Տաքսիների գործունեության ոլորտի կարգավորումը դժգոհության ալիք է բարձրացրել տաքսու վարորդների շրջանում։ «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը» «Կարգավորիչ գիլյոտինի» շրջանակում մշակել և շրջանառության մեջ է դրել օրենսդրական ակտերի նախագծեր, որոնց նպատակը տաքսիներով ուղևորափոխադրումների և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է: Փոփոխություններով առաջարկվում է ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները փոխարինել ինքնակպչուն կտրոններով, վերացնել բուժզննման և տեխզննման գործառույթները։ Նախատեսվում է նաև տաքսիների հաշվիչների սակագների տարբերակված կիրառում, ինչպես նաև վարորդների չնորմավորված աշխատաժամանակի և վարձատրության նորմավորում։
Տաքսու վարորդները մինչ այս դժգոհում էին, որ դեղին պետհամարանիշերի փոխարինումը սպիտակով ենթադրելու է հավելյալ ծախսեր։ Սակայն երբ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ դեղին համարանիշերի հատկացման ժամանակ ի պահ հանձնված տվյալ ավտոմոբիլների սպիտակ հիմնագույնի համարանիշերը վերադարձվելու են անվճար, խնդիրը դուրս եկավ օրակարգից։ Ընդ որում՝ դեղին համարանիշերի վերացումը նույնիսկ ծախսերի կրճատում է ենթադրում. ներկայում մեկ ավտոմեքենայի համար վճարվում է Դ17 հազ. (Դ12 հազ.՝ համարանիշերի հատկացման պետական տուրք և Դ5 հազ.՝ հաշվառման գործողության համար վճար)։
Ինչ վերաբերում է վարորդների օրական բուժզննման և տեխզննման վերացմանը. թեև այն ներկայում պարտադիր պահանջ է, գրեթե ոչ մի տաքսի ծառայություն այդ պահանջը չի պահպանում, ինչի մասին վկայում է տաքսիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը։
Չի բացառվում, որ բողոքի ալիքը արհեստական է և ուղղորդված։ Խնդիրն այն է, որ օրենսդրական փոփոխություններն ուղղված են լիցենզավորման կարգն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելուն, ինչը նշանակում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում։ Ընդ որում, փոփոխությունները չեն բխում տաքսի ծառայությունների շահերից, քանի որ ենթադրում են վարորդների աշխատաժամանակի և վարձատրության կարգավորում, ինչը նշանակում է ստվերային եկամուտների կրճատում։
Տրանսպորտի և կապի նախարարության անցած տարվա տվյալներով՝ տաքսու վարորդների թիվը (տաքսի ծառայության և անհատ տաքսու վարորդներ) կազմել է 8182, որից անհատ տաքսիստներինը՝ 2504։ Կազմակերպությունները ծառայություններ մատուցել են 6578 ավտոմեքենայով, իսկ աշխատակիցների թիվը եղել է 5678։ Ստացվում է, որ կազմակերպություններում անցած տարի կա՛մ 900 ավտոմեքենա չի շահագործվել, կա՛մ նույնքան վարորդը ընդհանրապես ձևակերպված չի եղել։ Քիչ հավանական է, որ նման քանակությամբ մեքենա մատնված լիներ պարապուրդի, քանի որի տաքսի ծառայությունը մեկ մեքենայի հաշվով ամսական վճարում է արտոնագրային վճար՝ Դ9,5-Դ1,4 հազ., կախված գործունեության բնակավայրից։
Մոտավոր հաշվարկներով՝ տաքսի ծառայություններում միայն «ստվերային» աշխատավարձի ու «ստվերային» աշխատողների մասով պետբյուջե տարեկան կտրվածքով չի մտնում շուրջ Դ1,5 մլրդ։
Civilnet











