Ցունամի և պտտահողմ. 2013 vs 2008
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն այլ կերպ կարելի է բնորոշել պտտահողմ։ 2008թ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը նման էր ցունամիի։ Պտտահողմը բնաջնջում է մեթոդաբար, սակայն կարող է անվնաս թողնել իր բնաջնջման գոտում գտնվող բազում այլ կառույցներ։ Նրա տեսքը սարսափ է ներշնչում նույնիսկ հեռվից։
Պտտահողմի մեջ գտնվողը բառացիորեն կարող է հայտնվել երկնքում, բայց դա դեռ մահվան երաշխիք չէ, պտտահողմը երկինք է հանել 12-ամյա բուլղարացի աղջնակ Վանգային։ Դա կուրացրեց աղջկան, բայց դրանից հետո Վանգան դարձավ գուշակ և ապրեց ևս 73 տարի։ Ցունամին բնաջնջման համար «ընտրովի» օբյեկտներ չունի։ Պտտահողմի դեպքում զոհերը պարտադիր չեն, ցունամիի դեպքում, եթե այն ընդգրկում է բնակավայրեր, զոհերն անխուսափելի են։ Րաֆֆի Հովհաննիսյանը շարժումը ղեկավարում է արդեն 25 օր։ Այս ընթացքում իշխանությունը դեռևս մատը մատին չի խփել, այսինքն՝ տագնապի ահազանգի կարիք չկա։ Նշանակում է, պտտահողմը դեռևս «բնակավայրեր» չի հասել, կամ պտտահողմի հետագծում բնակավայրեր ընդգրկված չեն։ Պտտահողմն իր հետևից թողնում է ավերակներ, բայց աղետն ամբողջական չէ, ցունամիի հետևից մնում են միայն ավերակներ, այն ոչնչացնում է բոլոր «կամուրջները», նրա «հայտնությունից» հետո ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Պտտահողմից հետո զրոյից սկսելու կարիք չկա, թերևս միայն առանձին բնակելի շենքերի, այգիների կամ ավտոտնակների դեպքում։
2008թ. Լևոն Տեր Պետրոսյանը շարժումը ձևակերպեց իբրև ավազակապետության դեմ պայքար դրան բնորոշ ամբողջ բառապաշարով։ Դրանով նա որոշակիացրեց նաև ժողովրդի անելիքը։ Բոլորը գիտեին հանուն ինչի են գնում հրապարակ։ Մարդիկ գիտեին՝ էսօր-էգուց իրենք են այս երկրի տերը և դա առանց իրենց չի լինի։ Մարդիկ ոչ թե սպասում էին իշխանափոխությանը, այլև այն համարում էին փաստ։ Իշխանության ճամբարից համատարած փախուստներ էին արձանագրվում, դրանց դեմն առնելու համար իշխանությունը խոսում էր սպառնալիքների լեզվով, փետրվարի 19-ից 4 օր հետո սկսվեցին ձերբակալությունները Երևանում և Շիրակի մարզում։ Ազատության հրապարակում դաշտն էներգետիկ էր, ստորջրյա երկրաշարժը տեղի էր ունեցել, սպասվող ցունամիի դեմն առնել անհնար էր։ Եվ հենց նույն պատճառով էլ իշխանության միջոցառումները եղան կոշտ։
2013թ. շարժման մեջ ժողովրդի դերը զրոյացված է, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ է հրավիրում, և բոլորը կանխավ գիտեն, որ երկու-երեք ժամից ցրվելու են տներով։ Հարթակից ժողովրդին չի փոխանցվում էներգետիկ կես նախադասություն։ «Ավազակապետությունը» կամ «Սերժի՛կ, հեռացիր»-ը դարձել է «Հայաստան», իսկ Հայաստանը ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու հրապարակի ժողովուրդն է, այլև Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն։ Ժողովուրդը չգիտի, թե ի վերջո ո՞ր կարգախոսներն են առաջնորդող և որոնք՝ պարզապես հարթակային։
2008թ. հետընտրական հանրահավաքներից յուրաքանչյուրում Լևոն Տեր-Պետրոսյանին անձամբ մոտենում էին ոստիկանները և տեղեկացնում հանրահավաքների ապօրինի բնույթի մասին։ Ոչ ոք այդ տեղեկությունները բանի տեղ չէր դնում, որովհետև հրապարակում տեղի ունեցողն արդեն օրինականության և ապօրինության մարտահրավերներից դուրս էին։ 2013թ. Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզում է սեր և հանդուրժողականություն, ոստիկանությունը չգիտի էլ, թե ինչին միջամտի։ Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ է կապվում «զորավար» Վլադիմիր Գասպարյանին և տեղեկացնում, որ «ուզում է բարևել Իջևանի ժողովրդին»։ 2008թ. հարթակում հռետորներ էին, 2013թ. հարթակում՝ ռոմանտիկներ։ 2008թ. հարթակից սերը պայքարի թեմա չէր, 2013թ. հարթակում սերը թեմա է առանց պայքարի։ 2008թ. հարթակում գտնվողները 11 օրվա ընթացքում ամեն օր լիցքավորում էին հրապարակը հաշվետվություններով՝ ով է լքում իշխանական դաշտը, ինչ դիրքորոշում ունի «Երկրապահը», ինչ խմորումներ են տեղի ունենում Ազգային ժողովում։ Ոչ ոք չէր էլ մտածում կարևորել, ասենք, ՍԴ դիմելու հնարավորությունը։ 2008թ. էներգետիկան իր պիկին հասավ փետրվարի 26-ին և արդեն մեկ վայրկյան կասկած չկար, որ հեղափոխությունը հաղթել է։ Այլ հարց է, թե ինչով այն ավարտվեց։
2013թ. առանցքայինը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն է, ժողովուրդը կարեկցելուց բացի ուրիշ զգացումներ չունի, ժողովուրդը չի տեսնում, թե իր բացակայությամբ հատկապես ինչի՞ պետք է հասնի Րաֆֆի Հովհաննիսյանը։ 2008թ. կար մեկ պահանջ՝ անվավեր ճանաչել նախագահի ընտրությունները։ 2013թ. նախագահի ընտրություններում իրեն հաղթած համարող Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրությունների հաջորդ օրն ասպարեզ նետեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման։ 2008թ. հարթակը չէր պահանջում հանդիպում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, 2013թ. ընտրությունների հաջորդ օրը պարոն Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ և Բաղրամյան 26-ից դուրս եկավ ձեռնունայն։ Թվում էր, թե ժողովուրդը վերադառնալու է հրապարակ ու սկսելու է բուն շարժումը։
Սակայն՝ ոչ, հենց Բաղրամյան 26-ի դիմացի մայթից պարոն Հովհաննիսյանը ժողովրդին կոչ արեց ցրվել տներով՝ հաջորդ օրը հանդիպելու պայմանով։ 2008թ. ընդդիմության հանրահավաքներն ուղիղ եթեր չէին հեռարձակվում, ինչն այս կամ այն չափով նպաստում էր Ազատության հրապարակը միշտ թեժ պահելուն։ 2013թ. Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր հանրահավաքները, և նույնիսկ հացադուլի մեջ գտնվող մարդու համար հրապարակում վրան տեղադրելու համար ոստիկանության հետ բռնկված թեժ կռիվն ուղիղ եթեր հեռարձակվեց։
Բոլորն իրենց համակարգիչների առջև կարող էին հետևել դեպքերի զարգացմանը։ 2008թ. մարզերից եկած բոլոր միտինգավորներն օրերով մնում էին հրապարակում, իմանալով, որ վերադարձ նախկինին չի լինելու, 2013թ. ընդդիմության առաջնորդն անձամբ է գնում մարզեր, արձանագրում ժողովրդի հաղթանակը և վերադառնում միայնակ։ 2008-ն ավարտվեց մարտի 1-ով, թեպետ ընդդիմության առաջնորդն ասում էր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, 2013թ. միայնակ դիակ լինելու հայտ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ խոսքով, զոհեր չկան։
2008թ. և 2013թ. գլխավոր տարբերությունը ընդդիմության առաջնորդի և ժողովրդի տարբեր տեսանկյունների միջև է։ Ժողովուրդը գիտի՝ ուզում է, որ Սերժ Սարգսյանը հեռանա, սակայն նա վստահ չէ՝ նո՞ւյնն է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, և եթե ուզում է՝ ինչո՞ւ առանց ժողովրդի։ Չէ՞ որ իշխանության համար ավելի դժվար է ընկրկել ժողովրդի առաջ, քան՝ մեկ հոգու։ 2008թ. Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ անփոխարինելի լինեին, նրանք ոչ մեկն էին առանց ժողովրդի։
Մհեր Արշակյան










