«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և ոսկու արտահանմամբ զբաղվող «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը համագործակցության նոր եզրեր են փնտրում, ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրությունում:
ՀԿԵ-ի ներկայացուցիչներ՝ Ֆիրմային տրանսպորտային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Եփրեմյանը, տնօրենի տեղակալ Վլադիմիր Լյոգկիյը և մարկետինգի, վերլուծության և սակագնային քաղաքականության բաժնի պետ Սվետլանա Մոսոյանն այցելել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր գոլդ» ընկերության հանքը՝ հանքարդյունաբերական գործընթացին և բեռնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կապված են բեռնման և բեռնաթափման գործընթացի հետ: Երկու ընկերությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են Արարատ կայարանում վագոնների պարապուրդի կրճատման և ոսկու արտահանման գործարան արագ ուղարկելու հարցերը, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն կայարանային ծախսերը:
ՀԿԵ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նաև հանքարդյունաբերության գործընթացին, այցելեցին ոսկու հանք:
«Մեղրաձոր գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հայրապետյանի խոսքով` ներկա պահին աշխատանքները կատարվում են 300 մետր խորության վրա: Հանքի մուտքից մինչև աշխատանքի վայր տարածությունը կազմում է 4,5 կմ: Հանքափորներին աշխատանքի վայր են բերում ուղևորատար փոքր վագոններով, ճանապարհը կազմում է 30-35 րոպե:
Հանքը շահագործվում է 1985-ից: 2006թ. շահագործումը կասեցվել է: Սակայն 2011թ. «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը շարունակեց իր գործունեությունը և ներկայում ՀԿԵ-ի խոշորագույն բեռնափոխադրողներից մեկն է:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ հանքի պաշարները կազմել են 300 հազ. տ: Առաջիկայում կկատարվի հանքի պաշարների նոր գնահատումը:
Ներկայում ընկերությունում աշխատում են 165 մարդ, որից 116-ը՝ Մեղրաձոր գյուղի բնակիչներ են:
Civilnet











