Գլխավոր Լրահոս

Լավատեսական նոտայի վրա

Լավատեսական նոտայի վրա

ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստորը կարող է հանգեցնել գլոբալ տնտեսության աճի տեմպի դանդաղման ու պահանջարկի կրճատման, ինչն ուղղակի և անուղղակի կերպով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա՝ օտարերկրյա ներդրումների ու արտահանման ծավալների, ինչպես նաև Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման տեսքով։ Այդուհանդերձ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով՝ պետք չէ գերագնահատել ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստորի գլոբալ ազդեցությունը։

Գլոբալ տնտեսության վրա ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստորի (մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր ծախսերը կրճատվելու են $85 մլրդ-ով, առաջիկա տասը տարում՝ $1,2 տրլն-ով) ազդեցության չափի վերաբերյալ տնտեսագետների կարծիքները տարբեր են։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ առաջիկա տարիներին բյուջետային ծախսերի կրճատման հետևանքով աշխատատեղերի նվազումը (ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հնչեցրել է 750 հազ. ցուցանիշը) կարող է հանգեցնել գլոբալ տնտեսության աճի տեմպի դանդաղման։ Ընդ որում՝ ծախսերի կրճատումը միայն այս տարի կարող է բերել ԱՄՆ-ի տնտեսության աճի տեմպի 0,4-0,6-տոկոսային կետով դանդաղման՝ մինչև 1,4%։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ այդուհանդերձ, պետք չէ գերագնահատել ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստորի ազդեցությունը գլոբալ տնտեսության վրա։ Իհարկե, այն որոշ ազդակներ հաղորդելու է շուկաներին, բայց դրանք կարճաժամկետ են։ «Տնտեսությունում տեղի են ունենում շատ-շատ զարգացումներ, և սա ընդամենը մեկ էլեմենտ է. գլոբալ տնտեսությունը բազմագործոն է։
Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր զարգացումներին, բայց նաև պետք է լավատես լինենք։ Տնտեսությունում լավատեսությունը լավ հատկություն է, և եթե դու դրական ազդակներ չես ուղղում բիզնեսին, նրա վարքագիծը տուժում է։ Պետք է փորձենք արհեստական վատատեսական ազդակներ չտալ»,– ասաց Դավթյանը՝ հավելելով, թե կառավարությունը միշտ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Քանի որ Հայաստանը փոքր տնտեսություն է և խոցելի է գլոբալ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, մենք միշտ մտքում պահում ենք հնարավոր սցենարները»,– ասաց նախարարը։

Այս տարվա բյուջեի հիմքում կառավարությունը դրել է ՀՆԱ-ի 6,2% աճ. այդուհանդերձ, գլոբալ տնտեսական աճի նվազման ռիսկերը կարող են ուղղակի և անուղղակի ճանապարհներով փոխանցվել Հայաստանի տնտեսություն, ընդ որում՝ անուղղակի ազդեցություններն ավելի մեծ կլինեն։

Եվրոգոտում տնտեսական անկումն առանց այն էլ խնդրահարույց է համաշխարհային պահանջարկի համար։ Այս պայմաններում դրամավարկային բնույթի խնդիրների լուծմամբ պայմանավորված ԱՄՆ-ի զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը համաշխարհային պահանջարկի հետագա կրճատման առումով կարող է է՛լ ավելի զգալի լինել։

Հետևանքները տեսանելի կլինեն նաև ոչ պարենային ապրանքների գլոբալ պահանջարկի և դրանց միջազգային գների վրա՝ կրկին նվազման ուղղությամբ։ Հաշվի առնելով Հայաստանի արտահանման կառուցվածքում ոչ պարենային ապրանքների մասնաբաժինը (մոտ 50%)՝ այս զարգացումները կհանգեցնեն առևտրի պայմանների վատթարացման և արտահանման դոլարային ծավալների անկման՝ նվազեցնելով տնտեսական աճի տեմպերը։

Համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղումը և համաշխարհային պահանջարկի կրճատումը կարող է որոշակիորեն դանդաղեցնել նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան։ Արտարժութային ներհոսքի կրճատման և ԱՄՆ-ի կողմից բյուջեի պակասուրդի կրճատման քաղաքականության արդյունքում դոլարի ամրապնդման պայմաններում կարող են ի հայտ գալ նաև դրամի արժեզրկման ռիսկեր։

Հայաստանի տնտեսության վրա գլոբալ զարգացումների անուղղակի ազդեցություն պետք է ակնկալել առավելապես Ռուսաստանից։ Ռուսաստանի տնտեսության վրա եվրոգոտում զարգացումների ազդեցությունը հիմնականում կփոխանցվի նավթի գների նվազման ճանապարհով։ Այն, իր հերթին, կարող է կրճատել Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը, ինչը կպայմանավորի Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների աճի տեմպերի դանդաղումը։ Վերջինս ազդեցություն կունենա ինչպես ներքին պահանջարկի նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղման, այնպես էլ փոխարժեքի վրա։

Այս տարվա փետրվարի կեսից համաշխարհային շուկայում կրկին նկատվում է մետաղների գների նվազում։ Այսպես, եթե փետրվարի 13-ին պղնձի 1 տոննայի գինը կազմում էր $8,2 հազ., ապա մարտի 12-ին այն արդեն $7,7 հազ. էր (գնանկումը՝ 6%), մոլիբդենի գները այդ ժամանակահատվածում նվազել են 3,5%-ով՝ մինչև 24,5 հազ.։

Մետաղների գները դեռ մտահոգիչ չեն, նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ պղնձի միջազգային գների նվազագույն շեմը, որի դեպքում Հայաստանում ակնհայտ խնդիրներ են սկսվում, $4,5 հազ./1 տոննա-ն է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ 2008թ.՝ ընդամենը վեց ամսվա ընթացքում, 1 տոննա պղնձի գինը $8,7 հազ-ից նվազեց մինչև $2,9 հազ., իսկ Հայաստանի հանքարդյունաբերությունը հայտնվեց կոլապսում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում