Գլխավոր Լրահոս

Գազի 10 տոկոս թանկացումը կարող է գնաճն ավելացնել 0,6 տոկոսային կետով․ ԿԲ նախագահ

Գազի 10 տոկոս թանկացումը կարող է գնաճն ավելացնել 0,6 տոկոսային կետով․ ԿԲ նախագահ

Հայաստանում բնական գազի գնի 10 տոկոս բարձրացումը, Կենտրոնական բանկի հաշվարկներով, կարող է գնաճն ավելացնել 0,6 տոկոսային կետով՝ հաշվի առնելով նաև էլեկտրաէներգիայի և արտադրանքի ինքնարժեքի վրա ազդեցությունը։ Այդ մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում՝ 2027-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք այդ հաշվարկները արել ենք, ուղղակի ինքը սցենար չի, ինքը սթրես տեստ է»,- ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ ԿԲ-ն հաշվարկել է գազի հնարավոր թանկացման ազդեցությունը ոչ միայն սպառողների վճարների, այլև էլեկտրաէներգիայի արտադրության և այն օգտագործող տնտեսության ճյուղերի ծախսերի վրա։

Գալստյանի ներկայացրած հաշվարկով՝ գազի գնի 1 տոկոս բարձրացումը կարող է գնաճն ավելացնել 0,06 տոկոսային կետով, իսկ 10 տոկոս բարձրացումը՝ 0,6 տոկոսային կետով։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ գազի գնի տարբեր չափերի փոփոխությունների ազդեցությունը պարտադիր չէ, որ համաչափ լինի։

«Այնտեղ կա բնականաբար ոչ գծային գործոններ, այսինքն 10 տոկոսը ու 100 տոկոսը կարող են իրարից էապես տարբերվեն», - նշել է ԿԲ նախագահը։

Գալստյանն ընդգծել է, որ խոսքը պայմանական հաշվարկի մասին է, ոչ թե գազի գնի բարձրացման կանխատեսման։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկում գազի հնարավոր թանկացումը դիտարկվում է որպես փոքր հավանականությամբ, սակայն մեծ ազդեցությամբ ռիսկ։

ԿԲ նախագահը պարզաբանել է, որ նման զարգացումները քննարկվում են, սակայն չեն ներառվում ընթացիկ որոշումների հիմքում, քանի որ բանկը չունի գործիքակազմ՝ դրանց նախապես արձագանքելու համար։ Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կարձագանքի զարգացումների տեղի ունենալուց հետո։

Անդրադառնալով դրամի փոխարժեքին՝ Գալստյանը հայտնել է, որ Կենտրոնական բանկը փոխարժեքի կանխատեսումներ չի անում։

«Մենք կանխատեսումներ չենք անում փոխարժեքի հետ կապված, որովհետև փոխարժեքը այն փոփոխականներից մեկն է, որը ձևավորվում է շուկայական ուժերի փոխազդեցության ներքո», - ասել է նա։

Գալստյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին ԿԲ-ն փոխել է նաև տնտեսական զարգացումների վերաբերյալ իր մոտեցումը՝ առանձին կանխատեսումների փոխարեն ներկայացնելով հնարավոր սցենարներ և դրանց ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա։

ԿԲ-ն դիտարկում է երկու հիմնական խումբ՝ գնաճային ճնշումների ուժեղացման և գնանկումային զարգացումների սցենարներ։ Առաջինի դեպքում բարձր գնաճն ու տնտեսական աճը կարող են պահանջել շուկայական սպասումներից բարձր տոկոսադրույքներ։ Երկրորդի դեպքում, օրինակ՝ ներքին պահանջարկի կամ զբոսաշրջության նվազման պայմաններում, կարող է անհրաժեշտ լինել ավելի ցածր տոկոսադրույքային ուղեգիծ։

Գալստյանի խոսքով՝ ԿԲ խորհուրդը որոշումներ է կայացնում այս հնարավոր զարգացումները համադրելու արդյունքում։

Նոյեմբերի 3-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7 տոկոս։ ԿԲ-ի տվյալներով՝ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել էր 4,3 տոկոս՝ գերազանցելով 3 տոկոս թիրախային մակարդակը։ Տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը բանկը հիմնավորել էր գնաճային ճնշումների և տնտեսական անորոշությունների պայմաններում ռիսկերը կառավարելու անհրաժեշտությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում