծում եմ՝ այս հանդիպումից շատ լավ բաներ կարող են ստացվել կամ առնվազն դրանց սկիզբը դրվել։ Բայց կարծում եմ՝ արդյունքներ կլինեն», - հայտարարել է Թրամփը։

Ամերիկյան պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ռուսական կողմից ներկա են եղել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Լրագրողներին թույլատրվել է ներկա գտնվել միայն հանդիպման սկզբին, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ քննարկվել է Ուկրաինայի պատերազմը, սակայն քննարկումների մանրամասներ չի ներկայացրել։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հանդիպումը դրական է գնահատել՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահը բանակցություններից դուրս է եկել «գերազանց» տրամադրությամբ։

Մինչ հանդիպումը Կրեմլը հայտնել էր, որ առաջնորդների խիտ ժամանակացույցի պատճառով լիարժեք երկկողմ բանակցություններ նախատեսված չեն։ Պեսկովը որպես քննարկման հիմնական թեմա նշել էր Ուկրաինան՝ չբացառելով նաև Իրանի շուրջ զարգացումներին անդրադարձը։

Սա Թրամփի և Պուտինի առաջին առանձին հանդիպումն էր 2025-ի օգոստոսի 15-ին ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում կայացած բանակցություններից հետո։ Այն ժամանակ երկու նախագահները քննարկել էին Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավորությունները, սակայն հրադադարի կամ խաղաղության համաձայնության չէին հասել։

Չինաստանում հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում շարունակվող պատերազմի և դրա կարգավորման շուրջ ամերիկյան միջնորդական ջանքերի պայմաններում։ Կիևը և եվրոպական մի շարք երկրներ մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինային վերաբերող որոշումները կարող են քննարկվել առանց ուկրաինական կողմի մասնակցության։

Նոյեմբերի 19-ին Շենժենում նախատեսված են նաև Թրամփի, Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ բանակցությունները։ Սպասվում է, որ հիմնական թեմաներից կլինեն Ուկրաինայի և Իրանի պատերազմները, ինչպես նաև միջուկային սպառազինությունների վերահսկումը։

Եռակողմ հանդիպումը նախատեսվում է այն պայմաններում, երբ 2026-ի փետրվարին ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական միջուկային սպառազինությունները սահմանափակող New START պայմանագրի գործողությունը։ Թրամփը ցանկանում է միջուկային սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագրում ներգրավել նաև Չինաստանին, մինչդեռ Պեկինը դեմ է արտահայտվել այդ ձևաչափով բանակցություններին մասնակցելուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում