Գլխավոր Լրահոս

«Արմավիան» կախվում է օդից

«Արմավիան» կախվում է օդից

Մարտի 14-ին լրանում է ՀՀ կառավարության կողմից «Արմավիային» մի շարք ուղղություններով թռիչքներ իրականացնելու տրված բացառիկ իրավունքի ժամկետը: Կառավարությունը, սակայն, դեռ չի կողմնորոշվում՝ ազատականացնե՞լ ավիափոխադրումների շուկան, թե՞ երկարաձգել «Արմավիայի» մենաշնորհը։ Ավիափոխադրումների «հույժ գաղտնիությունն» այնքան է խորացել, որ հնարավոր չէ պարզել, թե մարտի 14-ից հետո մի շարք ուղղություններով ինչպես և որ ընկերություններն են իրականացնելու ուղևորափոխադրումները:

2003թ. մարտի 14-ին «Արմավիայի» հետ տասը տարի ժամկետով կնքած պայմանագրով կառավարությունը նրան տրամադրել էր մի շարք օդային գծերով ուղևորափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք: Կառավարության, «Սիբիրի ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև կնքված եռակողմ ներդրումային պայմանագիրը «հույժ գաղտնի է» պահվում: «Օրակարգին» հնարավոր չեղավ պարզել դրա գործողության վերջնաժամկետը։ Մյուս կողմից, հաշվի առնելով պրակտիկան, այդ պայմանագրի վերջնաժամկետը ամենայն հավանականությամբ հենց մարտի 14-ն է։ Դա նշանակում է, որ կա՛մ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) կառավարությանը պետք է առաջարկի «Արմավիայի» հարցում որոշում ընդունել՝ երկարացնել նրա բացառիկ իրավունքի ժամկետը, կա՛մ այդ ուղղությունների սպասարկման համար հայտարարվի մրցույթ, շուկան փաստացի ազատականացվի։

Զարմանալիորեն կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում ՔԱԳՎ-ի կողմից ներկայացված որոշման որևէ նախագիծ ընդգրկված չէ։

ՔԱԳՎ-ի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն «Օրակարգին» տեղեկացրեց, որ «հարցի վերաբերյալ կառավարությունում անցկացվում են քննարկումներ, և վերջնական որոշման մասին հանրությունը կիրազեկվի»:

Ներկայում օդային ուղևորափոխադրումների շուկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բացառիկությունը չերկարաձգելը առաջին հերթին բխում է «Արմավիայի» շահերից։ Խնդիրն այն է, որ այս տարիներին, հատկապես վերջին երկու տարվա ընթացում, ավիափոխադրողը լուրջ պարտքեր է կուտակել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Մոտավոր հաշվարկներով՝ ավիաընկերության պարտքը գերազանցում է $30 մլն-ը, որից միայն մոտ $20 մլն-ը՝ ՀՀ առևտրային բանկերին։ «Արմավիայի» բազմաթիվ պարտապաններից մեկը «ՎՏԲ Հայաստան բանկն» է, որը փետրվարին ընկերության դեմ $10 մլն-ի դատական հայց է ներկայացրել:

Բացառիկության իրավունքի կորուստը «Արմավիայի» սեփականատիրոջը՝ Միխայիլ Բաղդասարովին, հնարավորություն կտա սնանկ ճանաչել ընկերությունը և լուրջ ֆինանսական կորուստներ չկրել։ Ընկերության միակ լուրջ ակտիվը բացառիկության իրավունքն է։ Թեև ավիափոխադրողի պաշտոնական կայքում նշվում է, որ ավիապարկում ութ օդանավ կա, իրականում դրանք բոլորը վերցված են լիզինգով և չեն հանդիսանում ընկերության սեփականությունը։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ բանկային համակարգին վնասներ չհասցնելու համար կառավարությունը որոշի «Արմավիայի» հետ նոր պայմանագիր կնքել։ Սակայն այդ դեպքում կառավարությունը ոչ թե պաշտպանելու է քաղաքացիական ավիացիայի զարգացումը, այլ ընդամենը՝ բանկերին, որոնք ճիշտ չեն գնահատել ռիսկերը։ Նախորդ տասը տարիների փորձը ցույց է տվել, որ «Արմավիան» մեծ ջանքեր չի գործադրել զարգացնելու ավիաուղղությունների աշխարհագրությունը և հիմնականում շահագործել է միայն եկամտաբեր ուղղությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում