Դրամի արժեզրկման սպասումներն ու արտարժույթի շուկայի մասնակիցների սպեկուլյատիվ վարքագիծը Կենտրոնական բանկին կարծես հաջողվել է չեզոքացնել։ Մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի պահանջարկի 85%-ը բավարարել է գլխավոր դրամատունը՝ կանխելով դրամի կտրուկ արժեզրկումը։
Անցած շաբաթ՝ մարտի 4-7-ը, «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում Կենտրոնական բանկը վաճառել է $21,5 մլն։ Նույն ժամանակահատվածում բորսայում իրականացվել է $25,42 մլն-ի գործարք։ Բորսայի օրական գործարքների ծավալից երևում է, որ ԿԲ-ի ամենից մեծ միջամտությունը եղել է մարտի 4-ին (իրականացրել է $16 մլն-ի առք ու վաճառքի գործարք)։ Բորսայում դոլարի կտրուկ ամրապնդումն ամենայն հավանականությամբ կապված է ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստորի (հայտարարվեց մարտի 1-ին) հետ և դրանով պայմանավորված սպասումներով։
Չի բացառվում նաև, որ անցած շաբաթ բորսայում դոլարի պահանջարկի կտրուկ աճը կրել է սպեկուլյատիվ բնույթ, որը ԿԲ-ին կարծես հաջողվել է կանխել։ Անկախ արտարժութային շուկայում ԿԲ-ի ինտերվենցիաներից՝ օբյեկտիվ պատճառներով դրամի թուլացումը շարունակվում է։ Նախորդ տարիների միտումներից երևում է, որ մարտ-ապրիլ ամիսներին տեղի է ունենում դրամի արժեզրկում, քանի որ այդ ժամանակահատվածում տրանսֆերտների ծավալը միջին ամսականից նվազում է մոտ 25%-ով։
Թե առաջիկայում ինչպիսին կլինի դրամի վարքագիծը, առաջին հերթին պայմանավորված է շուկայի մասնակիցների սպասումներով, ինչպես նաև ԿԲ-ի կողմից իրավիճակին օպերատիվ արձագանքով։ Թեև ԿԲ-ն իրականացնում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, երբեմն նախընտրում է միջամտել շուկային՝ փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելու նպատակով։
Արտարժութային շուկայում դրամի արժեզրկման սպասումների մասին վկայում է թե՛ բորսայի, թե՛ արտարժութային շուկայի մասնակիցների վարքագիծը։ Մարտի 12-ին բորսայում գործարք չի եղել, պահանջարկի փոխարժեքը կազմել է Դ413/$1, առաջարկինը՝ Դ413,5/$1։ Մարտի 11-ին բորսայում միջին փոխարժեքը եղել է Դ411,17/$1։
Մարտի 12-ին արտարժույթի ներբանկային շուկայում դրամն արժեզրկվել է 1 կետով, դոլարի առքի և վաճառքի մարժան կազմել է Դ4-5, այն դեպքում, երբ սովորաբար այն չի գերազանցում Դ3-ը։ Այս ամենը ևս վկայում է դրամի հետագա արժեզրկման սպասումների մասին։

Civilnet










