Գլխավոր Լրահոս

Կառավարությունը վերհիշել է բանկերի ու անշարժ գույքը գնահատողների մասին

Կառավարությունը վերհիշել է բանկերի ու անշարժ գույքը գնահատողների մասին

Հինգշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահին առաջարկել է ուսումնասիրել մրցակցային վիճակը բանկերի հետ համագործակցող անշարժ գույքը գնահատողների սեգմենտում։ ՏՄՊՊՀ-ն դեռ 2008թ. էր ոլորտում ստուգումներ իրականացրել ու վեր հանել «հորիզոնական պայմանավորվածությունների» դեպքեր, անգամ բանկեր էին նախազգուշացվել։

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ Համաշխարհային բանկից ստացած առաջարկություններում մի դրվագ կա՝ առնչվող անշարժ գույքի գնահատմանը։ «Խոսքը վերաբերում է այն բանին, որ միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, և խնդիրն այն է, որ, ասենք, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են, և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը»,– ասաց վարչապետը՝ հավելելով, թե շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։

«Հիմա մեր առջև խնդիր է դրված, որ հասկանանք՝ ինչ է կատարվում այս բնագավառում, և ինչպես այս խնդիրը լուծենք։ Մի կողմից՝ երևի առևտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն՝ եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ Բայց, մյուս կողմից, տնտեսավարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում, որովհետև նաև մենք շուկայում հստակ պատկերացում չենք ունենում, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։ Հիմա այս խնդիրն արձանագրվել է, և պետք է կարողանանք լուծում գտնել»,– նշեց վարչապետը։

Վարչապետի անդրադարձը բանկերի հետ համագործակցող անշարժ գույքը գնահատողների գործունեությանը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ 2008թ. ՏՄՊՊՀ-ն բանկային համակարգում մրցակցային կանոնների խախտման առնչությամբ վարույթ էր հարուցել Կենտրոնական բանկի նախագահի գրության հիման վրա։ Նշվում էր, որ բանկերի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման ընթացքում որպես նախապայման հաճախորդներին առաջարկվել է օգտվել կոնկրետ կազմակերպությունների կողմից մատուցվող օժանդակ (ապահովագրություն, գնահատում և այլն) ծառայություններից։

Այդ ժամանակ հանձնաժողովը նախազգուշացրեց հակամրցակցային համաձայնություններ կնքած բանկերին և հանձնարարեց շտկել ու հետագայում բացառել նմանօրինակ խախտումները։ Բացի այդ՝ ԿԲ-ին առաջարկվեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել կանոնակարգելու բանկերի, ապահովագրական ընկերությունների և գնահատողների իրավահարաբերությունները՝ նախատեսելով դրույթներ մատուցվող ծառայություններից համահավասար պայմաններով օգտվելու հնարավորության վերաբերյալ։

Արձագանքելով որոշմանը՝ Բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ բանկային արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից ելնելով՝ յուրաքանչյուր առևտրային բանկ ունի իր կողմից սահմանված և իր համար ընդունելի սկզբունքներ և ինքնուրույն է ընտրում իր ֆինանսական ռիսկերի կառավարման մեթոդներն ու եղանակները, որոնց հիման վրա էլ կատարում է մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը։

Հինգ տարի անց նույն խնդրի բարձրաձայնումը խոսում է այն մասին, որ ԿԲ-ին ըստ էության չի հաջողվել լիովին կանոնակարգել բանկերի և գնահատողների իրավահարաբերությունները։

Խնդիրը գործակալությունների տիրույթում է։ Եթե նախկինում անշարժ գույքի գնահատում իրականացնելու համար կազմակերպությունը պետք է լիցենզավորվեր և ունենար առնվազն մեկ որակավորում ստացած մասնագետ, ապա 2012թ. վերացվեց լիցենզավորման կարգը, և գործունեության իրականացնելու համար այժմ անհրաժեշտ միակ պահանջը որակավորում անցած առնվազն մեկ մասնագետ ունենալն է։ Հասկանալի է, որ այս պայմաններում բազմաթիվ գործակալությունների հետ պայմանագրեր կնքելու պահանջը լուրջ ռիսկեր է ստեղծում բանկի համար։ Պարզ ասած՝ «համապատասխան գումարի» դիմաց գործակալությունը կարող է գերագնահատել գույքը՝ հետագայում խնդիրներ ստեղծելով բանկերի համար։

Մարտի 7-ի դրությամբ Հայաստանում առկա 93 գնահատող գործակալությունների 70%-ն ունի ընդամենը մեկ գնահատող։ Ընդ որում՝ դրանց մեծ մասում գնահատողը նաև տնօրեն է։ Նման պայմաններում կառավարությունը բանկերին պայմանագրեր է պարտադրում «մարդ-կազմակերպությունների» հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում