«Սբերբանկ CIB»-ի համանախագահ Ռուբեն Վարդանյանը 20 տարի ղեկավարել է ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը։ Բրենդն անցած տարվանից արդեն պատմություն է։ Վարդանյանը, որը մեկ տարի հետո լքելու է ներդրումային բիզնեսը, ռուսական «Վեդոմոստի» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է «Տրոյակա դիալոգ»-«Սբերբանկ» համագործակցությանը, ներկայացրել բարեգործության նկատմամբ մոտեցումների փոփոխությանն ուղղված իր ծրագրերը, մանրամասնել սեփական ներդրումային նախագծերը, այդ թվում՝ «Դիլիջան» կրթական նախագիծը։
«Մեկ տարի անց հետ նայելով՝ կարելի է ասել, որ «Սբերբանկի» և «Տրոյկա դիալոգի» բիզնեսների ինտեգրումը պիտի ավելի արագ և վճռական կատարվեր: Մյուս կողմից՝ մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել։ «Սբերբանկը», բացի «Տրոյկա դիալոգից», գնել է Volksbank International-ը, DenizBank-ը, Ynadex money վճարային համակարգը, ինչպես նաև ֆրանսիական Cetelem խմբի հետ համատեղ բանկում՝ մասնաբաժին։ Ռուսական բանկի վերափոխումը միջազգային խմբի, որում ընդգրկված են բազմաթիվ ընկերություններ, մտածողության լրջագույն փոփոխություն է ենթադրում, քանի որ կենտրոնական ապարատը ներկայում վերահսկում է բիզնեսը ոչ միայն Ռուսաստանում, այլև այն երկրներում, որտեղ ներկայացված է «Սբերբանկը»։ «Տրոյկայի» ներկայությունը և մասնակցությունը այս գործընթացներին լուրջ փոփոխությունների խթան է դարձել»,– նշել է Վարդանյանը։ Նա «Սբերբանկի» հետ համագործակցության մեկ տարին, ընդհանուր առմամբ, հաջողված է համարել, քանի որ բիզնեսների ինտեգրման հարցում թերությունները և բացթողումները աննշան են եղել՝ համեմատ գործակցության առավելությունների։
Իր ներդրումային և բարեգործական նախագծերում Վարդանյանը կարևորել է ոչ միայն եկամուտներ ստանալու գործոնը, այլև սեփական հետաքրքրությունները: «Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, երբ կարևորագույն հմտություններից մեկը այլ մշակույթները հասկանալու և ընդունելու ունակությունն է՝ ընդ որում, չկորցնելով սեփական մշակութային ինքնությունը»,– ասել է նա։
Այդպիսի միջազգային համագործակցության վառ օրինակ Վարդանյանը համարել է Դիլիջանի դպրոցը՝ ինչպես դոնորների, այնպես էլ ուսանողների տեսակետից: «Ակնկալվում է, որ առաջին իսկ տարում՝ 2014թ., մեզ մոտ սովորելու համար երեխաներ կժամանեն մոտ 30 երկրներից: «Դիլիջանը» միջազգային կրթական նախագիծ է, որը դուրս է գալիս մեկ երկրի սահմաններից և երիտասարդների համար ճանապարհ բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ՝ ինչպես ԱՄՆ-ում ու Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Դրանով մենք փորձում ենք կապ հաստատել այն մարդկանց միջև, որոնք կարող են ազդել աշխարհի ապագայի վրա»,– ասել է գործարարը։
Վարդանյանի խոսքով՝ Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման նախագծի բոլոր մասնակիցները գիտակցում են որ գաղափարը, որ դպրոցի շնորհիվ աշխարհում ղեկավարների նոր սերունդ կպատրաստվի, որը միմյանց լավ կճանաչի, քանի որ միասին է սովորել. սա կարևոր գործոն է աշխարհում անվտանգություն ապահովելու հարցում։
«Գոյություն ունի United World Colleges համակարգը, որը հիմնվել է 50 տարի առաջ: Նրանում ընդգրկված է 12 ուսումնական հաստատություն ամբողջ աշխարհից: Դրանք ընտրվում են 140 երկրներում ազգային հանձնաժողովների ցանցի միջոցով: UWC-ի 100 շրջանավարտների համար տարեկան ֆինանսական միջոցներ են հատկացվում ԱՄՆ-ի լավագույն բուհերում վերապատրաստելու նպատակով: Ivy League համալսարաններն իրենց ապագա ուսանողներին հավաքագրում են նաև այս դպրոցների աշակերտների շրջանում: Օրինակ՝ Atlantic College-ը Հարավային Ուելսում (The Times-ը կրթության ոլորտում ամենահետաքրքիր փորձն է որակել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր) միակ կրթական հաստատությունն է Մեծ Բրիտանիայում, որտեղ Հարվարդի և Յեյլի ներկայացուցիչներն անձամբ են ժամանում՝ շրջանավարտների ընտրություն կատարելու նպատակով: Ներկայում ընթանում է մեր դպրոցի՝ UWC-ին միանալու գործընթացը: Մենք կրթաթոշակների և դրամաշնորհների լայնածավալ ծրագիր ենք նախատեսում տաղանդավոր և շնորհալի աշակերտների համար՝ նպատակ ունենալով բարձրորակ միջազգային կրթությունը հասանելի դարձնել երիտասարդներին՝ անկախ նրանց ծնողների ֆինանսական կարգավիճակից: Դիլիջանի միջազգային դպրոցը բարեգործական նախաձեռնություն է ավելի քան $120 մլն բյուջեով, որը նախատեսված էր միայն կապիտալ շինարարության համար»,– ասել է Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ դպրոց հնարավոր կլինի ընդունվել ոչ թե 7, այլ 13 տարեկանից, երեխաներին ավելի հեշտ ընտրելու հնարավորություն կընձեռի, քանի որ այդ տարիքում նրանք արդեն ձևավորված անհատականություններ են։
«Կրկին անդրադառնալով «Դիլիջանին»՝ պետք է ասեմ, որ այս ամենի հիմքում ոչ թե լավագույն մտքերի արտահանման գաղափարն է, այլ դրանց ներմուծման: Կարևոր է, որ ոչ թե մեր երեխաներն ընդունվեն բրիտանական դպրոցներ, այլ արտասահմանցիները գան մեզ մոտ և սովորեն մեր կողքին»,– նշել է Վարդանյանը։
Անդրադառնալով բարեգործությանը՝ գործարարը նշել է, որ իր բոլոր ծրագրերն ուղղված են կապերի հաստատմանը, և բոլոր բարեգործական նախագծերը մուլտիպլիկացիոն էֆեկտ ունեն: «Դա այն է, ինչ ես ամենից լավ եմ անում՝ միավորել մեծ թվով տաղանդավոր և չափազանց տարբեր մարդկանց՝ ստեղծելով այն, ինչ արժեք ունի և օգուտ է բերում մարդկանց»,– մանրամասնել է Վարդանյանը։ Որպես սրա լավագույն օրինակ նա մատնանշել է «Տաթևեր» նախագիծը, որի շուրջ միավորվել է 18 տարբեր ազգությունների 120 ներկայացուցիչ:
«Ես ուզում եմ ստեղծել մի մեխանիզմ, որը կմիավորի բարի գործի համար գումար տալու ձեր ցանկությունն այն մարդկանց հետ, որոնք անկեղծորեն ցանկանում են և կարող են օգնել որևէ մեկին: Գաղափարը շատ պարզ է. օրինակ՝ կլինեն 20 բարեգործական հիմնադրամներ, որոնց դուք կարող եք ուղղել ձեր գումարը: Ընտրելով ֆոնդը և փոխանցելով գումար՝ դուք տարին մեկ անգամ զեկույց կստանաք այն մասին՝ որքան գումար է հավաքվել, ինչպես, երբ և որքան է ծախսվել: Դուք կարող եք ասել, որ ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է տնօրինվել ձեր գումարը, հետ վերցնել այն կամ փոխանցել այլ հիմնադրամի: Ես փորձում եմ մի մեխանիզմ ստեղծել, որի շրջանակներում ձեզ համար հարմարավետ կլինի գումար տալ, իսկ այն ստացող մարդիկ պատասխանատվություն կկրեն դրանք տնօրինելու համար, քանի որ պետք է հաշվետու լինեն ծախսված ամեն մի կոպեկի համար»,– ասել է Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ իր բոլոր նախագծերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի: Դրանցից առաջինի, օրինակ անշարժ գույքի հիմնադրամներում, ինչպես նաև Ուկրաինայում, Հայաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում կատարվող ուղղակի ներդրումների միջոցով նա գումար է վաստակում: Մի շարք ընկերություններում, օրինակ՝ «Նովատեկ», «Ռոսգոսստրախ», «Սիբուր», նա բաժնետեր է և տնօրենների խորհրդի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է՝ ելնելով իր հետաքրքրություններից։
Այս երկուսից բացի՝ Վարդանյանն առանձնացնում է նաև իր բիզնեսի այն մասը, որը «Տրոյկա դիալոգից» անջատել է դեռ 2002թ.: Գործարարն այն անվանում է multi-family office՝ մի շարք ընտանիքների ունեցվածքի կառավարում: Վարդանյանը բարեգործական ինդուստրիայի գաղափարների մշակման հեռանկարներում մեծ տեղ է հատկացնում Մոսկվայում իր հիմնած «Սկոլկովո» բիզնես կենտրոնին:
«Կարծում եմ՝ բարեգործական ընկերություններում պետք է պրոֆեսիոնալներ աշխատեն և դրա դիմաց պատշաճ վարձատրվեն։ Դա առանձին ինդուստրիա է։ Մենք շվեյցարական բանկերից մեկի հետ դիտարկում ենք «Սկոլկովոյում» այնպիսի առարկայի դասավանդման հնարավորությունը, ինչպիսին ֆիլանտրոպիան է՝ այս ոլորտում պրոֆեսիոնալներ պատրաստելու համար։ Մեր հիմնական բացթողումը և խնդիրն այն է, որ չկան որակավորված բավարար թվով մենեջերներ, իրավաբաններ, հաշվապահներ, որոնք կկարողանային ապահովել այս ինդուստրիայի բարձրակարգ սպասարկումը»,– ասել է Վարդանյանը։
Civilnet











