Գլխավոր Լրահոս

Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունն իրականություն է դառնում

Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունն  իրականություն է դառնում

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունը», (ԱՖԱԿ) որն ապահովագրելու է արտահանման գործարքները, կստեղծվի մինչև տարվա վերջ։ Ապահովագրական շուկայի մասնակիցները նշում են, որ պետության կողմից նման կազմակերպություններ ստեղծվում են այն ռիսկերն ապահովագրելու համար, որոնք ենթակա չեն ապահովագրման մասնավոր հատվածի կողմից։

Փետրվարի 21-ին կառավարությունը հավանություն է տվել «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Մարտի 18-ին «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխությունները քննարկել է Ազգային ժողովը։

Կառավարության շտապողականությունն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ ընկերության գործունեությունը մասնավոր հատվածում ավելի շատ հարցերի տեղիք է տալիս, քան պատասխաններ ստանում։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է արտահանման վարկերի ապահովագրումը։ Կազմակերպության առաջնային նպատակներից է լինելու նաև արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերից ապահովագրումը, բանկերի համար ապահովման նոր միջոցների ստեղծումը, արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցումը և բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթի ընդլայնումը։ Նախարարության պատասխանները, սակայն, չեն բավարարել մասնավոր սեկտորին։

Սիվիլնեթի հետ զրույցում «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» միության գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը վերջերս ասում էր, որ պետության կողմից նման կազմակերպություններ որպես կանոն ստեղծվում են այն ռիսկերը ապահովագրելու համար, որոնք ենթակա չեն ապահովագրման մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից, ներառյալ գումարային խոշոր ռիսկերը, որոնց ապահովագրման համար անհրաժեշտ է ունենալ բավական մեծ կապիտալ: «Պետական ընկերությունները ապահովագրում են հիմնականում քաղաքական ռիսկերից։ Օրինակ՝ կոնտրագենտի երկրում օրենսդրության փոփոխություն, որը հանգեցնում է արտահանվող ապրանքի բռնագանձման կամ վճարման անհնարինության, կոնտրագենտի գործունեության դադարեցման կամ փոխարժեքի կտրուկ տատանման և այլն»,– նշել էր Օհանջանյանը։

Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների հրատապ քննարկումը ԱԺ-ում ուշագրավ է մեկ այլ տեսակետից ևս։
Փետրվարի 14-ին գործադիրն ընդունել էր մեկ այլ որոշում, ըստ որի՝ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների նպատակով ստեղծվելու էր մինչև 15 անդամ ունեցող աշխատանքային խումբ՝ Դ500 հազ. միջին աշխատավարձով։ Այդ խմբի անդամները պետք է վարձատրվեն հինգ ամիս, վարձատրության համար կառավարության պահուստային ֆոնդից պետք է ուղղվի Դ37,5 մլն։

Ստացվում է, որ աշխատանքային խումբ ստեղծելու մասին կառավարության որոշումից ընդամենը մեկ շաբաթ անց էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել օրենսդրական փոփոխության որոշման նախագիծը։ Օրենքում փոփոխություններ կատարելը «աշխատատար չէ», և նման պայմաններում անհասկանալի է, թե որքանով է տնտեսապես հիմնավորված 15 անդամից և Դ500 հազ. միջին աշխատավարձով աշխատանքային խմբի գոյության անհրաժեշտությունը։

Աշխատանքային խմբի պահպանման ծախսերը միակը չեն, որ կապված են «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» հետ։ Պետական այս ընկերության կանոնադրական կապիտալին համարժեք գումարը ապահովվելու է պետական բյուջեի հաշվին։ Հայաստանում ապահովագրական ընկերությունների համար կանոնադիր կապիտալի նվազագույն չափ Կենտրոնական բանկի կողմից սահմանված է Դ1 մլրդ-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում