Գլխավոր Լրահոս

Մեզ ֆիզիկապես ոչ ոք չի կարող գողանալ

Մեզ ֆիզիկապես ոչ ոք չի կարող գողանալ

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը Ֆեյսբուքում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ «Միլիոնանոց երթ ապրիլի 8-ին՝ դեպի Բաղրամյան 26»: Նա ժողովրդին կոչ է անում կա՛մ դուրս գալ փողոց և անհամաձայնություն հայտնել ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ, կա՛մ էլ շնորհավորել գործող նախագահին: ՍիվիլՆեթի հետ Զաքարյանի զրույցից հատվածներ ներկայացված են ստորև:

Նախաձեռնություն սկսելու միտքը առաջացավ մարտի 5-ին, երբ ես գնացի Ազատության հրապարակ և դրանից հետո տարբեր տեղերում և սոցցանցերում հետևեցի ժողովրդի, այսպես ասած, պահանջին: Նկատեցի, որ ժողովուրդը սպասում է կոնկրետ քայլի՝ իր դիրքորոշումն արտահայտելու այս համակարգի նկատմամբ: Ես հետևում եմ նաև պաշտոնական տեղեկատվությանը: Այսպիսի կարծիք կա, որ 500 հազ. հոգի ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, մի 500 հազ. հոգի էլ ասում են, որ բոյկոտել է, և ասում են, որ մի 500 հազ. հոգու ձայնն էլ գողացվել է: Հաշվի առնենք նաև, որ կա մեկ միլիոնի չափ մարդ, որ այս 20 տարում լքել է հայրենիքը, բայց դեռ չի փոխել քաղաքացիությունը: Ստացվում է, որ 2,5 միլիոն մարդ, որ ասում ենք՝ այսօր կա Հայաստանում, դժգոհ է այսօրվա համակարգից: Եվ իշխանությունները իրավունք ունեն ասելու, որ իրենք համաձայն չեն, մենք տեսնում ենք հրապարակում 2-3 հազ. հոգի: Ես էլ մտածեցի՝ ժողովո՛ւրդ, եկե՛ք՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է կոչ անում, մեկ անգամ մեր կյանքում գնանք մեր անհամաձայնության քվեն ֆիզիկապես ներկայացնենք իշխանություններին, գործող համակարգին, ասենք՝ պարոն Սարգսյան, այսքան մարդ եկել է Ձեզ հայտնելու, որ այլևս չեն վստահում Ձեր կառավարությանը, Ձեր համակարգին: Սա, ես կարծում եմ, կոնկրետ քայլ է, որ ժողովուրդը պահանջում է Րաֆֆի Հովհաննիսյանից:

—  Ուղղակի քվեարկություն Բաղրամյան պողոտայո՞ւմ:

— Անպայման գնանք, մեր քվեն՝ մեզ ֆիզիկապես ոչ ոք չի կարող գողանալ, ոչ ոք չի կարող ասել, որ մենք այնտեղ չենք, չեն կարող մեզ ջնջել, չեն կարող մեզ մոնտաժ անել: Ֆիզիկապե՛ս եկեք: Ես գիտեմ, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները 1,2 միլիոնի չափ են: Բայց նկատի ունեմ նաև նրանց, ովքեր դեռ չունեն ընտրելու իրավունք՝ 14, 15, 16, 17 տարեկաններին, որ արդեն գիտակցում են՝ ինչ բան է պետությունը, մտածում են իրենց ապագայի մասին: Եկե՛ք, ֆիզիկապե՛ս գնանք, գործող համակարգին ներկայացնենք մեր պահանջը:

— Նախաձեռնությունը Ձե՞րն է անձամբ, թե՞ ինչ-որ կազմակերպության կամ նախաձեռնող խմբի:

—  Ես դրեցի այս նախաձեռնությունը՝ մտածելով, եթե կա այդ ժողովուրդը, թող միանա: Ոչ մի կազմակերպություն չեմ ներկայացնում, ոչ մի կոնկրետ շարժման չեմ պատկանում: Իմ կուսակցությունը իմ ազգն է, սա իմ խոսքերը չեն, շատերն են ցիտում, բայց այս խոսքերից վաղուց մենք շեղվել ենք:

— Մտավախություն չունե՞ք, որ Դուք միգուցե պառակտում եք այն շարժումը, որ ձևավորվել է Ազատության հրապարակում և այլ քաղաքների հրապարակներում: Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց հավաքում է երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Դուք՝ ապրիլի 8-ին: Մի տեսակ պառակտման տպավորություն է ստեղծվում:

— Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ եղել ապրիլի 9-ի հավաքից: Հացադուլը ես համարում եմ ծայրահեղական քայլ, երբ բոլոր մնացած միջոցները սպառված են…

Երբ նա ասում է, որ ոչ մի հայի արյուն, ոչ մի հայի դիակ, ինքն էլ մտնում է այդ հայի մեջ, ինքն իր դիակի վրայով իրավունք չունի մեզ տանելու ինչ-որ հաղթանակի, դա մեկ: Երկրորդ՝ ես կարծում եմ, որ պառակտում սրանով հնարավոր չէ մտցնել: Չպետք է թողնենք նավակը գա, խարիսխը գցի մեր ափերում, հետո այդ նավակը ճոճենք: Այսօր ինձ մեկը դիմել էր Նավակ ճոճող անունով և ասում էր՝ մի՛ պառակտեք: Ես նրան ասացի, որ պետք է կանխել, որ այդ նավը գա հինգ տարով, նորից խարիսխ գցի, այսինքն՝ ամսի 8-ին պետք է գնալ կոնկրետ ծրագիր ներկայացնել համակարգին, ցույց տալ մեր անվստահությունը և այդ համակարգին՝ նույն Սերժ Սարգսյանին, հնարավորություն տալ արժանապատվորեն ժողովրդին հանձնել ղեկավարությունը: Ես չեմ ասում, որ Սերժ Սարգսյանը դուրս կգա և կասի՝ դե եկե՛ք, ժողովո՛ւրդ, մտե՛ք Բաղրամյան 26 և կառավարե՛ք:

Ես կարծում եմ, որ անհատափոխությունը այլևս փրկություն չէ մեր ազգի համար: Մենք ապացուցեցինք, որ մեկ մարդը, նստելով այդ աթոռին, փոխվում է: Մենք չենք կարող մեզ այդքան ճոխություն թույլ տալ՝ մեր կյանքը, ապագան վստահել մի մարդու: Այս երկիրը շատ փոքր է, սա մի քաղաք է, և այս քաղաքը պետք է հանձնվի մի խումբ մարդկանց ղեկավարմանը: Այդ դեպքում կվերանա նաև այն վտանգը, ինչը մեզ վախեցնում է, ասենք՝ Ղարաբաղը հանձնելը: Մի հոգի կարող է թղթով Ղարաբաղ հանձնել, ֆիզիկապես ոչ ոք դա չի կարող՝ ով ուզում է լինի: Բայց մի խումբ մարդիկ երբեք չեն գնա այդ քայլին:

— Նույն բանի մասին է խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ առաջարկում է անցնել խորհրդարանական հանրապետության:

— Ես պառակտում չեմ տեսնում, ամսի 8-ին եկե՛ք և մնացե՛ք մինչև ամսի 9-ը:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում