Գլխավոր Լրահոս

Մաքսային միությունն ու ԵՄ ազատ առևտրի գոտին չեն կարող համատեղվել

Մաքսային միությունն ու ԵՄ ազատ առևտրի գոտին չեն կարող համատեղվել

Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունն անհնար է համատեղել Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ, քանի որ դրանք իրավաբանորեն հակասում են միմյանց: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: 

«Եվրամիությունը չի կարող Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, և դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջև ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլև Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ ԵՄ առաջարկած ազատ առետրի գոտուն»,- ասել է Բրոկը:

Հիշեցնենք, որ այս համաձայնագրի ստորագրման դեպքում Բրյուսելը խոստանում է հայաստանցի  գործարարների ու Հայաստանում արտադրված ապրանքների առջև բացել իր հսկայական՝ շուրջ կես միլիոն սպառողներ ունեցող շուկան: Սա, ըստ փորձագետների, էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության ու ներդրումների աճի վրա, սակայն դրան հասնելու համար Հայաստանի իշխանությունները դեռևս պետք է կատարեն Բրյուսելի պահանջները՝ բարեփոխեն սեփական օրենսդրությունը, ազատեն շուկան մենաշնորհներից, հավասար պայմաններ ապահովեն բոլոր գործարարների համար և երաշխավորեն ապրանքների որակը: Ընդ որում, տնտեսագետները փաստում են, որ այս պահանջները  բխում են ոչ միայն այս տարածաշրջանում վստահելի գործընկեր փնտրող ԵՄ-ի, այլև գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ ունեցող Հայաստանի շահերից:

Մյուս կողմից, արդեն երկրորդ տարին է՝ Կրեմլ վերադարձած Վլադիմիր Պուտինը փորձում է առաջ տանել այս համաձայնագրի «հակակշիռը»՝ ԱՊՀ-ի տարածքում ստեղծված Մաքսային միությունը։ Այս դաշինքին միանալու համար պայմաններ չեն առաջադրվում, բարեփոխումներ չեն պահանջվում, մյուս կողմից, սակայն, ըստ վերլուծաբանների, առայժմ անորոշ են նաև հնարավոր օգուտներն ու առավելությունները։

Հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը, այդուամենայնիվ, որոշի անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը պատասխանել է. «Այդ դեպքում ԵՄ հարաբերությունները այդ երկրների հետ կլինեն այնպիսին, ինչպիսին որ Ռուսաստանի հետ են»:

Նշենք, որ չնայած ԵՄ-ն Ռուսաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, Ռուսաստանը՝ Եվրամիության էներգետիկ կարևոր մատակարարներից մեկը, այդուամենայնիվ, եվրոպական ընտանիքի մի շարք անդամների հետ Կրեմլի հարաբերությունները խիստ լարված են, և չնայած Կրեմլի հորդորներին՝ մինչ օրս Բրյուսելը չի համաձայնում մուտքի առավել պարզեցված պայմաններ ապահովել ռուսաստանցիների համար:

Azatutyun.am

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում