Ընթացիկ հունվար-փետրվարին Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելացել է Դ2,1 մլրդ-ով՝ կազմելով Դ1,765 տրլն։ Դոլարային արտահայտությամբ այն նվազել է $53 մլն-ով կամ 1,2%-ով։
Համաձայն ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական հաշվետվության՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին դոլարային արտահայտությամբ պետական պարտքի կրճատումը պայմանավորված է նրանով, որ արտաքին պարտքի կրճատման պայմաններում ավելացել է ներքին պարտքը (2,3%-ով կամ Դ6 մլրդ-ով)։ Մյուս կողմից՝ եթե դեկտեմբերին արտաքին պարտքի հաշվարկման հիմքում դրվել է Դ403,58/$1 փոխարժեքը, ապա փետրվարի վերջին օգտագործվել է Դ409,02/$1-ը։
Այս տարվա երկու ամիսներին միջազգային արժույթների դինամիկան դոլարի նկատմամբ, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկմանն ավելի շատ միջոցներ ուղղելը նպաստել է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը կրճատվի 1,6%-ով և փետրվարի վերջին կազմի $3,679 մլրդ։ Հաշվետու ժամանակահատվածում արտաքին պարտքի ծավալը կրճատվել է $59,1 մլն-ով, այն դեպքում, երբ կառավարությունը և Կենտրոնական բանկը ներգրավել են $9,8 մլն-ի նոր պարտք, իսկ պարտքի սպասարկմանն ուղղել են $18,1 մլն ($12 մլն՝ մայր գումարի մարմանը, $6,1 մլն՝ տոկոսավճարներին)։
Հունվար-փետրվարին արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված միջոցների 52,5%-ը բաժին է ընկել ԿԲ-ին։ Բայց եթե ԿԲ-ի դեպքում արտաքին պարտքի սպասարկման ծավալում 76,8%-ը կազմել է մայր գումարը, ապա կառավարության՝ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված $8,7 մլն-ը գրեթե հավասարաչափ բաշխվել տոկոսավճարների և մայր գումարի միջև։
Համաձայն ֆիննախի հաշվետվության՝ հաշվետու ժամանակահատվածում ստորագրվել են ընդհանուր առմամբ $65 մլն-ի վարկային պայմանագրեր. միջոցները չեն ներգրավվել պետական պարտքում։
Եթե հունվար-փետրվարին Հայաստանը շահել է համաշխարհային հիմնական արժույթների վարքագծից, ապա տարվա կտրվածքով վերջին այս հանգամանքը, ինչպես նաև ազգային արժույթի արժեզրկումը, կարող են թանկացնել պետպարտքի սպասարկումը։ 2013թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն-ը՝ հիմնական գումարի մարման գծով։
Արտաքին պարտքի մայր գումարի մարմանը ուղղվող միջոցների գերակշիռ մասը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2009թ. SDR-ով հատկացված միջոցներինն է։ Բացի այդ՝ այս տարի սկսվելու է 2009թ. լողացող տոկոսադրույքով (LIBOR+3) ներգրավված $500 մլն ռուսական վարկի մայր գումարի մարումը (նախատեսվում է ուղղել մոտ $44 մլն). այս վարկի տոկոսավճարներին պետք է ուղղվի $22,3 մլն։

Civilnet










