Ես Սերժ Սարգսյանի ուղարկած փաստաթղթի վրա խաչ չեմ քաշել, այլ «իքս» եմ դրել ամսաթվի շուրջ և շրջան գծել հասցեի հատվածում. Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ իր ուղարկած առաջարկի վրա Հովհաննիսյանը խաչ է քաշել:
«Ժառանգության» ղեկավարը նշեց, որ փակ ծրարը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին փոխանցվել է մարտի 16-ին, մինչդեռ փաստաթուղթը թվագրված է եղել մարտի 5-ին և ծրարի նշված է եղել Ազգային ժողովի հասցեն: Հովհաննիսյանը նշեց, որ ուրբաթ օրը՝ մարտի 22-ին` ժամը 18:00-ին, ինքը հրապարակավ կընթերցի այդ փաստաթուղթը և հետ կուղարկի Սերժ Սարգսյանին:
Միաժամանակ` Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Սարգսյանին իրենց հեռակա զրույցի մասին հրապարակավ հայտարարելու համար, թեև նախնական պայմանավորվածություն է եղել` չհրապարակել այդ մասին:
Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ այն առաջարկիներին, որոնք ինքը ներկայացրել էր Սերժ Սարգսյանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար և որոնք մերժվել էին վերջինիս կողմից:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այս պահի դրությամբ օրակարգում սեղանին ոչինչ չկա, և իր առաջարկները սպառվել են: Այդուհանդերձ, նա հավելեց, թե այսքանից հետո պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, միայն թե հրապարակավ:
Civilnet











