Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ն աշխատանքից կազատի բիզնեսով զբաղվող իր պաշտոնյաներին. հայտարարություն

ՊԵԿ-ն աշխատանքից կազատի բիզնեսով զբաղվող իր պաշտոնյաներին. հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է օմբուդսմենի 2012թ. տարեկան զեկույցի` ՊԵԿ-ի ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածին: Կոմիտեի հայտարարությունը ներկայացված է ստորև:

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2012թ. զեկույցն էր հրապարակել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ, որտեղ, ըստ օմբուդսմենի, բարեփոխումներից բացի նաև մի շարք թերացումներ էին մատնանշվել: Որ համակարգում դեռևս կարգավորման ու շտկման ենթակա բազմաթիվ խնդիրներ կան, գիտակցում են նաև կոմիտեում, ավելին` դրանց վերացմանն են նպատակաուղղված բարեփոխումների հերթական փուլով մեկնարկող համալիր միջոցառումները, որոնց մասին կոմիտեն սկսել է հանրությանն ու բիզնեսին իրազեկելու գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն բազմաթիվ առիթներ է ունեցել հայտարարելու, որ իր աշխատանքում բաց է ցանկացած քննադատության ու առաջարկի համար, որոնք կարվեն ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակության կողմից, միայն մեկ պայմանով, որպեսզի դրանք լինեն փաստարկված ու կառուցողական և միտված լինեն առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելուն և ինքնանպատակ բնույթ չկրեն: Կոմիտեն պատրաստակամ կլիներ շտկումներ իրականացնել նաև օմբուդսմենի ներկայացրած թերացումների ուղղությամբ, պարզապես ցավով է արձանագրում, որ դրանք մեծիմասամբ հեռու են փաստարկված, իրատեսական լինելուց և որոշ դեպքերում անգամ հասցեական չեն, հետևաբար, հասարակության շրջանում հնարավոր թյուրըմբռնումից զերծ մնալու և զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները բավարարելու նկատառումով անհրաժեշտ է համարում արձագանքել Զեկույցին` ներկայացնելով հետևյալ պարզաբանումները:

Եվ այսպես, պաշտոնատար անձանց` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին. առավել նպատակահարմար կլիներ, մերկապարանոց հայտարարություններից զերծ մնալու համար, հարկային և մաքսային ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կոնկրետ փաստեր ներկայացնել, ՊԵԿ-ն էլ, իր հերթին, նման ծառայողին կենթարկեր կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև պաշտոնից ազատման: Ինչպես հայտնի է, «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների` համապատասխանաբար 13-րդ և 25-րդ հոդվածների համաձայն, հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Կոմիտեն բազմիցս հայտարարել և ներկայում ևս փաստում է հովանավորչության բոլոր տեսակի դեպքերով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց, ապա որևէ օրենքով, այդ թվում և երկրի հիմնական օրենքով սահմանափակումներ չկան ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ գործադիր իշխանության մյուս մարմինների պաշտոնատար անձանց համար:

Ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ թերի միջոցառումների մասին. ստվերային տնտեսության նվազեցման խնդիրը միայն ՊԵԿ-ի «մենաշնորհը» չէ. հասարակության բոլոր կողմերի հետևողական ջանքերի հանրագումարը միայն կարող է նկատելի արդյունք տալ: Անցած տարի կոմիտեն այդ ուղղությամբ նկատելի առաջընթաց է արձանագրել, դրա արդյունքն է նաև 2012թ. բյուջետային մուտքերի, այդ թվում` լրացուցիչ 101մլրդ դրամի ապահովումը, որի համար, տնտեսական աճի գործոնից բացի, էական դեր է խաղացել հարկային և մաքսային վարչարարությունը: 2012թ. խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել  289.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2011-ի ցուցանիշը գերազանցում է 18.7%-ով: Ցուցանիշներն, ի դեպ, բազմիցս հրապարակվել են և տեղադրված են նաև կոմիտեի պաշտոնական կայքերում:

Զեկույցում անհասկանալի ձևակերպումներով քննադատություն կա հարկային մարմնի աշխատակիցների կողմից հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը վերցնելու մասին. ՄԻՊ-ը ենթադրաբար «իրեր» ասելով նկատի ունի փաստաթղթեր և այլ առարկաներ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր և այլ առարկաներ «վերցնելն» իրականացվել է դատարանի կողմից տրված համապատասխան որոշման հիման վրա կամ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Չափազանց մեծ քանակի հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումների մասին. ՊԵԿ-ը, հանդիսանալով պետական բյուջե վճարման ենթակա գումարների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող և պատասխանատու մարմին, պարտավոր է  օրենքով իր վրա դրված լիազորությունները կատարել, այդ թվում` արգելադրման լիազորությունը: Հանրապետությունում հաշվառված 240 հազար հարկ վճարողներից 80 հազարը գործող են, որոնց ընդամենը 7%-ի նկատմամբ 2012թ. որոշումներ են կայացվել գույքի և դրամական միջոցների արգելադրման վերաբերյալ: Այս որոշումները վերաբերել են բացառապես այն հարկ վճարողներին, որոնց հետ սպառվել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուն ուղղված բացատրական և իրազեկման աշխատանքները: Այս նորմն, ի դեպ, գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում ողջամիտ ժամկետների նախատեսման խախտումների մասին. իհարկե, ցանկալի և ճիշտ կլիներ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխությունների կիրառման ողջամիտ ժամկետներ նախատեսելն ինչպես հարկային, այնպես էլ տնտեսական և բոլոր իրավական հարաբերությունները կարգավորող այլ օրենքներում: Չնայած երբեմն հրատապության, խնդիրն արագ լուծելու թելադրանքով լինում են նաև բացառություններ:

Հանրային քննարկումների մասին. շահագրգիռ կողմերին օրենսդրական նախագծերին իրազեկ դարձնելու քննադատությունը տեղին չէ, քանի որ այն այլ հասցեատեր ունի, չնայած դրան` հասարակական կազմակերպությունների ու տնտեսվարող սուբյեկտների հետ կոմիտեն պարբերական հանդիպումներ է նախաձեռնում` նրանց տեսակետներն ու առաջարկները լսելու և հաշվի առնելու նպատակադրությամբ: 2012թ. ՊԵԿ-ի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տեղադրվել են կոմիտեի պաշտոնական կայքում, դրանց վերաբերյալ հարկ վճարողներից ստացվել են շուրջ 10 հազար տարբեր բնույթի առաջարկություններ և հարցեր, որոնք քննարկելուց հետո միայն ՊԵԿ-ի կողմից այդ նախագծերը, հետագա ընթացքն ապահովելու համար, տրամադրվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը: Իսկ հարկային և մաքսային ծառայողների կողմից էթիկայի և վարքագծի կանոնների խախտման դեպքերը, խախտումների վերաբերյալ նյութերը քննության են առնվում ծառայողական հանձնաժողովի կողմից և դրանց վերաբերյալ ընդունվում են համապատասխան որոշումներ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում