Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) եվրոպացի փորձագետների հետ անցած երկու տարիներին ծախսել է €1,1 մլն՝ Հայաստանում մրցակցային դաշտի բարելավման համար։ Ծրագրի շրջանակներում սեմինարներ են կազմակերպվել թվով 106 լրագրողի, պետական և ոչ պետական մարմինների 156 աշխատակցի, 28 դատավորի, ինչպես նաև մարզային պետական կառույցների 61 աշխատակիցների համար. հանձնաժողովի 31 աշխատակիցներ գործուղվել են եվրոպական երկրներ։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ Եվրամիության «Թվինինգ» ծրագիրն ակնհայտորեն նպաստել է հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Երեկ ՏՄՊՊՀ-ն կազմակերպել էր ԵՄ «Թվինինգ» ծրագրի ավարտին նվիրված ամփոփիչ համաժողով: 2011թ. մեկնարկած երկամյա այս ծրագիրը կոչված էր նպաստելու ՏՄՊՊՀ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում մրցակցային դաշտի բարեփոխմանը։
Ըստ ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգի՝ ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետների և հայ գործընկերների համատեղ ջանքերը հաջողվել են: «Մենք լավ հիմքեր ենք դրել Հայաստանի մրցակցության մարմնի կարողությունների հետագա բարելավման և զարգացման համար»,– ասաց Պլեսինգը՝ հավելելով, թե համագործակցության ընթացքում էականորեն բարձրացել է մրցակցության մասին հայ գործընկերների տեղեկացվածության աստիճանը։
Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ ԵՄ փորձագետների մասնակցությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումների, համատեղ վարույթների, ինչպես նաև դատարաններում առկա գործերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման շնորհիվ ավելացել է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը: Շաբոյանը նշեց նաև, որ «Թվինինգ» ծրագրի շնորհիվ ՏՄՊՊՀ աշխատակազմը վերապատրաստվել է Գերմանիայում, ինչի արդյունքում էականորեն բարձրացել են վերջիններիս մասնագիտական կարողությունները: «Համագործակցության ընթացքում կատարված համալիր միջոցառումներն ընդհանուր առմամբ դրական են անդրադարձել հանձնաժողովի աշխատանքի վրա, ինչն ակնհայտ է նաև ցուցանիշներով: 2010-ից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Մասնավորապես՝ եթե 2008-2009 թթ. հանձնաժողովը կայացրել էր տնտեսավարողներին պատասխանատվության ենթարկելու 31 որոշում, 2010թ. այդ ցուցանիշը կազմել է 107, 2011թ.՝ 197, իսկ 2012թ.՝ 215 որոշում: Նշված ժամանակահատվածում օրինախախտների հանդեպ կիրառվել է ավելի քան Դ245 մլն-ի չափով տուգանք»,– ասաց Շաբոյանը:
Հայաստանի օրենսդրությունը բարելավելու և այն ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով եվրոպացի փորձագետները մշակել են մրցակցության օրենքում փոփոխություններ կատարելու և պետական օժանդակության վերահսկման մասին օրենքի առաջարկներ։
Թանկացումներ, այնուամենայնիվ, կան
Երեկ Արտակ Շաբոյանն անդրադարձավ նաև Զատկի տոներին ընդառաջ ձվի և ձկնամթերքի շուկայում նկատվող թանկացումներին: Ըստ նրա՝ բոլոր ձու արտադրողներ թռչնաֆաբրիկաների և խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչները հրավիրվել են հանձնաժողով և զգուշացվել, որ գների չհիմնավորված բարձրացումները օրենսդրության կոպիտ խախտում են։ Ձվի արտադրության ոլորտում կան խոշոր ընկերություններ, և գների չհիմնավորված բարձրացումը կդիտարկվի որպես գերիշխող դիրքի չարաշահում, նշեցին հանձնաժողովում։ Շաբոյանի խոսքով՝ ձվի գնի որոշ բարձրացում կա, արտադրողները ներկայացրել են հիմնավորման փաստաթղթեր, և դրանք ներկայում ուսումնասիրվում են։
Ինչ վերաբերում է ձկնամթերքի շուկային, ապա ըստ Շաբոյանի՝ վերջերս են ավարտել այս շուկայի ուսումնասիրությունները, և գրանցվել է երկու գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն՝ «Յունիֆիշը» և «Մասիս ձուկը»: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ օրերս սկսել են ընկերությունների արտադրանքի գնագոյացման ուսումնասիրությունը։
Civilnet











